«Օտարերկրյա ներդրողների համար որպես ինդիկատոր, որպես կարևոր ցուցանիշ՝ հանդիսանում է տեղական ներդրողների վիճակը, սակայն բանն այն է, որ Հայաստանում փաստաթղթավորման և բիզնեսի համար մի շարք այլ կարևոր հանգամանքների տեսանկյունից՝ դեռևս բավականին անելիքներ կան, և այստեղ պետք է հաշվի առնենք այն, որ եթե տեղական ներդրողներն արդեն վարժվել են այդ դժվարություններին ու բյուրոկրատական քաշքշուկներին, ապա օտարերկրյա ներդրողի համար դա մի մեծ խոչընդոտ է, բյուրոկրատական այդպիսի տարբերությունների նրանք սովոր չեն, ուստի այդպիսի հիսաթափություններից պետք է փորձենք նրանց զերծ պահել՝ բարեփոխելով այս ամենը։ Այնպես որ կարծում եմ միանշանակ չէ այն, որ եթե տեղական ներդրումները խթանվում են, ուրեմն օտարերկրյա ներդրումները անպայման պետք է հետևից վազելով գան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր․ «Ներդրումային միջավայրի բարելավմանն առաջինն արձագանքում են տեղական ներդրողները, որը նաև ազդակ է օտարերկրյա ներդրողների համար: Եվ այսպես, տեղական ներդրողների կողմից վերջին երեք ամիսների ընթացքում կառավարություն է ներկայացվել ներդրումային ծրագրերի գծով 13,9 մլրդ փաստացի ծրագիր, որոնց գծով ստացել են արտոնություններ: Սրանք ներառում են միայն սարքավորումների և հումքի գծով ներդրումների ծավալները, որոնք փաստացի կատարվում են և ոչ թե դեռ քննարկումների ու խոստումների մակարդակում են:
Արդյունքում ներդրումային ծրագրերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար ավելացել է ավելի քան 2 անգամ»։
Այս համատեքստում Գագիկ Մակարյանը հավելեց նաև, որ օտարերկրյա ներդրողները դեռևս սպասում են, որպեսզի Հայաստանում տնտեսական տեսանկյունից լինի ավելի կայուն և կանխատեսելի վիճակ, ինչպես նաև վստահ լինեն, որ այստեղ ներդրումներ անելով՝ հետագայում նրանք կկարողանան իրենց ծախսերը վերականգնել ու շահույթ ստանալ։
«Այն ցուցանիշները, որոնք վկայաբերել է վարչապետի խորհրդականը՝ 13,9 միլիարդը՝ դա մոտավորապես 30 միլիոն դոլար է կազմում, և այն առանձին ծրագրերը, որոնց մասին մենք լսել ենք, և որոնց կառավարությունը նաև ավելացված արժեքի վճարման հետաձգման թույլտվություններ կամ այլ արտոնություններ է տվել, դրանք հիմնականում 2-3 կամ որոշ դեպքերում 5-6 միլիոնանոց ծրագրեր են, այսինքն՝ դրանք միջինից ցածր ներդրումներ են, և դրանցից յուրաքանչյուրում ընդամենը 10-20 աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը։ Այսինքն, ստացվում է, որ 30 միլիոն դոլարանոց ներդրումների այս ամբողջ փաթեթը կարող է ընդհանուր առմամբ 500-ից 700 աշխատատեղ ստեղծել, բայց սա հայաստանյան իրականության համար շատ փոքր թիվ է, դա կարծես ծովի մեջ մի կաթիլ լինի․ մենք պետք է խոսենք տասնյակ հազարավոր աշխատատեղերի մասին, որովհետև Հայաստանի բնակչության աղքատության և գործազրկության ցուցանիշներն էական փոփոխություն չեն կրել, և բավականին ռիսկային իրավիճակներ դեռևս ունենք»,-ընդգծել է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն