Ֆեյսբուքյան օգտատեր Ռուսլան Թաթոյանը լայն անդրադարձ է կատարել հեղափոխության՝ մարզերում ոչ մի դրական տեղաշարժ չտալու փաստի մասին։
«Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, երևի, վերջին քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվեցին ազատ ու թափանցիկ, կարծես թե հանգստացրեցին թավշյա հեղափոխության ղեկավարներին. չէ՞ որ «Իմ քայլը» դաշինքը բացահայտ առավելություն ստացավ: Սակայն անցած կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները վկայում են, որ հեղափոխականները նման առավելություն չունեն մարզերի քաղաքներում և գյուղերում: Այլ մարզերի մասին չեմ ցանկանում խոսել, բայց, օրինակ, Լոռու մարզ ոչ մի հեղափոխություն էլ չի հասել:
Լոռու մարզ մտնողները դեռ վաղուց նկատած կլինեն մարզի ցուցանակի վրա գրված «Դբա լավը» գրությունը, բայց, ցավոք, այսօր, մեղմ ասած, ոչինչ էլ «դբա լավը» չի գնում: Իսկ դա, առաջին հերթին, պայմանավորված է մարդկային գործոնով, տվյալ դեպքում՝ կադրային նշանակումներով: Հիշեցնենք, որ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո մարզպետ նշանակվեց ԲՀԿ ներկայացուցիչը, որին ավելի շատ ճանաչում էին որպես սգո արարողությունների համար նախատեսված, այսպես ասենք, օբյեկտ ունեցողի: Եվ նա սկսեց առաջին հերթին գործի տեղավորել ԲՀԿ ներկայացուցիչներին՝ անկախ տարիքից ու կրթությունից, ու դեռ չէր հասցրել կարգին վարժվել մարզպետի համար նախատեսված արտոնություններին, ծառայողական ավտոմեքենային, երբ, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: ԲՀԿ-ն կատարեց հերթական անկանխատեսելի քայլը, ինչի արդյունքում մարզպետը ստիպված էր հրաժարական տալ:
Բնական է, ՔՊ-ն պետք է ներկայացներ մարզպետի իր թեկնածուին, և պաշտոնակատար նշանակվեց տեղի կառույցի ղեկավարը: Նա երևի դեռ չէր հասցրել տեղափոխվել նոր կաբինետ, երբ մարզպետ նշանակվեց մեկ այլ ՔՊ-ական՝ նախկին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը ատամնաբուժարան ու լավ ատամնաբույժի համբավ ունի: Եվ արդեն մոտ երկու շաբաթ նա զբաղված է ԲՀԿ-ականներին ազատելու, իր կուսակիցներին տեղավորելու սուրբ գործով: Եվ հերթական անգամ խաղից դուրս են մնում ամբողջ կյանքը անարդարությունների դեմ պայքարած, գիտելիքներ ու նաև վարչական աշխատանքի փորձ, ասելիք ու անելիք ունեցող մարդիկ:
Հեղափոխությունը պետք է մտնի ոչ միայն ամեն մի քաղաք ու գյուղ, այլ ամեն մի տուն, յուրաքանչյուրն իր մաշկի վրա պետք է զգա դրա շունչը: Իսկ դրան կարելի է հասնել միայն լավ պատկերացնելով մարդկանց խնդիրներն ու փորձելով դրանք լուծելու ծրագրեր, առաջարկներ ներկայացնել, կոնկրետ քայլեր ձեռնարկել աշխատատեղեր ստեղծելու, ձմռան շեմին մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու ուղղությամբ: Միայն նման գործելաոճը արդյունք կտա, այլ ոչ թե մտերիմներին, կուսակիցներին մարզպետարանի տաքուկ անկյուններում տեղավորելու գործընթացը, ինչը հատուկ էր նախկին իշխանություններին: Ի դեպ, տարիներ, տասնամյակներ շարունակ մարզի, մարզկենտրոն Վանաձորի բյուջեն մսխվել է մարզպետարանի, քաղաքի նախկին ՀՀԿ-ական ղեկավարների կողմից, որոշ վարչության պետեր միլիոններ են կուտակել, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը նույնպես մարզ չի հասնում: Ավելին՝ մարզպետը մի առիթով ասաց, որ ինքը գոհ է Վանաձորի՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քաղաքապետից, որ նա «հեղափոխությունից հետո սկսել է լավ աշխատել»... Նման եղբայրություն...
Հետագայում մենք ավելի մանրամասն, փաստերով կներկայացնենք մարզպետարանի, հատկապես նրա ղեկավար կազմի աշխատանքը, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրին բնութագրող որոշ հետաքրքրաշարժ փաստեր»:
0 Մեկնաբանություն