Քաղաքականություն

ՍՈՎՈՐԵՔ ՆԱՅԵԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՉՔԵՐԻՆ

    Մայիսի 15-ին վարչապետի աշխատակազմին նամակ էի ուղարկել ժամանակին սերժականների կողմից՝ նախագահի աշխատակազմի, քաղաքացիական ծառայության խորհրդի և վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի մասնակցությամբ աղաղակող անօրինականություններով ու կեղծիքներով ինձ աշխատանքից ազատելու մասին: Այսօր հուլիսի 15-ն է, բայց դեռ գրավոր պատասխան չեմ ստացել: Ազնիվ լինելու համար, ասեմ, որ կատարողի հետ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել և խոսքի մեջ նույնիսկ հոգատարություն եմ զգացել: Խնդիրքս ամենայն հավանականությամբ կմերժվի (պատասխանի ձգձգումը հավանաբար փափուկ մերժելու տարբերակ է): Սակայն հարցը դրանում չէ, այլ հետևյալում. աշխատակազմի իմ խոսակցին խնդրեցի, որպեսզի ընդունելության հնարավորություն ստեղծի աշխատակազմի ղեկավարի մոտ: Պարզվեց, որ դա համարյա անհնար բան է:

     Մեկ ուրիշ դեպք: Վերջերս տեղեկություններ ստացա (երբ վստահում են տեղեկություններ միշտ էլ տրամադրում են) սպասարկման կազմակերպություններից մեկում աղաղակող չարաշահումների մասին: Առաջին գործողությունս եղավ տեղեկատվությունը խմբավորելը և պետական վերահսկողական ծառայության հեռախոսահամարը հավաքելը: Մի քանի փորձից հաջողվեց խոսել մի կնոջ հետ (խոսակիցս չներկայացավ): Ներկայացա, հաղորդեցի խնդիրի էությունը  և խնդրեցի միացնել պետի հետ կամ հանդիպում նշանակել: Պարզվեց, որ ոչ մեկը, ոչ մյուսը հնարավոր չէ: Հընթացս հիշեցի մոտավորապես մեկ տարվա վաղեմություն ունեցող պատմություն: 2017 թվականի  սկզբներին ոչ անձնական՝ մի կարևոր խնդրով հերթագրվեցի ընդունելության՝ նախկին նախարարներից մեկի մոտ: Գրանցման մեկ ամիսը լրանալուց հետո աշխատակազմից զանգեցին և հրավիրեցին ընդունելության: Պարզվեց, որ ընդունելությունն անց է կացնում փոխնախարարներից մեկը: Ես հրաժարվեցի փոխնախարարի մոտ ընդունելության գնալուց, ասելով, որ իմ հաղորդելիքը պետք է լսի նախարարը: Երկու ամիս հետո պատմությունը նույնությամբ կրկնվեց: Երեք ամիս հետո, երբ պատմությունը նորից կրկնվեց, ես հետաքրքրվեցի, նախարարը ընդունելություն անկացնում է, թե՞ ո՛չ:Պատասխանեցին, որ, այո՛, անցկացնում է: Այսպիսի պատասխանից հետո զուտ  «սպորտային» հետաքրքրասիրությունից դրդված (ընդունելության գնալու մտքից հրաժարվել էի) որոշեցի ընդունելության համար արված գրանցումս ուժի մեջ պահել և հետևել իրադարձությունների ընթացքին:  2018 թվականին հարգարժան նախարարը մի պորտֆելը փոխարինեց մյուսով, այդպիսով անհասանելի մնալով՝ իմ, նվաստիս համար, «անկատար թողնելով մանկուց փայփայած երազանքս»: Հընթացս նորից մի բան հիշեցի: Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման տարիներին (1996-1999 թվականներ) յուրաքանչյուր շաբաթ իմ կողմից պարտադիր անցկացվող ընդունելություններին մասնակցում էր 30-50 քաղաքացի անկախ նրանից, թե ընդունելությունը գիշերվա որ ժամին էր ավարտվում: Դրանից բացի ամսվա մեջ գոնե մեկ անգամ ինքս էի այցելում քաղաքացիներին:

     Ասելիքս հետևյալն է: Հարգելի պաշտոնյաներ, մեծ ու փոքր, ժողովրդին ծառայելու մասին նախկին իշխանավորների փուչ լոզունգներին փորձեք բովանդակություն հաղորդել, միս ու արյուն տալ: Պաշտոնյան առանց քաղաքացու հետ շփումների, առանց նրա աչքերի մեջ նայելու և հոգսերն իմանալու՝ լիարժեք չէ: Միայն քաղաքացու հետ կենդանի շփումներով պաշտոնյան կարող է ձեռքը պահել հասարակության տրամադրությունների զարկերակին: Քաղաքացուց խույս տվող պաշտոնյան պետության ու պետականության հիմքերը խարխլող ներքին թշնամի է: Սերժի Հայաստանում ամենամեծ թերություններից մեկն էլ այն էր, որ բացի շարքային քաղաքացուն արհամարհելը իսպառ բացակայում էր նաև ստորադասների նկատմամբ վստահությունը: Սերժը ամեն ինչ էր: Դրա համար, իհարկե, հիմքեր կային: Պետք է ճշգրտորեն հսկվեր ամբողջ ստվերային տնտեսությունը, որպեսզի կաշառքը ճիշտ չափերով և ճիշտ ժամանակին տեղ հասներ:

  Այսօր մոտեցումներն այլ են: Օրենքի և օրինականության շրջանակներում ժողովրդի շահերից բխող գործողություններում արարի ու ստեղծագործի ինչքան երևակայությունդ հերիքում է, և ինչքան երևակայությունդ հարուստ է այնքան քաղաքացիների բարեկեցության հավանականությունը բարձր է և ձեր պաշտոնավարումն արդարացված: Համացանցի հնարավորություններն օգտագործելը և  նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացներն իհարկե կարևոր են, բայց փողոց դուրս եկած մարդկանց դեմ կանգնելը և ասելիք ունենալը շատ ավելի կարևոր է(Աստված մի արասցե, որ նոր Հայաստանում դրա կարիքը լինի): Եթե ձեր ժամանակը խնայելու կամ այլ նկատառումներով պետք է սահամանազատվեք «ավելորդ» զանգերից և այցելություններից, ապա բարի եղեք ընտրել գործավարներ ու օգնականներ, որոնք ի վիճակի են և կարող են մարդկանց ճանաչել ու կարևորն անկարևորից տարբերել: Ի վերջո, անկախ ձեր պաշտոնեական լիազորությունների տված հնարավորություններից, կանոնակարգե՛ք քաղաքացիների հետ ձեր շփումները: Պարտավո՛ր եք, բարի՛ եղեք:

             

   ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վանաձորի պատվավոր քաղաքացի, Արցախի սահմանների պաշտպանության մասնակից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *