ՄԱՐԶ

ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ռեժիսորի, ընկերոջ, հոր, գործընկերոջ, արտիստի մասին

 ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը:

Հայ թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն  ու զորակցությունն է հայտնում Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին,  հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում:

***

Մի քանի ֆեյսբուքյան գրառում վարպետի մասին. /Լոռի TV-խմբ./

***

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ցավով տեղեկացա սիրելի Վարպետի՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի անժամանակ մահվան մասին: Շա՜տ ափսոս, որքա՜ն կիսատ գործեր մնացին, ի՜նչ անփոխարինելի արվեստագետ, բեմարվեստի արքա ու մտավորական կորցրեց հայոց թատերարվեստը:

Սիրելի՛ Վարպետի շուրջ 100-ի հասնող բեմադրությունները տասնամյակներ շարունակ գերել են ոչ միայն հայ հանդիսատեսի սրտերը, այլև փայլել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: Ուրույն ձեռագիր ուներ Վահե Շահվերդյանը, նրա արվեստը շատ տարբերվող էր, միայն իրեն հատուկ՝ Վահե Շահվերդյանական: Նա իր նրբանկատությամբ կարողանում էր հարթել ցանկացած հակասություն, համախմբել տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր արտիստներին, իրականացնել սահուն սերնդափոխություն: Նա հեշտությամբ էր կարողանում բացահայտել նորանոր տաղանդավոր արտիստ-արտիստուհիներին, թև տալիս, ոգևորում, ընձեռում ազատ ճախրելու, ինքնադրսևորվելու հնարավորություն:

Սիրելի՛ Վարպետ, Ձեր հիշատակը միշտ վառ կմնա բոլոր թատերասերների, Ձեր արվեստը գնահատողների սրտերում:

Խոր վշտով ցավակցում եմ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին, արվեստասեր հասարակությանը:

***

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Շահվերդյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

***

ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։

Կներես, որ չհասցրի ասել այն ինչ պիտի ասեի :

Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:

Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:

Կհանդիպենք երկնքում ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ:

***

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ

 · Երկրային իր ուղին ամփոփեց թատրոնի խնկարկուն ու սպասավորը՝ Վահե Շահվերդյանը: Խոնարհում և հավերժ հիշատակ...

***

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին

Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաև Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք: 1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ: Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընդունելություն չկազմակերպեց: Վահեն ընդունվեց Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին: Վահեն ավելի հետևողական գտնվեց և երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ: Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչև այս պահը: Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ: Դրանք գնահատել են թատերական հանրույթը և ժողովուրդը: Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին և մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին և հրաշալի մարդուն կորցնելու առիթով:

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Մեծ ցավով ստացա ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր, թատերական գործից Վահե Շահվերդյանի մահվան լուրը։ Անգնահատելի է նրա վաստակը հայ թատերական արվեստում: Պարոն Վահե Շահվերդյանն իր բեղմնավոր աշխատանքով՝ նշանակալի ավանդ է թողել հայ թատերական արվեստում:

Նրա տասնյակ բեմադրություններից շատերը ներկայացվել են աշխարհի տարբեր բեմերում։ Ղեկավարելով Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը, նոր շունչ ու ավելի մեծ -անաչում է բերել մեր դրամատիկական թատրոնին։

Խորին ցավակցություններս եմ հայտնում պարոն Շահվերդյանի ընտանիքին, գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և կիսում եմ նրանց վիշտը։

***

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ 

Խոր ցավով տեղեկացանք անվանի բեմադրիչ, թատերական մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Սուրենի Շահվերդյանի մահվան մասին։

1990-ականների դժվարին տարիներն առանձնակի լուսավոր ու երջանիկ տպավորությամբ են վերհիշում մեր թատրոնի արտիստները, երբ Ալավերդու ժողովրդական թատրոնը հանդիսացավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մասնաճյուղը, որը ղեկավարում էր Վահե Շահվերդյանը։

Բեմարվեստի նորարար Վահե Շահվերդյանի շնորհիվ հայ թատրոնի հեղինակությունն ինչպես մինչխորհրդային, այնպես էլ հաջորդող ժամանակաշրջանում եղել է բարձրակետում։

Թատերարվեստի նվիրյալ Վահե Շահվերդյանը ձևավորեց ուրույն՝ շահվերդյանական թատերական ձեռագիր։

Վահե Շահվերդյանը հավերժացավ՝ մնալով որպես չափանիշ...

Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Շահվերդյան ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա մեծ արվեստի երկրպագուներին...

***

ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Սրտիս մի անկյունում հույսը չէր մարում ․ Համոզված էի որ այս անգամ էլ կհաղթահարես , դուրս կգաս․․․․ ավաղ․

Քեզ հետ այն տասներկու տարիները որ թատրոնում ապրեցի ու ստեղծագործեցի միայն վառ գույներով է պատված , բերկրալի պահերով ․ Մենք միասին ստեղծեցինք Աբեղային որ քսան տարի ապրեց բեմում , Ներսեհին , Թումանյանին , Յաշային , Վաղինակին , Արշակ Թագավորին․ Այս արարման պահերը ինձ հետ կլինեն միշտ , հավիտյան և ուրեմն նաև դու․ Թատրոն էիր քո ամբողջ էությամբ , քո կյանքը ապրում էիր թատրոնի համար՝ թատրոնով ․ Անմնացորդ նվիրյալ ․Մեծ անհատականություն ․ Գնաս բարով ․ Ննջիր խաղաղությամբ Վահե ջան ․

***

Ն ․ ԽԵՐԱՆՅԱՆ

Սպիտակազգեստ ու անպաշտպան , մոլորված ու սայթաքած, համառ ու խոցելի , դյուրահավատ ու անկոտրում կանանց մի բազմերանգ կտավ թողեցիր հայ թատրոնին ․ Թատրոնում մարմին ու հոգի ստացան քո տեսիլքները ու դրանցից ոմանք ծնվեցին նաև իմ օգնությամբ , իսկ ավելի ճիշտ կլինի ասել քո օգնությամբ ․ Քեզ հետ աշխատանքը տոն էր , որ հավերժ կմնա իմ հուշերում ․ Ավել պակասի համար մենք ներել էինք իրար լուռ ու անխոս ․

***

ԹԵՐԵԶԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ  

Դու՝ Վահե՛ս, մեր Շահվերդյան տոհմի կենդանի՛ դասական, հիմա ու՞մ չափորոշիչով չափեմ արվեստը: Ինչպե՞ս դիմանամ այս ցավին:

***

ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎ

Թանկ ու անդառնալի կորուստ ունեցանք, հազար ափսոս. կորցրինք մեր Վահեին՝ մեր ընկերոջը, հարազատին, մտերիմին, եղբորը...

Ժամանակից շուտ բռնեց հավերժության ճամփան, շտապում էր, ամեն տեղ ու ամեն ինչում շտապում էր...

Մեծ անդունդ առաջացավ հայ թատերական արվեստի աշխարհում, որն այլևս ոչնչով ու ոչ մեկով չի լցվի...

Երկնային արքայություն քեզ, սիրելի ընկեր. սիրելի եղբայր, թող Աստված միշտ լուսավոր պահի քո պայծառ հոգին... Կկարոտենք, շաաաատ կկարոտենք...

***

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հանգչիր խաղաղությամբ, Վահե Սուրենիչ: Այն, ինչ սովորեցինք Ձեզնից, մեր մասնագիտական հարստությունն է: Ստեղծագործական հետաքրքիր տարիներ, հարթ, երբեմն՝ հակասական, երբեմն՝ անսպասելի, երբեմն՝ սպասելի, մի խոսքով այնպես, ինչպես ոչ միաբևեռ կյանքը... Երկնային արքայություն Ձեզ...

***

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Թատրոնի դասականը, ճաշակը, խիղճը, բարձրը..... եզակին ու անկրկնելին.... շատ ափսոս։

Դժվար ձեր բացառիկ տեսակից ու ձեր թատրոնում կատարած մնայուն արժեքից էլի ունենանք։ Ես հպարտանում էի, ու միշտ ոգեւորված էի, որ դուք կաք ու թատրոնը ձեր ներկայությունը իր պատերից ներս ապրեցնում` շնչառությունը պահում, որովհետեւ Սուրենիչ, ձեր թողած յուրահատուկ, բարձր ճաշակով ու միշտ արդի, ձեր դասական ձեռագիրը թատրոնում այն ներկայացումներն էին, որ այսօր թատրոնը ամուր պահում էր։ Ավաղ չգիտեմ, ձեզնից հետո վաղը ինչ կլինի.....

Շատ, շատ մեծ կորուստ...

***

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

...ժամանակ ա պետք ընդունելու ու հաշտվելու համար:

Առայժմ Սուրենիչ!!!

***

ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆ  · 

Հայ Թատրոնի մեծագույն էսթետ, սիրելի՜ Վահե Սուրենիչ, ննջիր խաղաղությամբ...

***

ԳԱՅԱՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Վաղ առավոտվա բոթն անհավատալի ու ցնցող էր...Չկա այլև Վահե Շահվերդյանը, ում սերնդակից լինելը պատվաբեր էր նրան ճանաչողների , նրա մեծ տաղանդը գնահատողների և շնորհը երկրպագողների համար...Յուրաքանչյուր հանդիպում Վահե Սուրենիչի հետ տոն և իրադարձություն էր, ուսուցանող ու արվեստը գնահատելու յուրահատուկ մաստեր-կլաս, և իմ շփումները Վարպետի հետ ինձ միշտ հզոր լիցքեր են հաղորդել ...Հազար ափսոս, Սուրենիչ ջան, ինձ թույլ եմ տալիս ասել՝ Անփոխարինելի Մաեստրո...

***

ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Գնաց արտիստը, գնալով թողեց Մշակութային մեծ ժառանգություն, ուսանողների մեծ բանակ։ Ցավակցում եմ հարազատներին ընկերներին և հայ թատերարվեստի ներկայացուցիչներին... Ննջես խաղաղ վարպետ:

***

Կենսագրական տվյալներ

Վահե Շահվերդյանը ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1971թ. ավարտել Է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1973-96թթ եղել է Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից դասավանդե է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-98թթ եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1996-2008թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 2008թ-ից վերադարձել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ ղեկավարել է գեղարվեստական մասը: Կատարած բեմադրություններից են` Մ.Մետերլինկի «Կապույտ թռչուն» (1980թ.), Ա.Չեխովի «Երեք քույր» (1987թ., Լիսաբոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1990թ.), Ռ.Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991թ., Ուժգորոդի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1991թ.), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Օրյոլի ռուս դասական դրամատուրգիայի միջազգային փառատոնի 1-ին մրցանակ, 1993թ.), Մ.Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995թ., Ստրասբուրգի ազգային թատրոն), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1999թ.), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001թ.), Ա.Շիրվանգադեի «Պատվի համար» (Տրապիզոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 2006թ.) և այլն: 1995-99թթ եղել է ՀՀ Աժ պատգմավոր: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` ՀՀ կրթության և գիտության, 2006թ.` մշակույթի նախարարությունների և ԵՊՀ ոսկե մեդալներով, 2003թ.` «Վահագն» համահայկական, 2006թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակներով: 1989թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2003թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի և Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» մեդալի: Մահացել է Երևանում՝ 31.10.2022 թ.:

***

Հայ թատրոնի պատմության ամենագունեղ էջերից մեկը լրացրած, հայ մշակույթին, ինչպես նաև համաշխարհային մշակույթին փառք ու պատիվ բերած, քանքարաշատ բեմադրիչի, արտիստի մասին այս էջի գրառումները կշարունակվեն:

Ամենայն հարգանքով և նվիրումով հավաքագրեցի այն, ինչ հանդիպեց իմ լրահոսում:  

ՆԱՐԻՆԵ Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *