Տեսակետ

Օպերայի ունկնդրին պետք է կրթել. Նարինե Անանիկյան

 «Ռեգիոն» համայնքների զարգացման կենտրոնը «Օկտավա» ծրագրի շրջանակներում Ստ. Զորյանի տուն-թանգարանում հերթական հանդիպումն էր կազմակերպել: Այս անգամ վանաձորցի երաժիշտներին, վոկալի, օպերային արվեստի երկրպագուներին իր այցով հաճելի և օգտակար պահեր պարգևեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնի մենարգչուհի Նարինե Անանիկյանը.

Օպերան արդյո՞ք մայրաքաղաքային մենաշնորհ է, հարցին՝ երգչուհին պատասխանեց.

«Մենք «Անուշ» օպերայով շրջագայել ենք Հայաստանում և լավ ընդունելության ենք արժանացել մարզերի բնակիչների կողմից: Ես միշտ մտածել եմ՝ ինչո՞ւ Հայաստանի մեծ քաղաքներում չկա օպերա: Հուսով եմ, որ մի օր իրավիճակը կփոխվի և օպերային արվեստը տարածում կգտնի նաև մայրաքաղաքից դուրս, մենք ունենք տաղանդավոր երգիչներ և շատ արժեքավոր ստեղծագործություններ»:  

Ամենասիրելի դերերգերի և այն դերերգերի մասին, որոնք երբեք չի կատարի, երգչուհին ասաց.

«Իմ սիրելի դերերգը այն դերերգն է, որ կատարում եմ, բայց կան  շատ սիրվածներ. դրանք են՝ Կարմենը, որը ես շատ եմ սիրել, Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայում Ազուչենայի դերերգը, Ալմաստի դերերգը, հետաքրքիր դերերգ էր Սասունցի Դավիթ օպերայում Չմշկիկ Սուլթանի դերերգը:  Կան դերեգեր, որոնք չեմ ձգտել կատարել, որովհետև հետաքրքիր չեն եղել…»

Նարինե Անանիկյանը կատարեց Բարսեղ Կանաչյանի «Ծիծեռնակը», Կոմիտասի «Ձայն տուր, ով ծովակ» ստեղծագործությունները, իսկ վերջում՝ անկրկնելի կատարում Վանաձոր կամերային երգչախմբի հետ հատված Բիզեի «Կարմեն» օպերայից:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *