«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանի կառավարության մեկամյա գործունեության վերաբերյալ
Ուղիղ մեկ տարի առաջ համաժողովրդական ընդվզմամբ հեռացվեց Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ ու հանցավոր ռեժիմը և պետության ղեկը վստահվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը:
Այդ իրադարձությամբ սկսված գործընթացը դեռևս չի ավարտվել, ուստի դեռևս հնարավոր չէ դրան տալ ամբողջական և միանշանակ գնահատական:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ժողովրդի ընդվզման պատճառը ազգային-հեղափոխական էր, այն է՝ առաջացել էին և պետության, և քաղաքացու սուբյեկտության ճգնաժամներ:
Ժողովուրդը ոտքի կանգնեց՝ այդ երկու ճգնաժամները համապատասխանաբար պետական ինքնիշխանության վերահաստատմամբ և իրավատեր քաղաքացու կայացմամբ հաղթահարելու նպատակներով:
Ցավոք սրտի, այս երկու նպատակների իրագործման ուղղությամբ շոշափելի միտումներ դեռևս չկան: Դրան հակառակ՝ ձևավորվել և զարգանում են ռևանշի և ժողովրդի հաղթանակը չեզոքացնելու կայուն միտումներ:
Նիկոլ Փաշինյանի թիմը, արդեն հրապարակում, երբ պարզ դարձավ, որ ստանձնելու է պետության կառավարումը, փաստացի հրաժարվեց հեղափոխական տրամաբանությունից և որդեգրեց նախորդ իշխանության իրավահաջորդի տրամաբանությունը՝ դրանով իսկ կամա թե ակամա սկիզբ դնելով հեղափոխության և ժողովրդի նպատակների ձախողման:
Դրա հետևանքով մինչ օրս հնարավոր չի եղել որևէ արդյունավետ քայլ ձեռնարկել համակարգային փոփոխությունների միջոցով արդարության հաստատման, անվտանգության ապահովման և արժանապատիվ կյանքի կայացման միջոցով այդ նպատակներին հասնելու համար:
Պետությունը ներսից մաքրելու և նրա արտաքին հարաբերությունները արժանապատիվ ու ազգաշահ դարձնելու առաջին քայլը պետք է դառնար նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականը և դրա ծանր հետևանքների արձանագրումը, ինչը սակայն, մինչ օրս չի արվել:
Դրանից պետք է բխեին փոփոխությունների վերաբերյալ պատկերացումները:
Եվ այդ պատկերացումներին համապատասխան պետք է մշակվեր ու իրականացվեր պետական քաղաքականությունը՝ ներառելով ապստամբության/դիմադրության իրավունքի և ապստամբների նկատմամբ վերաբերմունքը, Անցումային արդարադատության ձևաչափն ու ծավալը, պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ դատարանների և իրավապահ մարմինների, բարեփոխումն ու կադրային քաղաքականությունը, քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիան, իշխանության յուրացման ու պետության զավթման և ազգային դավաճանության հանգուցային դեպքերի՝ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, Ապրիլյան քառօրյայի մեղավորների բացահայտումն ու պատասխանատվությունը, Կրեմլից կառավարվող խորքային պետության կազմաքանդումը և դրա միջուկը կազմող ներկայիս ԱԱԾ-ի փոխարեն ազգային անվտանգության մարմինների նոր համակարգի ձևավորումը, մենաշնորհների և կոռուպցիայի վերացումը, թալանի վերադարձը, պաշտպանության կազմակերպումը, մնացյալ բոլոր խնդիրների լուծումը:
Մինչդեռ այս խնդիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մոտեցումները խիստ մտահոգիչ են:
Մասնավորապես՝ միայն լյուստրացիայի նկատմամբ նրա մերժողական վերաբերմունքը և Անցումային արդարադատության վերաբերյալ նրա ներկայացրած կիսատ-պռատ ու մշուշոտ հեռանկարը արդեն վտանգում են հեղափոխության նկատմամբ մեր ժողովրդի հույսերն ու սպասումները: Սրան գումարած՝ պետության ղեկը ստանձնելուց գրեթե մեկ տարի անց, այն էլ միայն՝ լրագրողի ուղիղ հարցից հետո է ՀՀ վարչապետը տեղեկացնում, որ ԱԱԾ արխիվները նախկին ռեժիմի օրոք ոչնչացվել են և այդ պատճառով լյուստրացիա չի կարող լինել:
Վերջին պնդումն, անշուշտ, ճիշտ չէ, որովհետև միայն արխիվները չէ, որ կարող են հիմք լինել Անցումային արդարադատության և լյուստրացիայի համար:
Հեղափոխության գաղափարի և շարունակականության համար էական վտանգ է պարունակում նաև ՀՀ վարչապետի այն մոտեցումը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ չկան: Կարծես թե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը ուրիշ պետության բանտում են, իսկ Սասնա Ծռերի մյուս անդամները այդ ուրիշ պետության դատարանում են ամբաստանվում:
Նախկինի տրամաբանությամբ է շարունակվում ազգային ռազմավարության հիմնական հարցի՝ Արցախի խնդրի լուծման քաղաքականությունը, որը կոչված է սպասարկելու Կրեմլի շահերը, քանի որ Արցախը նրա ձեռքին դարձնում է մանրադրամ և նրան հնարավորություն է տալիս Արցախի դիմաց Ադրբեջանին ներառել իր ազդեցության դաշտում, իսկ Հայաստանին վերջնականապես վերածել բանանային հանրապետության:
Խնդրի լուծումը պետք է խորհրդային և հետխորհրդային համատեքստերից տեղափոխվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստ՝ դե յուրե արձանագրելով ՀՀ կազմում Արցախի վարչատարածքային և վարչակառավարչական ներառումը:
Դրան հակառակ՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի կեղծ անկախության հայեցակարգը ակտիվ կերպով կիրառում է ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության ասպարեզում՝ կամա թե ակամա սնուցելով Արցախը ՀՀ-ից տարանջատելու կործանարար գործընթացը: Նույն պատճառով չի կարող որևէ ձևով ընկալելի և ընդունելի լինել Արցախի հարցով հանրաքվե անցկացնելու հավանականության մասին նրա տեսակետը, քանի որ Հայրենիքի և պետության տարածքի պատկանելության հարցը քվեարկության ենթակա չէ: Հանրաքվե կարող է լինել բացառապես Հայրենիքի ամբողջական վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգի հաստատման և ըստ այդմ ազգային վերաինքնորոշման նպատակով:
Հատուկ ուշադրություն պետք է դարձվեր համայն հայության ներուժի համախմբմանն ու արդյունավետ կիրառմանը, մինչդեռ մինչ օրս, չնայած հակառակ հավաստիացումներին, ըստ էության շարունակվում է նախկինում որդեգրված՝ «Հայաստանը՝ հայաստանցիներին, Սփյուռքը՝ արտերկրահայությանը» հակահայ և հակապետական մոտեցումը:
Հայրենադարձությունը, առաջին հերթին՝ մասնագետների հայրենադարձությունը, որ պետք է դառնար երկրի զարգացման մարդկային ռեսուրսի ձևավորման գերակայություն, իրականում խոսքի մակարդակի վրա է և, ըստ էության, անտեսված է:
Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մնացել է վայրի լիբերալիզմի մատույցներում՝ շարունակելով հարուստներին հարստացնելու, իսկ աղքատներին ավելի աղքատացնելու կեղեքիչ տրամաբանությունը:
Չկա աղքատությունը հաղթահարելու, սոցիալապես անապահով խավերի վիճակը բարելավելու և, առհասարակ, արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու ռազմավարություն:
Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որևէ գործնական ու արդյունավետ քայլ չկա տնտեսության կառուցվածքը փոփոխելու, այդ համատեքստում գիտահենք արդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր իրականացնելու, առավել ևս՝ համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար: Մինչդեռ արդ զարգացումներից հետ մնալու դեպքում Հայաստանը կհայտնվի քաղաքակրթական լուսանցքում:
Աղետալի է մնում մշակույթի և ազգային ժառանգության պահպանման վիճակը: Նախորդ իշխանությունների՝ մարդու ապազգայնացման ու ապամարդկայնացման և հասարակության ապահասարակայնացման միտումները հիմնականում շարունակում են խորանալ և սպառնալ մեր ազգային ինքնությանն ու ապագային:
Այնուամենայնիվ՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս ունի ժողովրդի վստահության բավարար հենք և ռեսուրս՝ իր քաղաքականությունը վերանայելու, վերը նշված փոփոխությունները հեղափոխական տրամաբանությամբ իրականացնելու և երկիրը ներկայիս աղետալի ընթացքից հանելու ու զարգացման հունի մեջ դնելու համար:
Ուստի տրամաբանական և արդյունավետ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցնի ազգային հեղափոխությունը: Ցավոք սրտի, ընդամենը նախորդ հանցավոր ռեժիմի նման ժողովրդին չկեղեքելու և պետությունը չթալանելու շնորհիվ արձանագրված փոքրիկ հաջողությունները որպես դարակազմիկ հեղափոխական ձեռքբերումներ ներկայացնող ՀՀ վարչապետի մոտեցումը գրեթե զրոյացնում է այս հավանականությունը:
Անկախ այս ամենից՝ ազգային հեղափոխությունն օբյեկտիվ կենսական անհրաժեշտություն է և չունի այլընտրանք: Այն սկսվել է որպես ազգի ու պետության և անհատի ու քաղաքացու սուբյեկտացման ազատագրական գործընթաց և հասնելու է իր տրամաբանական ավարտին՝ ներառելով նաև Անցումային արդարադատությունը և լյուստրացիան:
0 Մեկնաբանություն