Քաղաքականություն

Թռան դեպի Նիկոլ Փաշինյանը

Այսօր տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա առիթով հրավիրված հանրահավաքը, որը սպասվում է առանձնահատուկ տրամադրություններով: Ըստ էության, հանրահավաքը դիտարկվում է իբրև հանգուցային, հանգրվանային մի կետ-ինդիկատոր, որը պետք է վերալիցքավորի Հայաստանում առկա նոր իրավիճակը, դրանում եղած թե՛ հնարավորությունների, թե՛ մարտահրավերների ֆոնին:

Խոշոր հաշվով, հանրահավաքը լինելու է վերագնահատման հանրահավաք, և այս տեսանկյունից շատ կարևոր է նաև, թե որքանով է այդ գնահատումը ճշգրիտ, որովհետև ինչքան էլ կարևոր և արժեքավոր ռեսուրս է ոգևորությունը, այն անպայմանորեն պետք է ուղեկցվի նաև իրական պատկերի և ներուժի իրական ծավալների վերաբերյալ գրեթե մաթեմատիկական ճշգրտության գնահատականներով: Այդ տեսանկյունից արժե թերևս ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որը գուցե թե մինչև մայիսի 8-ը ոչ միայն խնդրահարույց չէր, այլ նաև օգտակար, սակայն ներկայումս արդեն թավշյա գործընթացի նոր փուլում խնդիրներն ու անելիքները որակապես այլ են, հետևաբար այլ է դառնում նաև գործոնը, որի մասին հարկ է թերևս խոսել:

Օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին իրենց աջակցությունն են հայտնում տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում այնպիսիք, որոնք նախորդ իշխանության հետ եթե ավելի շատ չեն գործակցել, քան եղել են, այսպես ասած, ընդդիմադիր կամ անհամաձայն, ապա առնվազն 50/50 են եղել այդ տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրվող հանրահավաքը կարծես թե քաղաքական դաշտի համար վերածվել է, այսպես ասած, մի ծաղկի, որտեղից հնարավոր է առատորեն նեկտար քաղել՝ առաջիկա խորհրդարանի արտահերթ ընտրության համար, և նրանք ժրաջան մեղուների պես թռչում են դեպի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: Այս երևույթը ըստ էության արտացոլում է ավելի խորքային մի բան, որ կատարվում է և կատարվելու է Հայաստանի քաղաքական դաշտում մինչև արտահերթ ընտրություն: Դա հեղափոխության ուժի արհեստական գեներացիան է: Սա իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ, որովհետև այդ ուժին են խառնվում առանձին սուբյեկտներ, որոնք ամենևին էլ չեն կիսում թավշյա հեղափոխության քաղաքական, գաղափարական նպատակներն ու շահերը:

Մինչդեռ հեղափոխությունն անկասկած նաև շատ կոնկրետ քաղաքական հեռանկար ենթադրող գործընթաց է և դրա նպատակներից մեկն էլ հեղափոխության թիմի ընտրական հաղթանակն է: Այստեղ է, որ առաջանում են բաժանարար գծեր, որոնք, սակայն, ներկայումս լղոզվում են՝ առաջացնելով խաբկանքի վտանգ: Ի վերջո, այս իմաստով ստեղծվում է ուշագրավ պատկեր: Մի կողմում այն ուժերն են, որոնք բաց տեքստով հանդես են գալիս հեղափոխության օրակարգի կամ բովանդակության, ընդհանրապես քաղաքական նպատակների և հեռանկարների դեմ: Այդ ուժերն ամենատարբեր են, և թվարկելը թերևս իմաստ չունի, դրանք բավական հայտնի են, կազմված են նախորդ իշխանության առանցքային սուբյեկտներից և նրանց կից գործած տարբեր կառույցներից և ենթակառույցներից: Նրանք զուտ, այսպես ասած, մասշտաբի առումով ակնհայտորեն զիջում են, սակայն ունեն մի հստակ առավելություն՝ նրանք ունեն ռեսուրսների և կարողությունների թերևս առավել պրագմատիկ գնահատում և հաշվարկ, ինչը նաև առավել արդյունավետ հիմք է հետագա մարտավարության մշակման և դրա ՕԳԳ-ի հեռանկարի տեսանկյունից: Սա իհարկե չի նշանակում մոտալուտ հաջողության գրավական, սակայն հասարակական-քաղաքական գործընթացներում, հատկապես պետության ճակատագրի համար կարևոր նշանակություն ենթադրող, անհրաժեշտ է հաշվարկները անել հնարավորինս երկարաժամկետ հեռանկարով:

Ի տարբերություն այս սեգմենտի՝ հեղափոխության, այսպես ասած, կիսադաշտում իրավիճակը կարող է լինել փոքր-ինչ այլ, երբ միանում են, այսպես ասած, ամենատարբեր մաստի ուժեր, որոնք խոսում են, երդվում են հեղափոխության թիմի անունից և նույնիսկ կարող են լինել նրանից ավելի «կաթոլիկ», սակայն անկասկած ունեն զգալիորեն տարբեր մոտիվացիաներ և նպատակադրումներ, պարզապես կոնկրետ դեպքում հանրահավաքը նրանց համար «նեկտար» քաղելու լավ առիթ է: Սա էլ ստեղծում է խաբկանք, որովհետև ըստ էության հեղափոխության հետ ոչ պակաս կապ չունեցողները խառնվում են դրան և ստեղծում մի պատկեր, որը ռեսուրսային առումով իրականում այնքան էլ կարող է չհամապատասխանել իրականությանը:

Դա չի նշանակում, որ թավշյա գործընթացը թույլ է կամ փոքր, բայց միևնույն ժամանակ արհեստական գնահատումը կարող է իքս փուլում բերել հաշվարկային սխալների և վրիպումների՝ առաջացնելով չնախատեսված խնդիրներ: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի օգոստոսի 17-ի հանրահավաքը լինի ոչ թե էյֆորիայի նոր ալիքի՝ ոգևորությունը կա և շարունակվում է, այդ մասով հեղափոխությունը խնդիր չունի, այլ ռացիոնալ ինքնագնահատման մեկնարկ, որով միաժամանակ կսահմանվեն օրակարգային և բովանդակային շատ կոնկրետ նշաձողեր՝ այդպիսով փույլ չտալով որևէ մեկին «մակաբուծել» հեղափոխության անունից և հեղափոխության հաշվին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *