Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Բովաձորի և պետության օրինական շահերին էական վնաս հասցրած նախկին գյուղապետ Էդուարդ Մելիքսեթյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է

2019 թվականի մարտի 27-ին Լոռու մարզի դատախազությունից ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժին ստացված Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Բովաձոր վարչական շրջանի բնակչուհի Ֆլորա Ջիլավյանի և loritv.am  կայքում 2019 թվականի մարտի 21-ին «Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» ծրագրի շրջանակում հրապարակված «Բովաձորում կասկածում են, որ նախկին գյուղապետ Էդուարդ Մելիքսեթյանը հովանավորվում է նոր իշխանությունների կողմից» վերտառությամբ լրագրողական հոդվածի շուրջ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Բովաձոր համայնքի նախկին ղեկավար Էդուարդ Մելիքսեթյանը 2002 թվականի հուլիսի 01-ի թիվ 11 կարգադրությամբ դադարեցրել է Բովաձորի գյուղապետարանի ենթակայությամբ գործող տեղի գրադարանի գործունեությունը, նույն կարգադրությամբ գրադարանի գործունեության դադարեցման կապակցությամբ նույն գրադարանի վարիչ հանդիսացող իր կնոջը`Գալինա Մելիքսեթյանին ազատել  գրադարանի վարիչի պաշտոնից և, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նշանակել Բովաձորի գյուղապետարանի մասնագետի պաշտոնում`փաստացի գոյություն չունեցող գրադարանի հետ կապված պարտականությունները դրել վերջինիս վրա, ինչի արդյունքում նրա անունով Բովաձորի գյուղապետարանի բյուջեից 2002 թ. հուլիս ամսից մինչև 2009 թ. հունվարի 01-ը ելքագրվել է առնվազն 2.197.000 ՀՀ դրամ աշխատավարձ՝ այդպիսով էական վնաս է հասցնելով Բովաձոր համայնքի և պետության օրինական շահերին:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում 2019  թվականի ապրիլի 08-ին հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Բովաձոր գյուղի նախկին գյուղապետ  Էդուարդ Իվանի Մելիքսեթյանը 2002 թվականի հուլիսի 01-ի թիվ 11 կարգադրությամբ դադարեցրել է Բովաձորի գյուղապետարանի ենթակայությամբ գործող տեղի գրադարանի գործունեությունը և նույն կարգադրությամբ գրադարանի գործունեության դադարեցման կապակցությամբ նույն գրադարանի վարիչ հանդիսացող իր կնոջը`Գալինա Մելիքսեթյանին ազատել է գրադարանի վարիչի պաշտոնից և նշանակել է Բովաձորի գյուղապետարանի մասնագետի պաշտոնում`փաստացի գոյություն չունեցող գրադարանի հետ կապված պարտականությունները դրել վերջինիս վրա, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին,  թիվ 12 կարգադրությամբ Գալինա Մելիքսեթյանը 2009 թվականի հունվարի 01-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Բացի այդ, Էդուարդ Մելիքսեթյանը հաստատապես իմանալով իր կնոջ`Բովաձորի գյուղապետարանի մասնագետ Գալինա Մելիքսեթյանի կողմից 2002 թվականի հուլիս ամսից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, աշխատանքը ոչ պատշաճ կատարելու հանգամանքների մասին, Գալինա Մելիքսեթյանի անունով  անհիմն դուրս է գրել ընդհանուր խոշոր չափերի`909. 955 ՀՀ դրամի աշխատավարձի գումար, որը վերջինս անձամբ ստացել և օգտագործել է անձնական կարիքների համար: Այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Էդուարդ Մելիքսեթյանը վատնման եղանակով հափշտակել է Բովաձոր համայնքի բյուջեից  խոշոր չափերի հիշյալ գումարը:

2019 թվականի հունիսի 21-ին որոշում է կայացվել Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքը տուժող ճանաչելու մասին, իսկ նույն թվականի հունիսի 25-ին Լոռի Բերդ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Լիլիթ Սիրակի Մովսիսյանը ճանաչվել է տուժողի ներկայացուցիչ:

Համաձայն Լոռու մարզի Բովաձորի գյուղապետարանի 2002 թվականի հուլիս ամսից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ աշխատակիցների աշխատավարձերի ցուցակների զննության 2019 թվականի հունիսի 14-ի արձանագրության`Գալինա Մելիքսեթյանի անունով վատնվել է ընդհանուր առմամբ 909.955 ՀՀ դրամ գումար:

2019 թվականի հունիսի 28-ին քրեական գործով վկա Էդուարդ Մելիքսեթյանը վարույթն իրականացնող մարմին է ներկայացրել Լոռի Բերդի համայնքապետարանի հաշվեհամարին Բովաձոր համայնքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով իր կողմից փոխանցված 909.955 ՀՀ դրամի չափով մուծման թիվ 66 անդորրագիրը:

Վերոգրյալը հիմնավորվել է գործով վկա Էդուարդ Մեիքսեթյանի խոստովանական ցուցմունքներով, վկաներ՝ Գալինա Մելիքսեթյանի, Պայծառ Այվազյանի, Ֆլորա Ջիլավյանի նույնաբովանդակ ցուցմունքներով, փաստաթղթերի զննության արձանագրությամբ, ինչպես նաև քրեական գործում առկա այլ փաստաթղթերով:

Նախաքննության ընթացքում վկա Էդուարդ Մելիքսեթյանը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին դիմում է ներկայացրել այն մասին, որ, հանդիսանալով Բովաձոր գյուղի ղեկավար, օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ու վատնել Բովաձոր համայնքի խոշոր չափերով՝ 909.955 ՀՀ դրամ գումարը, որը կամովին վերականգնել է, խնդրել է իր նկատմամբ հարուցված գործը կարճել`օրենքով նախատեսված ցանկացած հիմքով, այդ թվում`ոչ արդարացնող, իսկ գործով տուժողի ներկայացուցիչ Լիլիթ Մովսիսյանը վարույթ իրականացնող մարմնին դիմում է ներկայացրել, որ նշված դեպքի կապակցությամբ Էդուարդ Մելիքսեթյանից որևէ բողոք կամ նյութական պահանջ չունի:

ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 308 հոդվածի 1-ին մասը նախատեսում է`պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը`շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով`որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):

Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էդուարդ Իվանի Մելիքսեթյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով: Այդ հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետը սահմանում է ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Միաժամանակ Էդուարդ Մելիքսեթյանի հանցագործությունն ավարտված է համարվում 2008 թվականի դեկտեմբերի 27-ից, ինչից անցել է 10 տարի ժամանակ, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 5 տարի ժամկետ»: Ըստ գործում առկա փաստաթղթերի նշված ժամկետը ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ, ուստի Էդուարդ Մելիքսեթյանի միջնորդությունը քրեական գործով վարույթը կարճելու և իր  նկատմամբ հետապնդում չիրականացնելու մասին ենթակա է բավարարման:

Հ.Գ

Հարկ է նշել, որ տեսանյութի հրապարակման հենց հաջորդ օրը՝ 22.03.2019-ին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղել է Բովաձոր համայնքում, հանդիպել բնակիչների հետ՝ հասկանալու գյուղում տիրող իրավիճակը: Հանդիպմանը նա վստահեցրել էր. «Դուք եք իմ մարզի բնակիչները և ես կոչված եմ Ձեր շահերը պաշտպանելու»: Հավաստիացնելով, որ չունի հովանավորյալներ, Անդրեյ Ղուկասյանը նշել էր, որ  բոլոր այն անձինք, ովքեր նախկինում չարաշահումներ են թույլ տվել, անկախ նրանից  10, թե 20  տարի առաջ, պետք է պատասխան տան: Ստացվում է, որ, այդուամենայնիվ, ՀՀԿ իշխանության օրոք պաշտոնավարող ու անպատժելիության սովոր որոշ պաշտոնյաների վրա  Լոռու մարզպետի հայտարարությունը չի տարածվում:

Տեսանյութը դիտել՝ 3:11 րոպեից

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *