Հայաստան

Կառավարությունը մինչև 2021 թ. հունվարի 11-ը սահմանեց կարանտին

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվեց կարանտին:

Այս մասին որոշումը հրապարակվել է Կառավարության կայքում՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապակարումից անմիջապես հետո:

Համաձայն որոշման՝  ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,  հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը):

Բացառություն է սահմանված նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների համար:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է բժշկական զննություն,անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ,ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Բժշկական զննությունից հետո Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ ժամանած անձինք ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին:

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես ստորագրված ծանուցագրի առկայության դեպքում:  

Սահմանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ, համաձայն որոնց հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝

 տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.

անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.

փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:

Առանձին հաստատություններում ևս սահմանվում են սահմանափակումներ.

Քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային 5 հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ): 

Զորամասերում արգելվում են` տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի:

Այլ սահմանափակումներում նշված է, որ բոլոր ուսումնական հաստատություններում և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:

Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հավելվածն ամբողջությամբ՝ այստեղ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *