Քաղաքականություն

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորը». բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանի ապօրինությունից տուժած գործարարի կողմից

ՀՀ վարչապետ

Պարոն Նիկոլ Փաշինյանին

ք. Երևան, Հանրապետության հրապարակ,

Կառավարության տուն 1

Պատճենը՝ ՀՀ գլխավոր դատախազ

Պարոն Ա. Դավթյանին

ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող. 5

Դիմում

Հարգարժան պարոն Վարչապետ,

Ես իմ ընտանիքով բնակվում եմ Վանաձոր քաղաքում։ Դեռ 2005թ.-ին հիմնեցինք «Դիկտիս» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը (հետագայում ՍՊԸ) և Վանաձոր քաղաքում ընտանիքով զբաղվում էինք մանր-միջին բիզնեսով։ Բիզնես գործունեության ընթացքում վերցնում էինք վարկեր՝ կամաց-կամաց ընդլայնելով բիզնեսը, ավելացնելով ընկերության աշխատատեղերը, ժամանակին վճարելով և պետական հարկերը և վարկերը։ Այս վերջին 5 տարվա ընթացքում ես ճակատագրի բերումով բազմաթիվ անգամ առնչվել եմ իրավական համակարգի և հատկապես դատական համակարգի տարբեր ատյանների հետ և իմ մաշկի վրա զգացել եմ այդ համակարգում տիրող անօրինականություններն ու անարդարությունները և հիմա սրտատրոփ սպասում եմ դատական և իրավական համակարգի բարեփոխումներին, որպեսզի հանգիստ խղճով դիմեմ և վստահ լինեմ, որ արդարությունը կվերականգնվի։ Հիմա անցնեմ բուն դիմելուս նպատակին։

2009թ.-ին մեր ՍՊԸ-ով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից բիզնեսը ընդլայնելու նպատակով վերցրեցինք հերթական վարկային միջոց 600.000 ԱՄՆ դոլար՝ այլն իրացնելով և կազմակերպության աշխատատեղերը հասցնելով 40-ի։ Հաջողությամբ աշխատում էինք և կատարում մեր բոլոր պարտավորությունները։ 2014թ.-ի սկզբներին ինձ դիմեց Սպիտակի նախկին քաղաքապետ, իսկ այդ պահին Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը, որի հետ ունեինք մտերիմ հարաբերություններ և խնդրեց, որ իմ ընկերությունով երաշխավոր կանգնեմ իր ընկերությանը, որպեսզի վարկ վերցնի և աշխատեցնի Սպիտակի նախկին կարի ֆաբրիկան, որը այդ պահին սեփականության իրավունքով պատկանում էր իրեն և որը մինչ այդ ինքը աշխատեցնում էր, բայց ին-ինչ պատճառներով առաջացել էին ֆինանսական խնդիրներ և այլն շտկելու համար առաջացել էր վարկ վերցնելու անհրաժեշտություն, որպեսզի գործունեությունը շարունակի և լուծի խնդիրները, ընդ որում հավաստիացրեց, որ իմ համար պրոբլեմներ չի ստեղծի, քանի որ ինքը կարողության տեր է, որ ուզում է վերցնել մոտ 130 մլն դրամ վարկ, իսկ կարի ֆաբրիկայի շինությունները իր տարածքով ամենանվազագույն գնահատումով ունի մոտ 1 մլն ԱՄՆ դոլար շուկայական արժեք և որը պետք է գրավադնի և եթե պրոբլեմ լինի, ինքը իր գույքերը կտա և չի թողնի, որ իմ համար խնդիր առաջանա։

Ես էլ փոքրուց դաստիարակված եմ այն ոգով, որ եթե ընկերը դիմում է և հնարավորություն ունես ձեռք բռնելու և օգնելու՝ օգնիր և համաձայնվեցի օգնել, մտածելով, որ մարդ է, թող ինքն էլ աշխատացնի, համ մեր երկրին օգուտ կլինի՝ մի որոշ քանակի մարդիկ կաշխատեն, համ էլ ինքը կշտկի իր գործերը։ Իհարկե նաև հավատալով իր երաշխիքներին, որ իմ կազմակերպության և իմ նկատմամբ խնդիրներ չի ստեղծի։

Վ. Ասատրյանի կողմից իր վարկը ձևակերպելու ընթացքում ես իրենից իմացա, որ ինքը իր «Հեսփերուս» ՓԲԸ ընկերությունով այդ վարկը վերցնում է ոչ թե սովորական մասնավոր բանկերից, այլ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, որը այն ժամանակ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ էր և տրվող վարկային միջոցները արտոնյալ վարկեր էին ցածր տոկոսադրույքներով, և վարկով տրվող միջոցներն էլ պետական միջոցներ էին։ Նա այդ ժամանակ խոսքի մեջ ասում էր, որ իրեն «օգնում» են և ասված է, որ իր «Հեսփերուս» ՓԲԸ-ին այդ վարկը տան, միայն պետք է, որ ֆորմալ երաշխավորներից մեկը լինի իրավաբանական անձ։

Այդպես իմ ընտանիքին պատկանող ընկերությունը երաշխավոր կանգնեց և նա երկու կեսից 2014 և 2015թթ. ստացավ այդ վարկը, ես էլ համարում էի, որ մարդուն օգնեցի և կաշխատի, ինքն էլ իր խնդիրները կլուծի։ Սակայն հետագայում իմացա, արդեն 2016թ.-ին, որ նա խարդախություն է արել, ինձ խաբել է, որ նա չի էլ պատրաստվել այդ կարի ֆաբրիկան աշխատեցնել, ուղակի այդ միջոցները իրեն պետք էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-որ ֆինանսական խնդիրներ լուծելու համար։

Սկսած 2015թ.-ից ես սկսեցի այդ ՈՒՎԿ-ից նամակներ ստանալ, որտեղ ինձ տեղեկացնում էին, որ «Հեսփերուս» ՓԲԸ-ն իր վարկային պարտավորությունները չի կատարում։ Ես սկզբից դրան ուշադրություն չէի դարձնում, այդ նամակները տալիս էի իրեն, ինքն էլ խոստանում էր, որ պրոբլեմ չի լինի, կվճարի։ 2016թ.-ին, երբ իմ ընկերությունը անկախ մեզնից, որը առանձին պատմություն է և որի վերաբերյալ ես դիմելու եմ համապատասխան մարմիններին դատական բարեփոխումները իրականացնելուց հետո, ընկավ վատ դրության մեջ և անհրաժեշտություն առաջացավ մեր վարկերը վերաձևակերպել կամ երկարաձգել ժամկետը, քանի որ այդ պահի դրությամբ դեռ 290 հազար ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություն ունեինք, բանկերը սկսեցին մերժել մեզ «Հեսփերուս» ՓԲԸ-ի կողմից իր վարկերը չմարելու պատճառով, որպես երաշխավոր մեր կազմակերպությունն էլ է դասակարգվել։ Սկսած այդ պահից ես սկսեցի շատ խիստ և մանրակրկիտ հետաքրքրվել Վանիկ Ասատրյանով և «Հեսփերուս» ՓԲԸ-ով և պարզեցի հետևյալը. առաջին անակնկալը ինձ մատուցեց հենց Վ. Ասատրյանը, հայտարարելով, որ ի սկզբանե այդ կարի ֆաբրիկայի շինությունները մինչև վարկ վերցնելն էլ իրենը չեն եղել, այլ արդեն պատկանել են Գագիկ Ծառուկյանին, և որ այդ «Հեսփերուս» ՓԲԸ-ի սեփականատերն էլ է Գ. Ծառուկյանը, և նոր այդ պահին ես ուշադրություն դարձրեցի իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերին, որ «Հեսփերուս» ՓԲԸ-ի տնօրենը ոմն Արայիկ Կեսոյանն է և Վ. Ասատրյանին հարցրեցի. « Բա էս Ա. Կեսոյանն ո՞վ է»։ Նա ասեց, որ նա «Մուլտի Գրուպ» կոնցեռնի փոխտնօրենն է, Գ. Ծառուկյանն է նրան նշանակել, ընդ որում հավելելով, որ նա էլ է ֆորմալ անձնավորություն, իրականում «Հեսփերուս» ՓԲԸ-ի գործերը, ինչպես նաև ամբողջ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործերը տնօրինում է կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Ես Վ. Ասատրյանին հարցրեցի. «Բա դու որտե՞ղ կաս և ես փաստացի ու՞մ եմ երաշխավոր կանգնել»։ Նա փաստացի ընդունեց, որ իր անունը ոչ մի տեղ չկա և այդ վարկը պետք է վճարվի Ս. Առուստամյանի կողմից, իհարկե Գ. Ծառուկյանի համաձայնությամբ։ Այդ ամենը իմանալով, ես նրանից պահանջեցի, որ շատ կարճ ժամանակում ինչպես ինձ խաբել է, շտկի և այդ վարկը վճարի, որպեսզի ես ազատվեմ իմ ընկերությունով և կարողանամ իմ խնդիրները լուծել։ Նա խոստացավ, որ կլուծի այդ հարցը, բայց ես տեսնում էի, որ նա անընդհատ խաբում է և այդ հարցի լուծումը ձգձգվում է, և ես սկսեցի հնարավորություն փնտրել հանդիպելու կամ Գ. Ծառուկյանի կամ Ս. Առուստամյանի հետ, բայց չէր ստացվում։

Միաժամանակ Վ. Ասատրյանը ինձ խնդրում էր սպասել և աղմուկ չբարձրացնել, քանի որ մոտենում էին 2017թ.-ի Ազգային ժողովի ընտրությունները, որտեղ ինքը նույնպես ԲՀԿ-ից առաջադրված էր պատգամավորի թեկնածու, խնդրում էր դիմանալ, որ հետագայում այդ պատճառված վնասները ինքը կհատուցի և որ պատգամավոր ընտրվի, ընտրություններից հետո ամբողջությամբ կփակեն իրենց վարկերը։

Այդ ընթացքում ես մի քանի անգամ ուղիղ կապի մեջ մտա «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի փոխտնօրեն Արման Մնացականյանի հետ, ով զբաղվում էր «Հեսփերուս» ՓԲԸ-ի վարկի գործով և ուղիղ հարցրեցի, եթե արդեն գրեթե 1.5 տարի վարկերը չեն վճարում, ինչու՞ չեն սնանկության տալիս և մինչև ե՞րբ է այդ տույժ-տուգանքները աճելու, նա խոստովանեց, որ վերևից չեն թողնում, որ դատի տան, որ ավելի լավ է ես ճնշում գործադրեմ նրանց վրա, որ նրանք կվախենան այդ հարցի հանրայնացումից և կվճարեն, իսկ մյուս կողմից Վ. Ասատրյանը աղերսանքով խնդրում էր աղմուկ չհանել և սպասել մինչև ընտրությունները ավարտվեն։

Այդ ընթացքում իմ ընկերությունից բիզնես խլելու գործով ես դատական գործընթացների մեջ էի և վարձել էի փաստաբան իմ ընկերոջը՝ հայտնի փաստաբան Ազատ Շահբազյանին, որին ես պատմեցի այդ ամենի մասին և նա ինձ ասեց, որ ինքը կապ ունի և Գ. Ծառուկյանի և Ս. Առուստամյանի հետ, որ նախկինում ինչ-որ գործերով նրանց փաստաբանն էլ է եղել և իմ մոտ զանգելով Ս. Առուստամյանին, պայմանավորվեց և այդ նույն օրը գնացինք նրա մոտ։ Ընդունարանում մեզ դիմավորեցին և նախօրոք ընկերս ինձ ասել էր, որ ինքը կմտնի ներս, ես կսպասեմ ընդունարանում, հետո ինձ էլ կհրավիրեն Ս. Առուստամյանի աշխատասենյակ։ Այդպես եղավ, սակայն կարճ ժամանակ անց Ազատ Շահբազյանը դուրս եկավ և ասաց, որ ամեն ինչ լավ է, Ս. Առուստամյանը հավաստիացրել է իրեն, որ արդեն Գ. Ծառուկյանի հետ պայմանավորվել են և մեկ ամսվա ընթացքում այդ վարկը ամբողջությամբ կփակեն և ես կազատվեմ իրենցից։ Ես էլ 100% հավատացի, որ վերջապես կլուծվի և ես կպրծնեմ իրենցից։ Այդ խոսակցության մասին ես տեղեկացրի նաև Վ. Ասատրյանին և նա վերջնական ինձ հավաստիացրեց, որ վարկի համար այլևս ինձ չեն անհանգստացնի և շուտով այդ վարկը կփակվի ամբողջությամբ։

Միաժամանակ տեղեկացնեմ, որ այդ ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն վերջապես որոշեց մեր կազմակերպության վարկի ժամկետը երկարաձգել և ամսական վճարումները պակասեցնել, որպեսզի մենք կարողանանք ամսական վարկերը վճարել մնացած շրջանառությամբ։ Բայց քանի որ դա արվեց 18 ամիս ձգվելուց հետո այդ երաշխավորության պատճառով, ես ամեն ամիս 2-2.5 մլն դրամ այլ վարկ վերցնելով կամ պարտք անելով մարում էի հիմնական վարկը, որպեսզի ուշացում չունենամ, այդ վարկը դարձնելով 209.000 ԱՄՆ դոլար, բայց կողքից նոր պարտք և պարտավորություն առաջացնելով մոտ 40 մլն դրամ։ Ես «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից խնդրեցի ավել գումար, որպեսզի այդ կողքի վարկերը փակեմ, կամ գոնե մեկ տարով վարկի մարման հետաձգում, նրանք չհամաձայնվեցին և միայն երկարաձգեցին վարկի մարման ժամկետը։ Ես էլ չէի կարող երկուսը միաժամանակ վճարել ընթացիկ ծախսերի հետ և 2018թ. կեսերից սկսեցի մեծ վարկը չվճարել և մարել այդ պարտքերը։

2019թ.-ի սկզբին մի քանի ամիս չվճարելուց հետո «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն մեր ընկերության նկատմամբ սկսեց սնանկության գործընթաց։ Չնայած այդ խնդիրների առաջ ես կանգնեցի ոչ իմ մեղքով, բայց քանի որ ես գիտակցում էի, որ վարկը վերցրել եմ, պետք է փակեմ և արդեն հաշտվել էի այն մտքի հետ, որ այդ վարկային միջոցներով կառուցված շենք-շինությունները կվաճառեմ և կփակեմ իմ վարկերը և հանգիստ խղճով կապրեմ, ընդ որում այդ վերջին 2.5 տարվա ընթացքում ինձ այլևս «Հեսփերուս» ՓԲԸ-ի վարկի մասով չէին անհանգստացնում, ինձ էլ թվում էր, որ երևի ոնց որ Գ. Ծառուկյանը խոստացել էր, մարել են այդ վարկերը։ Փաստորեն ես սխալվում էի այդպես մտածելով, ինձ հերթական անակնկալն էր սպասում։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն մեր վարկը չվճարելու համար սնանկ ճանաչելու պահանջով մտավ սնանկության դատարան և դատարանը շատ կասկածելի պայմաններում առանց հնարավորություն տալու, որ պարտապանի հետ հաշտության եզրեր գտնենք, ճանաչեց սնանկ և հետագայում հաշվի չառնվեց առողջացման ծրագիրը և գործող կազմակերպությունը, որը այդ պահին ուներ 22 աշխատատեղ, լուծարեցին, նշանակեցին կառավարիչ և ներկայումս գրավադրված գույքը դրված է աճուրդային վաճառքի, բայց ես այդ մտքի հետ արդեն հաշտվել եմ և ուզում եմ այդ շենքերը շուտ վաճառվի և ես պրծնեմ դրանցից, բայց պարզվեց, որ միայն իմ վարկը մարելով չեմ պրծնում հետևյալ պատճառով. երբ մեր ընկերությունը սնանկ ճանաչվեց և նշանակվեց կառավարիչ, համաձայն օրենքի, նշանակվում է պարտատերերի ժողով և ով որ պահանջ ունի սնանկ ճանաչված ընկերության նկատմամբ, մինչև պարտատերերի 1-ին ժողովը ներկայացնում է պահանջ գրավոր կերպով։ Մինչև այդ ժողովը կայանալը ինձ զանգահարեց դատարանի կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչը և տեղեկացրեց, որ բացի հիմնական պահանջատիրոջ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, որի պահանջով մեր ընկերությունը ճանաչվել է սնանկ, 195.101.500 դրամի պահանջ է ներկայացրել «Հայաստանի Զարգացման և Ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ն «Հեսփերուս» ՓԲԸ-ի կողմից չվճարված վարկի մասով։ Այդ լուրը իմանալով և հետաքրքրվելով փաստաթղթային ապացույցներով պարզեցի հետևյալը. 2017թ.-ին Ս. Առուստամյանի հետ վերջին հանդիպումից և նրա հավաստիացումից հետո, նրանք ոչ թե մարել են իրենց վարկը, այլ ՈՒՎԿ-ի ղեկավարության հետ գնացել են հանցավոր համաձայնության ոչ միայն վնաս պատճառելով ինձ, այլ նաև վատնելով պետական միջոցները։ Կատարվել է հետևյալը. այն ժամանակ, երբ մեզ հավաստիացնում էին, որ մեկ ամսվա ընթացքում կմարեն իրենց վարկը ամբողջությամբ, այդ նույն ժամանակ ՊԵԿ-ը «Հեսփերուս» ՓԲԸ-ի կողմից հարկերը չվճարելու համար հայց է ներկայացրել 2.5 մլն դրամի պահանջով. «Հեսփերուս» ՓԲԸ-ին սնանկ ճանաչել և այդ տեսնելով, ՈՒՎԿ-ն, չնայած որ իրենք դեռ շուտ պարտավոր էին նման պահանջ ներկայացնել, ստիպված իրենք այս նույն ընթացակարգով, ինչպես հիմա մեր դեպքում, ներկայացրել են իրենց պահանջը այդ պահի դրությամբ, բայց հետո ինչ-ինչ կասկածելի գործարքների մեջ մտնելով «Հեսփերուս» ՓԲԸ-ի հետ, սկզբից համաձայնել են, որ փոխարինվի գրավի առարկան և կարի ֆաբրիկայի շենք-շինությունները գրավից դուրս են եկել և փոխարինվել մոտ 600 կտոր շարժական գույքով, որոնք իրենց դարն ապրած կարի մեքենաներ են և մի քանի հաստոց և երկու բնակարան Սպիտակ քաղաքում։

Հետո կատարվել է հետևյալը. ՈՒՎԿ-ն համաձայնել է այդ գրավադրված գույքերը արտադատական կարգով վերցնել «Հեսփերուս» ՓԲԸ-ից հետագայում իր միջոցով վաճառքի դնելու նպատակով, միաժամանակ գումարային պահանջից հրաժարվելով, որից հետո ՊԵԿ-ի պահանջած 2.5 մլն դրամը վճարելով, քանի որ ՈՒՎԿ-ն էլ պահանջը հետ էր վերցրել, դատարանի վճռով «Հեսփերուս» ՓԲԸ-ն 2017թ.-ին ճանաչվել է ֆինանսապես առողջացած և «Հեսփերուս» ՓԲԸ-ից ՈՒՎԿ-ն այլևս ոչ մի պահանջ չի կարող դնել և պետք էր այդ վերցված գույքը վաճառի և պետական միջոցները վերադարձնի վարկային կազմակերպությանը։ ՈւՎԿ-ն, եթե այդ գույքը ամբողջությամբ վաճառեր և մարեր իր պարտքերը և մնար ավելցուկ գումար, պետք է հետ վերադարձներ «Հեսփերուս» ՓԲԸ-ին, իսկ եթե չբավարարեր պարտքերը մարելուն, այդ դեպքում մնացած գումարի մասով կարող էր պահանջ ներկայացնել երաշխավորներին, բայց միայն հիմնական վարկառուի գրավադրված գույքը վաճառելուց հետո։ Այդ մասով նույնիսկ կա վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռ, որը մեր կողմից ներկայացվել է սնանկության դատարանին։

ՈՒՎԿ-ի ղեկավարությունը համաձայնվելով պետությանը վնաս պատճառելու հաշվին «Հեսփերուս» ՓԲԸ-ի հետ կնքելով այդ հանցավոր գործարքը, հիմա փորձելով իր կեղտերը ծածկել, թույլ օղակ են գտել՝ մեզ։ Գույքը վերցնելով և այս 2.5 տարում ոչինչ չվաճառելով, այս ընթացքում այդ գումարն էլ գրեթե կրկնապատկելով, քանի որ «Հեսփերուս» ՓԲԸ-ից այլևս ոչինչ չեն կարող պահանջել, նրանց չվճարած պարտավորությունների պահանջը ներկայացրել են մեզ, իսկ սնանկության դատարանը, չնայած մեր կողմից ներկայացված հիմնավոր առարկությանը և առանց նախադեպային վճիռը հաշվի առնելու, 2020թ. փետրվարի 26-ի որոշմամբ «Հեսփերուս» ՓԲԸ-ի կողմից վերցված և չվճարված 195.101.500 դրամ պարտավորությունը ընդգրկել է «Դիկտիս» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում։

Ով իմանում է, զարմանում է, թե ինչպե՞ս է հնարավոր այս չափի անարդարություն։ Մի՞թե մեր երկրում դեռ գործում է «Գայլի ու գառի» օրենքը և մինչև օրս ակտուալ է «Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր» բառակապակցությունը։

Հարգարժա՛ն Պարոն Փաշինյան, այս ամենը իմանալով, քանի որ ամիսներով էլ փորձեմ, չեմ կարող Գ. Ծառուկյանին կամ նույնիսկ իր «ախրանի պետին» տեսնեմ, որպեսզի հարցս ուղղեմ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ, ես ստիպված հազիվ գտա Վանիկ Ասատրյանին և այդ հարցը ուղղեցի իրեն, որ ինչպե՞ս եղավ, որ խոստացված վարկը մարելու փոխարեն այդպիսի խարդախություն արեցին և նա տվեց հետևյալ պատասխանը. «Դե պետական փողեր էր և Ծառուկյանանք այդ մետաղի ջարդոնները և երկու բնակարանը տալով «բանկին գցել են» ու իրենց հարցերը լուծել, բայց հո իրենք չեն պատկերացրել, որ երկու տարի հետո բանկը կգա այդ գումարները քեզնից կուզի»։

Ահա ամբողջ եղելությունը, ահա վերը նշված մարդկանց և նրանց շատ նմանների իրական կերպարները, որոնք հարստացել են կամ պետությունից գողանալով և պետական միջոցները վատնելով, կամ անմեղ մարդկանց «քցելով» և աշխատանքը խլելով՝ այդ գործընթացներում օգտագործելով նաև դատական կոռումպացված համակարգերը ի օգուտ իրենց շահերի։

Հիմա եթե ես համակերպվել էի այն մտքի հետ, որ իմ կողմից չվճարված վարկի համար կվաճառվի համապատասխան շինությունը և կփակվի իմ պարտավորությունը, արդեն վաճառքի է դրվել իմ ամբողջ գրավադրված գույքը՝ դա երկու հասարակական շինություններ, տաքսի ծառայության մեքենաներ և իմ բնակելի տունը, որտեղ ես ներկայումս բնակվում եմ իմ ընտանիքով և որը ինձ համար նաև սրբավայր է, քանի որ վերջին 200 տարում այդ նույն տեղում ապրել են իմ նախնիները և հիմա եթե այդ բոլորն էլ վաճառվի, ստացված գումարը չի էլ բավարարի, որ այդ չգիտեմ ում կողմից գողացված գումարների պարտքերը փակվի։ Եվ եթե օրենքը չգործի և արդարությունը չվերականգնի, ես նույնիսկ իմ կյանքի գնով թույլ չեմ տա, որ որևէ մեկը դա իրականացնի։

Հարգարժա՛ն Վարչապետ, խնդրում եմ Ձեր օգնությունը հանձնարարել դատախազությանը կամ ոստիկանությանը վերը նշված խարդախության, պետական միջոցների վատնման, պաշտոնական դիրքի չարաշահման փաստերի առթիվ հարուցել քրեական գործ՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու և արդարությունը վերականգնելու համար։ Ես իհարկե միաժամանակ կշարունակեմ դատական ատյաններում բողոքարկելու միջոցով ձգտել հասնել արդարության, բայց քանի դեռ ներկա դատարանները վճիռները և որոշումները կայացնում են ոչ թե օրենքով կամ արդարության ձգտելով, այլ ինչ-որ ներքին զանգերով և գործարքների հիման վրա, առանձնակի սպասումներ ես այս դատարաններից չունեմ և ես, հարգարժա՛ն վարչապետ, Ձեզնից շատ եմ շահագրգռված, որ Դուք Ձեր թիմով հնարավորինս շուտ իրականացնեք բարեփոխումները դատական համակարգում և հեռացնեք բոլոր կոռումպացված դատավորներին։

Պարոն Փաշինյան, Դուք ուղակի չեք պատկերացնում, թե այս վերջին 5-6 տարում իմ ընտանիքով ինչ փորձությունների միջով եմ անցել, իմ փոխարեն մի քիչ կամքից թույլ մարդ լիներ, հիմա մի կամուրջից էլ ինքն էր իրեն ցած նետել։ Բայց ես ոչ մի վատ բան չեմ արել, միայն բիզնես եմ հիմնել, վարկ եմ վերցրել, բարեխիղճ իմ ընտանիքով գիշեր-ցերեկ աշխատել եմ ի բարօրություն իմ ընտանիքի և երկրի։ Ինչպես Դուք եք ասում, աշխատել եմ հարստացնել երկրին և հարստանալ իմ աշխատանքով։ Միայն իմ զանցանքը եղել է այն, որ նախորդ իշխանություններին դեմ եմ եղել և դրանից սկսվել են անախորժությունները և հետապնդումները իմ նկատմամբ, որը մինչև օրս չի ավարտվել և իրավական համակարգն էլ մինչև օրս չի պաշտպանել տուժողի խախտված իրավունքները, այլ պաշտպանել է պաշտոնավորներին և թալանչիներին։

Պարոն Վարչապետ, Դուք մեր վերջին հույսն եք։

Հարգանքներով և սպասումներով՝

«Դիկտիս» ՍՊԸ տնօրեն ` Վիկտոր Դարբինյան

Բնակվող՝ ք. Վանաձոր, Տավրոս 4-րդ փող, տուն 13

Հեռ. 095-65-05-05

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *