ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր առաջարկներն ունի: Դրանցով, մասնավորապես, առաջարկվում է ունենալ 14 նախարարություն` պահպանելով գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները: ԱԺ-ում հրավիրված ասուլիսում խմբակցության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները:
«Կառավարության առաջարկած նախագծով առաջարկվում է նախարարությունները կրճատել: Բայց մեր կարծիքով այդ կրճատումն ունի ֆորմալ,ավելի շատ տեխնիկական բնույթ: Մենք առաջարկում ենք մի այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին ենթակա մարմիններ չեն լինի, բոլորը ներառված կլինեն կառավարության հիմնական կառուցվածքի մեջ, բոլորի համար կլինեն քաղաքական պատասխանատուներ, որով կլուծվի խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական երկիր լինելու խնդիրը: Կառավարության նախագծով առաջարկվում է սփյուռքի նախարարությունը կրճատելուն զուգահեռ ստեղծել սփյուռքի հանձնակատարի մարմին` գրասենյակ: Եվ քանի որ այդ հանձնակատարը գործող սահմանադրությամբ կառավարության անդամ չէ, կրկին դուրս է մնում խորհրդարանական վերահսկողության տիրույթից: Մենք առաջարկում ենք հանձնակատարի գրասենյակի փոխարեն մի փոխվարչապետին վերապահել հայրենադարձության և սփյուռքի հարցերը »,-ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԼՀԿ-ն առաջարկում է պահպանել երեք փոխվարչապետների հաստիքները, և սփյուռքի հետ շփումն ավելի բարձր մակարդակի վրա դնել: Մարուքյանի կարծիքով` ստեղծվելիք նույն գրասենյակը կարող է սպասարկել փոխվարչապետին` կառավարության աշխատակազմում, որը կզբաղվի հայրենադարձության և սփյուռքի հարցերով:
Գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների կրճատմանն անդրադառնալով` Մարուքյանը նշեց, որ մի երկրում, որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը, անցյալ տարվա տվյալով, գյուղատնտեսության ոլորտից է, այդ ոլորտով զբաղվող նախարարությունը կրճատելը կարծում են, որ սխալ է: Խմբակցությունը պնդում է, որ այդ նախարարությունը պետք է պահպանվի: Նրանց առաջարկությամբ պետք է պահպանվի նաև մշակույթի նախարարություն: ԼՀԿ-ն առաջարկում է ունենալ 14 նախարարություն:
Մարուքյանի կառավարության ներկայացրած կառուցվածքային փոփոխությունների նախագծում չի տեսնում մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես, թե արդյո՞ք այդ փոփոխությունը բերելու է նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ փետրվարին ընդունված օրենքներով սուպերվարչապետական համակարգը վերացվի:
ԼՀԿ-ն կառավարության կառուցվածքի վերաբերյալ ևս մի քանի դիտարկումներ ու առաջարկներ ունի:
Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է կառավարության հետևյալ կազմը և կառուցվածքը՝
Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը»:
Ակնկալվում է, որ կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք:
17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:
0 Մեկնաբանություն