«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
–Պարոն Մարուքյան, ես հետևում էի ԱԺ նիստին. իսկապե՞ս այս աղմուկ հանած օրինագծի մասին մինչև օրակարգ մտնելը չեք իմացել:
-Հետաքրքիր իրավիճակ էր: Երկուշաբթի օրը պետաիրավական հանձնաժողովի պլենար նիստն էր, միայն մեկ հարց կար օրակարգում, որը նախաձեռնել էր Արփինե Հովհաննիսյանը: «Ծառուկյան»դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկեց, որ նաև այս փոփոխությունը ներառվի 50-րդ և 51-րդ հոդվածներում, որտեղ խոսքը ԱԺ նստը ընդհատելու մասին է, եթե պատգամավորները չեն կարողանում ներկայանալ խորհրդարան:
–Դա բանավո՞ր առաջարկ է եղել:
-Այո՛: Ես անակնկալի եկա, հասկացա, թե ինչ է տեղի ունենում, և ասացի, որ խմբակցությունում պետք է քննարկեն այս մասին: Ակնհայտ է, որ պատգամավորին չի կարելի ճնշել, բայց քաղաքական նպատակը, իմաստը ո՞րն է, ինչո՞ւ է հիմա այդ փոփոխությունն արվում: Իրենք քվեարկեցին, միաձայն անցավ, ես չեմ մասնակցել քվեարկությանը… Տեղեկացրեցի Լենա Նազարյանին, հետո նաև վարչապետին: Հաջորդ օրը նախագիծը ներկայացվում է, երկրորդ ընթերցում էր և հարցեր տալու իրավունք չկար: Միայն կարող ես ելույթ ունենալ: Ես ելույթ ունեցա և ներկայացրի դրա վտանգը, թե ինչի համար է այն արվում: Սկսեցին հերքել, ասել՝ գուշակությամբ եք զբաղվում, մենք դրա համար չենք անում և այլն:
-Հստակ ֆիքսենք՝ այդ օրինագծի առաջարկը ԲՀԿ-ի՞նն է:
-Այո, բայց հանրապետականներն աջակցում էին, երեկ պարզվեց, որ երեք խմբակցություններ համամիտ են այդ հարցում:
-Ի՞նչ եք կարծում՝ վաղո՞ւց մշակված քայլ էր:
-Իմ տպավորությամբ՝ այո, երեք կուսակցությունների միջև ի սկզբանե համաձայնեցված քայլ էր:
-Ինչ-որ մասով հասկանալի է, թե այդ օրինագծի ընդունումն ինչու է պետք հանրապետականներին, բայց մյուս կուսակցությունների միանալը տարօրինակ է թվում:
-Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել… Երեք խմբակցություններ դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն…
–Այդ ուժերը պնդում են, որ միակ իրավական ճանապարհը վարչապետի հրաժարականն է:
-Ո՛չ, իրավական ճանապարհ է նաև Սահմանադրությունը փոփոխելու ճանապարհը, բայց նրանք ասում են, որ Սահմանադրության փոփոխությանը կողմ չեն քվեարկի, իսկ վարչապետի հրաժարականին համաձայն են, բայց եթե դա լինի մայիսին: Երեկ գիշերը պարոն Բաբլոյանի աշխատասենյակում բանակցությունների ժամանակ նրանք ասում էին՝ պատրաստ ենք արտահերթ ընտրություններին, բայց մայիսին անենք, իսկ վարչապետն ասում էր՝ եկեք ստորագրենք հուշագիր և դեկտեմբերին անցկացնենք ընտրություններ: Եվ վարչապետը իրազեկեց, թե որն է իր ծրագիրը՝ հրաժարական պիտի տա, և այդ միջոցով խորհրդարանը իրավունքի ուժով պետք է արձակվի:
-Վարչապետի հրաժարականի հետ կապված ռիսկեր կա՞ն:
-Ես տեսնում եմ ռիսկեր: Այս իրավիճակում երբ որ տեսնում ենք որ 67 ձայն կարողանում է հավաքվել, և երբ որ Ռոբերտ Քոչարյանի համար 45 ստորագրություն է հավաքվում, դրանք կարևոր հանգամանքներ են, որ թույլ են տալիս արձանագրել՝ այո՛, ռիսկեր կան:
-Անկախ նրանից՝ ինչ հետևանքներ կարող են լինել:
-Ռեալ քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ անիմաստ է որևէ մեկ այլ անձի վարչապետի պաշտոնում առաջադրելը, որովհետև նա չի կարող անգամ ֆորմալ առումով երկիրը ղեկավարել, և դա ուղղակի ցնցումների ճանապարհ է: Ես հույս ունեմ, որ ողջախոհությունը կգերիշխի մեր երկրում: Բայց ռիսկեր, այո՛, կան:
-Այս օրինագիծն ի՞նչ տվեց:
-Օրինագծով որևէ հարց չլուծվեց, որովհետև Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ եթե 7+7 օրերի ընթացքում չի ընտրվում վարչապետ, խորհրդարանը արձակվում է: Բայց օրինագիծը, ըստ էության, փոխեց քաղաքական իրավիճակը և, այսպես կոչված՝ ազգային համաձայնության կառավարությունը քանդեց:
–Ի՞նչ է տալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ձգձգումը:
-Մեծ հաշվով՝ միակ հիմնավոր պատճառը կարող է լինել ընտրություններին պատրաստվելը: Բայց 40-45 օրվա ընթացքում կարող են պատրաստվել: Մինչև մայիս ձգձգել… մենք արդեն ունենք քաղաքական ճգնաժամ և ձգձգել ընտրությունները կնշանակի ձգձգել ճգնաժամը, որը չի բխում թե՛ ՀՀ-ի, թե՛ մեր քաղաքական համակարգի առողջացման շահերից: Անգամ ձգձգողի շահերից էլ չի բխում: Միգուցե շատ քիչ ձայների տեղաշարժ լինի, բայց արժե՞ երկիրը տանել նման անկայունությունների ճանապարհով, ինչ է թե մեկ-երկու տոկոս ձայն կարող է ավել լինել, կարծում եմ՝ չարժե… Այս պահին հայտարարված սցենարը վարչապետի հրաժարական տալու ճանապարհն է: Ես չեմ բացառում, որ նոր իրավիճակ կարող է լինել և փոխվի այս սցենարը, որևէ բան պետք չէ բացառել:
–Գիտեք՝ ինչքան մարդիկ են դեմ վարչապետի հրաժարականին. այսօր մամուլն ու կայքերը ողողված են այդ մասին հորդորներով ու պահանջով, որ նա հրաժարական չտա:
-Մարդիկ գնահատում են ռիսկերը, ունեն վախեր, չեն ուզում, որ նախկինը վերադառնա և չեն ուզում, որ եղածը հանկարծ ու հանկարծ փոփոխվի, ուզում են եղածը զարգանա, արձանագրվի և գնանք առաջ: Հրաժարական բառը նեգատիվ ուղերձ է պարունակում, և բարդ է այս պրոցեսով գնալ: Եթե այլընտրանք լիներ, կարծում եմ՝ հրաժարականը սխալ է: Այլընտրանք չկա, բայց անհրաժեշտություն կա խորհրդարանը ցրել: Պառլամենտը դարձել է Կարթագեն, այն պետք է քանդվի, կործանվի: Այս խորհրդարանը պետք է ցրվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն