Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց իր հրաժարականի վերաբերյալ։
«Գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- ասաց նա:
Նա չհերքեց տեղեկությունը, թե իր հրաժարականի պատճառ են հանդիսացել նաև «Իմ քայլը» խմբակցությունում իր վերաբերյալ դժգոհությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել Արտակ Զեյնալյանի հրաժարականը։
«Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր, որ ես հրաժարական եմ ներկայացնելու», - ասաց նախարարը:
Տեղեկությունները, թե Արտակ Զեյնալյանը հնարավոր է այլ աշխատանքի անցնի, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհուրդում, նախարարը հերքեց։ Նշեց՝ ինքն այդ մարմնի չափանիշներին չի համապատասխանում, հետևաբար՝ իրեն նման առաջարկ չեն կարող անել։
Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով դատական համակարգի անկախացման,ը ևս մեկ անգամ նշեց, որ որևէ բարեփոխում անելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, իսկ Հայաստանի բյուջեն դեֆիցիտով է։
Նախարարը դատավորներիի աշխատավարձերի բարձրացմանը կողմ է եղել և հիմա էլ շարունակում է պնդել, որ աշխատավարձերը պետք է բարձրանան։ Բացի այդ դատավորներն էլ քիչ են, սա նույնպես ազդում է դատական համակարգի արդյունավետ աշխատանքի վրա։
«Եվրոպայի խորհրդում Հայաստանի դատավորների թիվն ամենաքիչն է։ Իրավական ժողովրդավարական հասարակարգում գեներացվում է այնքան դատական վեճ, որոնք արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերի պահպանմամբ լուծելու համար անհրաժեշտ է 100 000 բնակչի հաշվարկով 21 դատավոր, մենք ունենք 7-ը։ Մեզ մոտ դատավորների աշխատավարձը դարձյալ Եվրոպայի խորհրդում ամենացածրն է»,- պարզաբանեց Արտակ Զեյնալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն