Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կառավարական ամառանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության ֆեյսբուքի էջը:
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, ամենևին փաստ չէ, որ հանդիպման պատճառը հենց դա է: Պարզապես հետաքրքիր է հանդիպման փաստը հենց այդ ֆոնին, հատկապես այն հանգամանքը, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախյան խնդրին առնչվող հարցեր:
Մյուս կողմից՝ դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ այլ հարցեր չեն քննարկվել: Այլ հարցերի մասին գուցե չի էլ բարձրաձայնվում, ինչը կարող է վկայել, որ հանդիպման ամենից կարևոր խոսակցությունը եղել է հենց այդ մասին, և փորձ է արվում հենց այդ մասը զերծ պահել հանրային ավելորդ ուշադրությունից: Ի վերջո, բացի Բրյուսել այցից ու Եվրամիության մասով հայտարարությունից՝ հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրության հետ կապված զարգացումների ֆոնին և, իհարկե, Մարտի 1-ի շուրջ նոր իրողությունների:
Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, վկայում է, որ առաջին նախագահն ունի Նիկոլ Փաշինյանին ուղղված որևէ առաջարկ կամ կարևոր ուղերձ, որը հարկ է համարել փոխանցել անձամբ, առանց հոդվածի կամ հարցազրույցի, ինչը Տեր-Պետրոսյանը փորձեց երկու անգամ անել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: Այս իմաստով իհարկե հարց է ծագում, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանն արդեն անմիջական հանդիպման նախաձեռնություն է հանդես բերել այն պատճառով, որ անուղղակի կամ, այսպես ասած, հոդվածի, հարցազրույցի տեսքով մեսիջները արձագանք չեն առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ:
Ինչ մեսիջ է արդեն ուղղակի հանդիպմանը տարել Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինչպիսին է եղել Նիկոլ Փաշինյանի արձագանքը այս մասով: Արդյո՞ք դրանք առնչվել են ներքին հարցերին, թե՞ արտաքին քաղաքականությանը և Արցախին: Այդ առումով Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են, և դրանք, այսպես ասած, արդիական չէին նույնիսկ հին Հայաստանի պայմաններում և անկասկած առավել ևս արդիական լինել չեն կարող այժմ՝ նոր Հայաստանի իրողություններում:
Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա այստեղ թերևս պետք չէ բացառել, որ Մարտի 1-ի հարցից բացի՝ Տեր-Պետրոսյանն անշուշտ կարող է հետաքրքրված լինել առաջիկա խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացում իր առաջնորդած կուսակցության ճակատագրով:
0 Մեկնաբանություն