ՄԱՐԶ

Ջրհեղեղն էլ ավելի վատթարացրեց մարզի բնապահպանական վիճակը. Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ներկայացնում է ջրհեղեղի հետևանքով ստեղծված բնապահպանական խնդիրները, մասնավորապես այն, որ կուտակված թափոնները հոսել և խառնվել են գետին, չռեկուլտիվացված պոչամբարները էլ ավելի վտանգավոր են դարձել, որոշ հատվածներում առկա են փլուզումների ռիսկեր, վայրի կենդանիները կորցրել են բները և հայտնվում են ավտոմեքենաների անիվների տակ:

Ջրհեղեղի հասցրած վնասները այգիներին

-Տեղի ունեցած ջրհեղեղը էլ ավելի վատթարացրեց էկոլոգիական վիճակը տարածաշրջանում, այսինքն ի թիվս մի շարք էկոլոգիական խնդիրների, որոնք առկա էին մարզում՝ ավելացան նորերը: Առաջին հերթին, մեծաքանակ տեղումները հեղեղումների պատճառ դարձան: Օրինակ, Ախթալայի ձորակներում և պոչամբարներում կուտակված թափոնները հոսել և խառնվել են գետին, արդյունքում ծանր մետաղների մի մասը հոսել գնացել է, մյուսը մասը հանգրվանել է հատակում: Անհրաժեշտ է գետի հունի նստվածքների փորձաքննություն իրականացվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գետի ջրով մարդիկ ոռոգում են իրենց այգիները, իսկ այգիների ոռոգումը տնտեսական խնդիր է: Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունը ի վերջո կարողանա մուտք գործել դեպի եվրապական շուկա, ապա գյուղմթերքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր: Սակայն Լոռու մարզի Ալավերդի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքների բնակիչներն իրենց դաշտերն ու այգիները ոռոգում են Դեբետ գետի ջրով:

Կուտակված թափոնները հոսել և խառնվել են գետին

-Տարածաշրջանում առկա են ռեկուլտիվացված և չռեկուլտիվացված պոչամբարներ, օրինակ, փակման ենթակա Նահատակի պոչամբարը, որը պետք է ռեկուլտիվացված լիներ դեռևս 2023 թ. վերջին, բայց անհայտ պատճառով չի արվել: Իսկ տեղումների քանակը և կուտակումները պոչամբարի մեջ, հիմք են տալիս մտածել, որ կարող են խնդիրներ առաջանալ նրա սեյսմակայունության հետ, և անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություններ կտարել նաև պոչամբարում:

Գուղատնտեսական նշանակության հողերը ոչ պիտանի

-Վնասվել են հանքարդյունաբերական թափոնների թափոնակիր խողովակներ և որոշ քաղաքացիների հողամասեր լցվել են թափոններով: Մարդիկ ահազանգում են, որ գյուղատնտեսական նշանակության հողերն այլևս պիտանի չեն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Որպեսզի պարզվի, թե շրջակա միջավայրն ու գյուղատնտեսությունը ինչ վնասեր են կրել, ի՞նչ քանակի՝ հարկավոր է, որպեսզի ահազանգն ուսումնասիրվի  տեղում և իրականացվեն դիտարկումներ, որն առաջին հերթին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներում են: Ուշագրավ է նաև, որ Դեբետ գետը մեծաքանակ աղբ է կլանել և ամբողջ գետի առափնյա հատվածները լցոնված են կենցաղային աղբով, իսկ դրա մասին կարծես ոչ ոք չի խոսում:

Գետի հունի լայնացման հետևանքները

-Դեբետ գետի հունը տեղ-տեղ մի քանի անգամ լայնացել է, բազմաթիվ ծառեր է կլանել ջրհեղեղը, այսինքն, մենք մարզում բնապահպանական տարածքների ծառերի լուրջ կորուստներ ունենք, բայց այդ հաշվարկները չկան, որպեսզի հասկանանք, թե որտեղ է առկա անտառվերականգնման կարիք: Գետի հունի լայնացման հետևանքով խախտվել են նաև որոշ կենդանատեսակների բնակատեղիներ, և այդ կենդանիները հիմա գտնվում են շոկի մեջ, փորձելով գտնել իրենց բները, իրենց ծանոթ ճանապարհներ, որ հասնեն գետ և ջուր խմեն: Մենք ականատեսն ենք լինում այն տխուր փաստին, որ մի շարք վայրի կենդանիներ հայտնվում են մեքենաների անիվների տակ: Այստեղ ևս մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք և համապատասխան մարմինները պետք է ճանապարհների որոշ հատվածներում տեղադրեն նշաններ, որովհետև այս հատվածը երկար ժամանակ կենդանիների ակտիվ տեղաշարժի ակտիվ տարածք է լինելու:

Հնարավոր փլուզումներ

-Ջրհեղեղի հետևանքով տարբեր վայրերում ավելացել է նաև հնարավոր սողանքների խնդիրը,  և հնարավոր ռիսկերի վերաբերյալ ազգաբնակչությունը տեղեկացված չէ: Պետք է այս խնդիրը ևս լրջագույն ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի բնակիչները տեղեկանան, որ այս կամ այն հատվածում առկա է փլուզման վտանգ…

 Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *