Հայաստանում գյուղատնտեսության վիճակը տարբեր մարզերում ունի իր առանձնահատկությունները: Հատկապես հյուսիսային շրջաններում, ինչպիսին է Լոռի բերդ համայնքը, գյուղատնտեսությունը շարունակում է մնալ հիմնական զբաղբունքներից մեկը՝ շնորհիվ բարենպաստ կլիմայի և բերրի հողերի, սակայն այստեղ ևս խնդիրները քիչ չեն` տեխնիկական հագեցվածության պակաս, շուկայի հասանելիության դժվարություններ, բնական պայմանների անկայունություն:
Բովաձոր բնակավայրը, լինելով այս տարածաշրջանի մի մասը, արտացոլում է ընդհանուր պատկերը: Այստեղ գյուղացիները շարունակում են աշխատել՝ բախվելով ժամանակի մարտահրավերներին, բայց միևնույն ժամանակ պահպանելով հողի հետ կապված կենսակերպն ու մշակույթը:
Լոռի բերդ բնակավայրում վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում կապված են համայնքային և պետական աջակցությամբ նախաձեռնությունների հետ: Կարևոր ձեռքբերում են ոռոգման համակարգերի զարգացումն ու գյուղատնտեսական տեխնիկայի համալրումը:
Արմեն Ջաղինյանը փորձառու ֆերմեր է: Տասնամյակներ առաջ զբաղվել է հացահատիկի և կարտոֆիլի, ապա ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ:
Վերջին չորս տարիներին ազնվամորի է աճեցնում: Խնդիրները հիմնականում փորձում է լուծել սեփական միջոցներով: Սկսել է քչից, հետզհետե տարածքն ընդլայնել է: Ասում է՝ դժգոհ չէ, բարձրորակ, համեղ, հյութալի ու բուրավետ հատապտուղ է ստանում: «Պետք է ունենալ նաև արտադրական տեսակներ, որոնք երկար են դիմանում: Իսկ այս տեսակը, որը ես եմ մշակում, հնարավոր չէ: Տեղում պետք է իրացնել կամ դրանից այլ բան պատրաստել: Անցած տարի նաև երեք շարք արտադրական տեսակի ազնվամորի եմ տնկել»:
Բնակլիմայական պայմանները
Ասում է, որ ազվամորին այս տարածաշրջանի կլիմային հարմար է: Այգին հիմնադրելիս հաշվի է առել տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից, որպեսզի բարձր բերքատվությունն ապահովված լինի. «Էս տարածքն ընտրել եմ, քանի որ վերևով Լոռվա ջրանցքն է հոսում, հարմար է ջրելու համար: Այդ պատճառով էլ կաթիլային ոռոգման անհրաժեշտություն չկա»:
Պետական աջակցությունը
Արմեն Ջաղինյանն ասում է, որ պետական աջակցության ծրագրերից տեղյակ է, սակայն առայժմ չի դիմել, քանի որ դեռ մշակաբույսի աճեցման ծավալները մեծ չեն: Ընտանիքի անդամների և վարձու աշխատողների ուժերը բավարար են: Ինչ վերաբերում է եգիպտացորենի մշակմանը, անցած տարի վաղահաս տեսակ էր ցանել, սակայն երաշտի պատճառով չհասունացած՝ ծաղկեց. «Շատ քիչ բերք ստացա, կարելի է ասել՝ չստացա: Եթե ֆերմերը վնասով է աշխատել, հաջորդ տարին ո՞նց պետք է վարի-ցանի: Պետական սուբսիդավորումն ինձ հնարավորություն տվեց, որ աշնանը հողը նորից վարեմ: Հիմա պատրաստ է: Սպասում եմ՝ ցանքի օրերը գան:
Հակակարկտային կայաններ
Բովաձորում կարկտահարությունը շատ է, բայց ելքը գտնվել է: Վերջին տարիներին հակակարկտային կայանների ցանց է տեղադրվել, որը հիմնականում իրեն արդարացնում է: Առանձին դեպքերում, երբ ցիկլոնը շատ հզոր է լինում, քամու արագույթյունը՝ մեծ, կայաններն ամբողջությամբ չեն կարողանում իրենց արդարացնել: «Ես անցած տարի ձեռք եմ բերել նյութեր, որպեսզի իմ միջոցներով հակակարկտային ցանցեր տեղադրեմ, բայց դրանք շատ քիչ են, երևի մի 1000 ք/մ կծածկեն»:
Առաջարկ՝ ԱԺ պատգամավորության թեկնածուներին
Արմենը սիրով է մշակում հողը, դժվարություններից չի բողոքում, սակայն հիմնական խնդիրը բերքի իրացումն է համարում: Նա գալիք խորհրդարանին առաջարկ ունի. «Կարտոֆիլ և ցորեն ենք աճեցրել, սպառման խնդիր ենք ունեցել, հիմա, ազնվամորու սեզոնը որ եկավ, ստիպված օղի կամ գինի եմ պատրաստելու, թե չէ կփչանա: Պատկան մարմիններին առաջարկում եմ լուծել արտահանման կամ վերամշակման խնդիրը: Քանի որ դիմացկուն հատապտուղ չի, եթե մոտակայքում պահածոների գործարան լինի, կհանձնենք գործարանին: Այս տարի մեծ քանակությամբ բերք եմ ակնկալում: Հետաքրքրվել եմ, որոշ գործարաններ կան, բայց փոքր ծավալի բերք են վերցնում, ասում են՝ ավելին չենք կարող:
Գյուղատնտեսական, անասնաբուժական սպասարկման կենտրոնի կարևորությունը
Արմեն Ջաղինյանը, ֆերմեր լինելուց զատ, երկար տարիներ եղել է մարզի գլխավոր անասնաբույժը, ղեկավարում է Ստեփանավանի գյուղատնտեսական, անասնաբուծական, անասնաբուժական սպասարկման կենտրոնը, որը տարածաշրջանի ֆերմերներին դասընթացների միջոցով փոխանցում է ոլորտային գիտելիքներ և փորձ, ծանոթացնում նորարար մոտեցումներին: Կենտրոնում կատարում են անասունների սերմնավորում, հաջողել են կենդանիների մթերատվության և կաթնատվության բարձրացման գործում:
Առաջարկ՝ ԱԺ պատգամավորության թեկնածուներին
«Առաջնայինը բարձրակարգ կադրերի խնդրի լուծումն է, որը պետք է սկսել դպրոցից: Անասնաբույժը, եթե գործնական գիտելիքին զուգահեռ՝ կենսաքիմիա չիմանա, բժիշկ չի դառնա: Միայն փորձագիտությամբ սահմանափակվելը ճիշտ չէ: Մեզ միայն տնտեսություններում աշխատող մասնագետներ չեն պետք, այլև գիտությամբ զբաղվողներ: Պետական մոտեցում է պետք նաև Ագրարային համալսարանին, բարեփոխումներ են պետք»:
Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հեռանկարը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են արտադրության և իրացման գործընթացների հետ կապված խնդիրները: Դրանց հաղթահարումը կարող է էականորեն նպաստել գյուղական տնեսությունների զարգացմանը: Հետևաբար կարևոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ գյուղմթերքի իրացումը լինի կազմակերպված և կանխատեսելի՝ ապահովելով արտադրողի աշխատանքի արդյունավետությունն ու շարունակականությունը: Պակաս կարևոր չէ անասնապահության ոլորտում բանիմաց կադրերի պատրաստումը: Գրավչության բարձրացումը ևս պետք է լինի առջնահերթություն որոշում կայացնողների համար, քանի որ միայն մասնագիտական ներուժի և նպաստավոր պայամնների համադրությամբ հնարավոր կլինի ապահովել կայուն զարգացում ու մրցունակություն:
Մանրամասները՝ տեսանյութում




0 Մեկնաբանություն