ՄԱՐԶ

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Երկու օր է, ինչ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների ղեկավարները դիմում են Լոռի TV խմբագրություն և տարակուսանք հայտնում առ այն, որ քաղաքապետարանից հրահանգել են հավաքագրել բոլոր աշխատողների անձնագրերի, սոցիալական քարտերի, բնակության և գրանցման մասին տվյալները:

Խմբագրություն դիմած տնօրենը, որը չցանկացավ իր անունը հրապարակել՝  ասաց, որ հրահանգվել է շատ արագ հավաքել մեր բոլոր աշխատողների անձնական տվյալները և նեկայացնել քաղաքապետարան, իսկ իր ճշգրտող հարցին, թե դա ո՞ւմ և ինչի՞ համար է պետք, ասել են, որ  այդ պահանջը ներկայացրել է Լոռու մարզպետարանը:

Լոռի TV-ն զրուցեց Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանի հետ, ով նախ զարմացավ, ապա ասաց, որ պաշտոնապես հայտնում է, որ Լոռու մարզպետարանը նման պահանջ համայնքներին չի ներկայացրել և տեղյակ էլ չի, թե ինչո՞ւ են հավաքագրում այդ տվյալները:

Խնդրի իրավական կողմը հասկանալու համար դիմեցինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, ով նշեց հետևյալը. «Նախ, յուրաքանչյուր աշխատող ունի կնքած պայմանագիր գործատուի հետ, տվյալ դեպքում՝ Վանաձորի քաղաքապետարանի հետ, իսկ այդ պայմանագրերում արդեն իսկ զետեղված են անձնական տվյալները, հետևաբար՝ պահանջ ներկայացնողը պիտի հիմնավորի, թե ինչ նպատակով է հավաքագրում աշխատողների տվյալները: Քաղաքապետարանը որպես տեղական ինքնակառավարում իրականացնող մարմին իրավունք ունի կատարել միայն օրենքով իրեն վերապահված գոծողություններ, իսկ օրենքի ո՞ր կետով է կատարում այդ գործողությունը և ի՞նչ մեխանիզմեր ունի անձնական տվյալների պաշտպանության համար՝ հայտնի չէ: Ավելին, բնակչության հաշվառում իրականացնող մարմին ՀՀ-ում հանդիսանում է ոստիկանությունը: Բոլոր դեպքերում, նշված հանգամանքներով հանդերձ, պահանջ ներկայացնողը  պարտավոր է իրավական հիմնավորում ներկայացնի անձնական տվյալների հավաքագրման համար», ասաց Արթուր Սաքունցը:

Զրուցեցինք նաև  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ, ով ասաց, որ նպատակը պիտի ասեն, թեև ամեն դեպքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *