Քաղաքականություն

«Ինչո՞ւ այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խնդիրները քաղաքակա՞ն էին, տեխնիկակա՞ն էին, սկզբունքայի՞ն էին». Անի Սամսոնյան

ԱԺ արտահերթ նիստում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է քննարկվում: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով նախագիծը, հիշեցրեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի ստեղծվել ու գույքի, եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրներ են առաջացել. օրենքով նշված է, որ պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրեր, բայց միեւնույն ժամանակ չկա դեռ այն մարմինը, որտեղ պետք է ներկայացնեն: Փաստացի ունենք իրավիճակ, որը բավականաչափ վտանգավոր է գույքի եւ եկամուտների հայտարարագրման գործընթացի անընդհատությունն ապահովելու տեսանկյունից: Մենք հնարավորություն չենք ունենա խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատվություն կիրառել»: Կառավարությունն առաջարկում է փոխել օրենքը ու այն դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին հունվարի 1-ից, հետաձգեն: Առաջարկվում է հայտարարագրման նոր մեխանիզմները 2020-ի հունվարի 1-ից ներդնել: Հայտարարագրման վերջին ժամկետը մինչեւ մարտի վերջն էր սահմանված, դա կերկարաձգեն մինչեւ մայիսի 31-ը: ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք համարել, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի սկզբունքային հարցը լուծվում է, որովհետեւ նախկինում այդ հանձնաժողովը անլուրջ տպավորություն էր թողնում. «Վարչապետ, փոխվարչապետ, էս նախարար, էն նախարար, մարդիկ էին, որոնց դեմ պետք էր հակակոռուպցիոն պայքար մղել, բայց էդ հանձնաժողովը իրենք էին ղեկավարում: Հիմա հասե՞լ եք այն նպատակակետին, որ հասկանալի լինի՝ այդ հանձնաժողովը պիտի կազմված լինի միայն հանրային հարգանք վայելող գործիչներից»: Քրմոյանը խոստովանեց, որ նախկինում այդ հանձնաժողովը միջազգային չափանիշներին չի համապատասխանել՝ չուներ որակավորված անձնակազմ, անկախության երաշխիքներ, բյուջետային հատկացումներ եւ այլն, նաեւ հանձնաժողովի անդամների նշանակման մեխանիզմները համապատասխան չէին: Հիմա ԱԺ-ի կողմից են ընտրվելու հանձնաժողովի անդամները եւ չափանիշներ են սահմանված, մրցութային կարգ կա. «Հուսով եմ, որ ԱԺ-ի ֆիլտրն անցնելուց հետո ձեր նշած չափանիշներին համապատասխանող անձինք կընդգրկվեն հանձնաժողովում»: «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը հարցրեց՝ ինչո՞ւ այդպես էլ չստեղծվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նախատեսված էր օրենքով՝ խնդիրները քաղաքակա՞ն էին, տեխնիկակա՞ն էին, սկզբունքայի՞ն էին, թե՞ ինչ մոտեցման հարց էր: Քրմոյանը պատասխանեց. «Իրականում հարցը կառավարությանը չի, իրականում այդ մարմինը պետք է ստեղծվեր ու անդամները պետք է ընտրվեին ԱԺ-ի կողմից: Բավականաչափ բարդ ընթացակարգ է սահմանված, միակ ինքնավար մարմինն է, որի ընտրությունը լինելու է հատուկ ընթացակարգով: Գործնականում կային խնդիրներ եւ քաղհասարակության կողմից բարձրացված, նաեւ նախորդ տարի կառավարման համակարգի փոփոխությունները…: Հույս ունեմ, որ այս տարի կքննարկվի եւ կընդունվի այդ մարմինը, այս տարի այդ հանձնաժողովը պետք է արդեն գործի»: 

Նյութը՝ «Առավոտ»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *