ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում դարձյալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն է։
Հիշեցնենք՝ ճիշտ մեկ շաբաթ առաջ այս հարցը քննարկվեց ԱԺ նիստում, բայց ընդունումը տապալվեց, քանի որ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց հարցի քվեարկությանը։
Ինչ վերաբերում է այսօրվա քննարկմանը, ապա փաթեթին կողմ են արտահերթը նախաձեռնած «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները։ Դաշնակցությունը հայտարարել է, որ կողմ կքվեարկի փաթեթին, քանի որ այն քայլ առաջ է գործող ԸՕ համեմատությամբ։
ՀՀԿ-ն հայտարարել է, որ կողմ չի լինելու փոփոխություններին։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ արտահերթ նիստի նախաձեռնողներին կարող են աջակցել ՀՀԿ խմբակցությունից հեռացած տասնութ պատգամավորը, հավանականությունը մեծ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այս անգամ կընդունվի։
Ընդգծենք, որ առաջարկվող փոփոխություններով վերացվում է ռեյտինգային ընտրական համակարգը, անցնում ենք փակ ցուցակներով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Պարզաբանման համար նշենք, որ «փակ ցուցակ» չի նշանակում, թե հանրությունը տեղյակ չի լինելու՝ ովքեր են ցուցակում։ Ցուցակները հրապարակվելու են։ Դրանք փակ են այն տեսանկյունից, որ ընտրողը չի կարող ընտրել այդ ցանկից իր նախընտրած թեկնածուին՝ քաղաքական ուժերն են որոշում ցուցակում թեկնածուների հերթականությունը։
Առաջարկվող փաթեթով նաև ԱԺ մուտք գործելու համար պահանջվող նվազագույն շեմը գործող 5 և 7 տոկոսի փոխարեն սահմանվում է կուսակցությունների համար՝ 4, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Նաև սահմանվում է, որ քվեների քանակով 3-րդ ուժն ամեն դեպքում մուտք է գործում ԱԺ, իսկ 4-րդ ուժը՝ եթե ստանում է ձայների առնվազն 2 տոկոսը։
Առաջարկվող փաթեթով ընտրական գրավի չափն ամեն ցուցակի համար 10 մլն դրամից իջեցվում է 7,5 միլիոնի։
Փոփոխություններով նաև բարձրացվում է կանանց ներգրավվածությունը՝ ընդհանուր կազմի մեկ քառորդից հասցվելով առնվազն մեկ երրորդի։
0 Մեկնաբանություն