Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ի նշում է, որ ըստ նախնական տվյալների՝ մեկ քաղաքացի մահացել է, յոթը՝ տուժել։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ փլուզման հետևանքով 8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա մի աղջնակ ճանապարհին մահացել է: Ըստ կայքի` վիրավորները նույնպես երեխաներ են, որոնք նշված փողոցի երկահարկանի տներից մեկի պատշգամբում խաղալիս են եղել, երբ այն փլուզվել է:
Շենքը կառուցված է եղել խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան։
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից հայտնեցին, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։
0 Մեկնաբանություն