«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ նախագահ Մայիս Մարգարյանը ձևակերպում է և բնութագրում է ապագայի քաղաքացուն այսպես.
-Ապագայի քաղաքացի, 21-րդ դարի մարդ լինելու նվազագույն պայմաններն են. Իմանալ օտար լեզու, լինել իրազեկ, որի ճանապարհը տարբեր ցանցերին միանալն է, դա էլ ենթադրում է ակտիվ լինելը, լինել թվային, առանց որի չափազանց դժվար է հաղորդակցվել աշխարհի հետ և իհարկե, հմտություններ: Այսօր հմտությունները շատ ավելի կարևոր են, քան՝ գիտելիքները, որովհետև գիտելիքները կարելի է զարգացնել, բայց հենց հմտություններն են թույլ տալու կիրառել գիտելիքները:
Մայրաքաղաքից Լոռու մարզ՝ մշտական բնակության
-Ծնվել և մեծացել եմ Երևանում, ապրել եմ մինչև 34 տարեկան ու տեղափովել եմ Լոռու մարզ: Առաջին հայացքից տարօրինակ որոշում է, չէ՞, թողնել հնարավորություններով լի Երևանը: Իրականում ես ոչինչ չեմ կորցրել, բոլոր հնարավորությունները հետս բերել եմ: Ամբողջ հարցն այն է, որ հնարավորությունների ռեսուրսներին մոտ լինելը 2 տարբերակ է ենթադրում. Մեկը՝ ֆիզիկապես մոտ լինեն հնարավորություններին, իսկ երկրորդ տարբերակը՝ կապերն են: Կապերը խողովակներն են, որով հոսում են հնարավորություններն ու ռեսուրսները: Ես իմ կապերով հանդերձ «Նոութբուքս» ծալել ու տեղափոխվել եմ, ինձ հետ բերելով բոլոր իմ կապերը, ռեսուրսները, բիզնեսի գործընկերներին, հաճախորդներին: Խոսքը՝ հեռավար, հիբրիդային աշխատանքի մասին է, որը շատ մեծ ճկունություն է տալիս մարդուն: Ես այդ ամենը հաշվի առնելով ընտրել եմ բնության մեջ ապրելը, մարզում ապրելը, որովհետև մարզում հանգիստ է, սթրես չկա:
Համացանցից դուրս համայնքային կյանքը
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ով ստեղծել ենք կազմակերպիչ և առաջնորդ, երիտասարդների և մեծերի համայնք: Մեծերին անվանում ենք «մենթորներ»: Դա համագործակցային ցանց է, որտեղ մեծերը հավաքվել են երիտասարդների և պատանիների շուրջ, նրանց տալով ոչ ֆորմալ կրթություն, ստացած գիտելիքները փորձարկելու և կիրառելու հնարավորություն, կամավորության դաշտ, հենց կազմակերպությունների ներսում սեփական նախագծեր ստեղծելու դաշտ: Այսօր ունենք ապակենտրոն, ամբողջ Հայաստանում տարածված համագործակցային առաջնորդական ցանց, որոնք ժամանակի ու տարածության մեջ, տարբեր տեղերում ստեղծում են տարբեր արժեքներ, այդ թվում՝ բիզնեսներ, սոցիալական նախագծեր և կամավորություն տարբեր նախագծերում…
Մարզերի բնակիչների ակնկալիքներ
Ցանկացած տեղ, եթե երիտասարդին տալիս ես միջավայր և ոգևորություն՝ ինքը բացվում է: Մի քիչ ժամանակ ու կայունություն է պետք և մեր մարզերի երիտասարդները դառնում են բաց, համագործակցող, իսկ այդ փոփոխություններին և զարգացման ընթացքին մենք հետևում ենք, գոհ ենք, արդյունքներն էլ ոգևորում են:
Այս ամենը՝ համագործակցող, լավ կրթված, ապակենտրոնացված առաջնորդների մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն