Քաղաքականություն

ՄԵԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, Ո՛Չ ԹԵ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ. ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»:

Սա վարչապետի խոսքն է` քաղած Կառավարության նիստից: Հիշեցնեմ, որ այդ համակարգը ես չեմ ստեղծել, այլ ինքը` վարչապետը: Բայց նա ոչ մի բան հենց այնպես չի ասում: Քիչ հետո «պարզ է դառնում», որ Հայաստանում առհասարակ պետական համակարգ հնարավոր չէ ձևավորել, որովհետև դպրոցում «տաբուրետկայի» վրա կանգնեցնելով` երեխային ստիպում են հայրենասիրական բանաստեղծություն արտասանել, էլի՛ արտասանել, էլի՛ արտասանել (կարծեմ 10 անգամով սպառեց աշակերտի արտասանության հնարավորությունը), ասել կուզե (այդ տպավորությունը ստացա)` մի քանի տասնամյակ նա վարչապետ է մնալու, որ կրթական համակարգը փոխի, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում պետական համակարգ կազմավորել...

Համակարգ հնարավոր չէ կառուցել` ըստ վարչապետի, որովհետև կիբեռնետիկայի ֆակուլտետից հայերենը չեն թողնում հանել: Իսկ վարչապետն ահա պիտի ջարդի այդ համակարգը...

Մի պահ կա՛նգ առ, վարչապետ, էստեղ կացինդ քարով տվեցիր: Եթե այլ ֆակուլտետներում հայերենի նախատեսվող ժամերին առավելապես խոսքի մշակույթ են անցնում, ապա կիբեռնետիկայի մասնագետ դարձողները խորացված քերականություն պիտի անցնեն: Եվ եթե այսօր հայերենի և այլ լեզուների թարգմանական կարգին ծրագիր չունենք, պատճառը հենց դա է: Ենթադրում եմ, որ Հայաստանի ծրագրավորողներն առաջնայնորեն հայերենը ծրագրավորելուն պիտի լծված լինեն: Չեն կարողանում, որովհետև հայերենի քերականական համակարգին չեն տիրապետում: Եվ քո ջարդածը, վարչապե՛տ հայոց, ա՛յս համակարգն է:

Եվ ի՞նչն է հետաքրքիր: Փաստորեն վարչապետի կարծիքով լավագույն կադրերն են այսօր պետական համակարգում: Այդ համակարգից դուրս էլ եթե հարաբերականորեն լավ մասնագետներ կան, ավելին չեն, քան ներսում եղածները, ուստի եղածներին փոխելն էլ հարցի լուծում չէ:

Ելույթը շատ լավ նախապատրաստված զայրույթ էր, որ մի օր մի ձևով պիտի տեղ հասցներ ճշմարտանման հիմնավորումներով: Ահա՛ այն: Եթե մտածում ենք, որ ազգային մշակույթից կտրում ենք մեր երեխաներին, բա ի՞նչ անենք նրանց հետ, որոնք մեկնում են արտասահման, բա չե՞նք մտածում, որ նրանք էլ են զրկվում, իսկ դրսում սովորել ցանկացողներն իննսուն տոկոսից ավելին են...

Ասեմ` ի՛նչ անես, վարչապե՛տ Փաշինյան: Արա ա՛յն, ինչ դրսում են անում: Իսկ դրսում ոչ միայն այստեղից գնացածներին են պարտադրոում անգլերեն, այլև առաջին հերթին սեփական երկրի քաղաքացիներին: Ամենատարբեր եղանակներով պարտադրում են գրական անգլերենի բարձր մակարդակով իմացություն, անընդհատ տվյալ մասնագիտությունից համապատասխան թեմաներ են հանձնարարում ստուգելու համար մասնագիտությունը գրական լեզվի չափանիշներով տեղ հասցնելու կարողությունը: Անգամ եթե մասնագիտական ճիշտ լուծումներ են տալիս խնդրին, բայց շարադրանքը չի համապատասխանում գրական անգլերենի չափանիշներին, անբավարար են գնահատում, և այդպես են վարվում ոչ միայն անգլերենի դասախոսները, այլև բոլոր մասնագիտությունների տեր անձինք, որովհետև շատ բան կարող են երևակայել դրսում, բայց լեզվական առումով անգրագետ գիտնական երևակայել չեն կարող (փաստորեն այդ խեղճերը դեռ չեն հասել մեր մակարդակին)...

Վարչապե՛տ հայոց, հաճախ ես հիշեցնում, թե օրենքը հավասար է բոլորի համար, ոչ ոք բարձր չէ օրենքից: Ուշադրություն դարձրե՞լ ես քո լեզվին: ՀՀ լեզվի օրենքի պահանջով պաշտոնական հաղորդակցության լեզուն գրական հայերենն է: Կառավարությունից բարձր պաշտոնական մակարդակ կա՞ Հայաստանում: Ինչո՞ւ ես քեզ բարձր դասում լեզվի օրենքից և քո խոսքով թելադրում պաշտոնակիցներիդ խոսել ցածրակարգ հայերենով:

Թեև գիտեմ, որ գիտես, բայց հիշեցնեմ, որ ամբողջ կառավարական անհամակարգ համակարգումդ չնչին տոկոս են կազմում բանիմաց մասնագետներդ: Մասնագետները գերազանցապես այդ համակարգից դուրս են, ուստի կարիք չկա ձևացնելու, թե «տաբուրետկայով» կրթված անձինք են նրանք: Պարտավոր ես նրանց կարծիքի հետ հաշվի նստել, և հայոց պատմությունը, հայ գրականությունը և հայոց լեզուն (վերջին երկուսը` առանձնաբար) պարտադիր առարկաներ պիտի լինեն համալսարաններում ճիշտ այնպես, ինչպես պարտադիր է անգլերենի և անգլիական ու ամերիկյան մշակույթի ուսուցումը աշխարհի անգլալեզու համալսարաններում: Այդպես է Բերկլիի համալսարանում: Այդպես է Մասաչուսեթսի համալսարանում: Հարցումներ արված են դրանց, պատսխաններն էլ ունենք:

Բարձրագույն կրթության օրինագծից հանե՛ք ազգավնաս պարտադրանք պարունակող դրույթները, այդ թվում` այն սողանցքը, որով հայալեզու բուհում խցկել եք ուզում գիտակարգերի օտարալեզու դասավանդումը:

Մի բան էլ ասեմ տեղյակ պահելու համար ազգակիցներիս: Անկախություն համարված շրջանում ինչքան հարձակում է եղել հայերենի վրա, եղել է դրսի պարտադրանք` շա՜տ կլոր գումարի հաշվին: Դա այդպես է, որովհետև դրսերում շատ լավ են գիտակցում ազգային լեզվի և ազգային ոգու անքակտելիությունը, ուստի ջանում են բաժանել անբաժանելին:

Առժամյա կառավարիչնե՛ր հայոց, մի՛ փորձեք հիմարացնել այն ժողովրդին, որի մեջ գիտակցական մակարդակով ձեզ հարյուրապատիկ գերազանցող հազարավորներ կան: Ձեզ ո՛չ ծիծաղելի վիճակի մեջ գցեք, ո՛չ, մանավանդ, անեծքի տակ...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *