Ուրախալի լուր սարոյանասերների համար: «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել հռչակավոր գրող, թատերագիր՝ Վիլյամ Սարոյանի «ՈՍՏՐԵՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԻՏԸ» փոքրածավալ պիեսների գիրքը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ: Գրքի խմբագիրն է Զավեն Բոյաջյանը: Գրքի անոտացիայում գրված է. «Պիեսների այս ընտրանին ընդգրկում է Սարոյանի բազմաժանր գործեր, որոնց մեծ կարևորություն էր տալիս հեղինակը ոչ միայն փորձարարական բեմերի, այլև ընթերցանության համար: Օպերայի, բալետի, ռադիոյի ու հեռուստատեսության համար գրված ինքնատիպ ու նուրբ հումորով լի պիեսները (1930-50 թթ.) քիչ են հայտնի, իսկ «Փոքր ազգերի տառապանքը» դրաման հայերեն թարգմանվել է առաջին անգամ: Ըստ էքսցենտրիկության վարպետ Սարոյանի՝ «պիես կարդացողն ավելի լավ մարդ է…», որը նաև «մտքում բեմադրում է» այն»:
Ուշագրավ է, որ թարգմանիչը երկար ժամանակ զբաղվել է սարոյանագիտությամբ, մասնավորապես անդրադառնալով նրա դրամատուրգիային, բազմաժանր ու փոքրածավալ պիեսներին, հայ գրականագիտության մեջ առաջին անգամ առանձին գիտական հոդվածով անդրադարձել փոքր դրամայի առանձնահատկություններին: «Ոստրեն ու մարգարիտը» պիեսը բեմադրվել է մի քանի թատրոններում, իսկ այս պահին այն տեղ է գտել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում: «Ոստրեն ու մարգարիտը» գրքի որակյալ թարգմանությանը նպաստել է Մարկ Տվենի և Վ. Սարոյանի անվան միջազգային մրցանակների դափնեկիր թարգմանչի՝ բեմը գործանականորեն իմանալը և գիտական ուսումնասիրությունները:
Գրքում տեղ գտած գործերը կարդում և բեմադրում են նաև բուհերում ու դպրոցներում, իսկ հանրային ռադիոյով եթեր է հեռարձակվել «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը:
«Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր սրտերը»:
«ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ» պիեսից



0 Մեկնաբանություն