Սոցիալական

Չնկատեցի ապացույցներ, թե աղբատարների նվիրաբերումը կոռուպցիոն գործարք է եղել։ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրում է

Մի քանի նկատառում Երևանի աղբատար մեքենաների պատմության շուրջ։
Ես ուսումնասիրեցի բոլոր հասանելի աղբյուրները Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատար ավտոմեքենաների մասին, Հետքի հրապարակումը, ուսումնասիրեցի այս մասին Երեւանի ավագանու անդամների հարցազրույցները եւ հայտարարությունները, Հայկ Մարությանի բացատրությունները, իմ գործընկերներ Արթուր Սաքունցի եւ Սոնա Այվազյանի հարցազրույցները եւ էլի մի քանի կարծիք: Լինելով Գյումրու ավագանու անդամ, խնդիրը լավ հասկանալու համար փորձեցի իրավիճակը արտածել կամ պատճենել նաեւ մեր քաղաքի վրա եւ դատողությունների հանգեցի, որ ստորեւ ներկայացնում եմ հանրությանը: Կարիք չկա երեւի, բայց ասեմ, որ ոչնչով կաշկանդված կամ պարտադրված չեմ այս կարծիքը հայտնելու եւ կարծիքի բովանդակության մասով, չունեմ շահեր ու շահերի բախումներ: 

1. Չգտա, կամ չնկատեցի ապացույցներ, թե աղբատարների նվիրաբերումը կամ որպես նվեր ստացումը կոռուպցիոն գործարք է եղել, որ որեւէ մեկը դրանից արտաօրինական շահ է հետապնդել եւ ստացել է այդ շահը, կամ դեռ չի ստացել, բայց ստանալու ճանապարհին է: Մասնավորաբար, համարում եմ, որ հիշատակված շինթույլտվությունները չեն կարող լինել ապօրինի, այսինքն տրված լինել այդ աղբատարների նվիրաբերման դիմաց, եւ օրենքով չէին կարող տրված լինել, մանավանդ, կառուցապատումներից մեկի մասով դեռ հանրային լսումներ են լինելու, այսինքն հանրությունը իրավունք ունի եւ կարող է գնալ քննարկման ու խափանել այդ շինարարական ծրագիրը, եթե կհամարի անպիտան կամ վնասակար, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետը թույլտվություն է տվել: Չեմ կարծում, թե թափանցիկության այս մեխանիզմների ժամանակներում Հայկ Մարությանը կամ նրա տեղակալները կամ խորհրդատուները կհամարձակվեին օրինականության շրջանցմամբ կառուցապատողներին շինարարական թույլտվություն տալ, այն հույսով, թե դրա նորմատիվային խախտումները չեն բացահայտվելու եւ իրենք գոնե քաղաքական պատասխանատվության առաջ չէին հայտնվի, մանավանդ, կլիներ նաեւ իրավական պատասխանատվություն:

2. Եթե նույնիսկ (անհասկանալի կերպով) այդ շինթույլտվություններն տրվել են օրինական գործարքի դիմաց, այսինքն դրանք կամավոր նվիրատվութուններ չեն,  դրանք պիտի, որ արված լինեն նաեւ այլ շինթույլտվությունների դեպքում, այսինքն նման բաներ արած կլինեն նաեւ այլ կառուցապատողների հետ, որոնք ինչպես ասվեց, հարյուրավոր են: Հակառակ դեպքում, կստացվի, որ քաղաքապետարանը խտրական է վարվել տարբեր կառուցապատողների հետ, այսինքն քաղաքապետը ոմանց շինթույլտվություն է տվել «նվերի» դիմաց, իսկ այլոց՝ հենց այնպես: Սա, հրապարակումներից հետո, «նվիրատուներին» բերելու է քաղաքապետարանի դուռը՝ Հայկ Մարությանին ուղղված հետեւյալ հարցով.«ինչու եք մեզ կլպել, իսկ ուրիշներին ոչ»: Եթե այս վարկածը ճշմարիտ է, աղմուկը շուտով կլսենք՝ բանավոր կամ գործնական ու նույնիսկ հաշվեհարդարի ինչ-ինչ ձեւերով: Կամ էլ բոլորին են կլպել: Այս դեպքում նույնպես կիմանանք, ում, ինչով-ինչքան: Բավական է, որ Երեւանի ավագանու անդամները, կամ ցանկացած քաղաքացի տեղեկության հարցում հղի քաղաքապետին, կամենա իմանալ, թե (1) վերջին մեկ տարում քաղաքապետարանը ումից ինչ նվերներ է ընդունել, նվիրատուն, նվերը, նվերի տեխնիկական բնութագրերը, ապա (2.1) վերջին մեկ տարում քանի շինթույլտվություն է տվել քաղաքապետարանը, ում, ինչ է կառուցվելու, ինչպես նաեւ, (2.2) ովքեր են քաղաքապետարանի կապալառուները, ինչ գումարի կապալ են ունեցել, ինչ են մատակարարել եւ այլն: Ահա այս տեղեկությունների ամբողջական վերլուծությունը թույլ կտա հասկանալ՝ քաղաքապետարանը որպես «փափուկ ռեկետ» է նստել ներդրողների ու կապալառուների վրա՞, թե՞ չի նստել: Եթե ռեկետ, թեկուզ համայնքի օգտին, բացահայտվի, հարկավոր կլինի գործը քննարկել քրեական հարթության մեջ: 

3. Արժե՞ որ որեւէ քաղաքապետարան նվերներ ընդունի ներկա եւ/կամ նախկին պաշտոնյաների/պատգամավորների հետ փոխկապակցված անձանցից: Այս հարցը պարբերաբար ծագելու է քանի դեռ տնտեսական լյուստարացիա չի եղել, կամ կապիտալի եւ տնտեսական լյուստրացիա: Նվիրատուներից մեկը, ըստ հրապարակված տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանի բավականին մերձավոր ազգականն է: Կան ենթադրություններ, որ իրական շահառուն Սամվել Ալեքսանյանն է: Հարց է ծագում, թե ինչն էր խանգարում Սամվել Ալեքսանյանին՝ անձամբ դիմելու այդ շինթույլտվությունների համար եւ անձամբ նվիրաբերելու այդ աղբատարները եւ գուցե այլ գույք եւս: Այդ հարցի պատասխանը չգիտեմ, մանավանդ, եթե ինքը հասկանում էր, որ կապելու էին իր անվանը: Ինչո՞ւ պիտի անձամբ չդիմեր ու անձամբ չնվիրեր: Ի՞նչ եք կածում, որ ինքը դիմեր, իրեն մերժելու էի՞ն Սամվել Ալեքսանյան լինելու համա՞ր, հազիվ թե: Չի դիմել, երեւի միայն այն պատճառով, որ անձամբ ինքը շահառու չէ այդ շինարարական ծրագրում: Մյուսների մասով նույն հարցերն են նույն պատասխանով: 

Իսկ հնարավո՞ր է, որ ներդրվելիք կապիտալը «կեղտոտ» կապիտալ է: Շատ հնարավոր է: Նման ենթադրություն կամ գրեթե պնդում շատերն են անում: Վստահաբար ասել կարող է միայն պատշաճ քննությունը: Ո՞վ է անելու այդպիսի քննություն, ե՞րբ, ի՞նչ ժամկետներում: Եւ ամենաբարդը. այդ քննության ընթացքում քաղաքապատերանները նվերներ ընդունելու՞ են, թե՞ չեն ընդունելու, մերժելու են: Հասկանալի է, որ այսպիսի խնդիրների նախադեպեր չունենք, կարգավորման ալգորիթմ չկա, մինչեւ ձեւավորվի, ու դեռ հարց է իշխանությունը կկամենա՞ ձեւավորել, թե ոչ, ի՞նչ է լինելու: Լինելիքը շատ անհատական որոշելիք է դառնում, քանի դեո չկա արտաօրինական, կամ ինքնակարգավորման ինչ-որ կարգ, կանոններ, կանոնակարգ, որից պարզ կլինի՝ ընդունե՞լ այսպիսի նվերներ, թե՞ ոչ, համայնքին նվիրաբերվող ինչ գնի նվերներ ընդունել, գուցե գրիչ կարելի կլինի ստանալ, բայց սեղան՝ ոչ, գուցե սեղան կարելի կլինի, բայց ոչ բեռնատար, գուցե բեռնատար կարելի կլինի, բայց աղբի վերամշակման գործարան՝ ոչ: 

4. Վերոհիշյալ խնդիրը կամ երկընտրանքը լուծելու համար անկախ տնտեսական եւ կապիտալի լյուստրացիայի լինել չլինելը, տեղական եւ պետական իշխանության համար կամ օրենքով սահմանվելիք հստակ նորմերը պետք է լինեն, կամ առանց օրենքի կարգավորման՝ ինքնակարգավորում պիտի լինի: Բոլոր ՏԻՄ-երի համար մեկը, կամ յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմին ինքն է որոշելու իր վարքականոնը, իսկ պետական իշխանության մարմիններն էլ իրենցը: Վերջերս Արմեն Ավետիսյանին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, մոտ 7,5 մլրդ դրամ գնով նվիրաբերվեց պետությանը եւ պետությունը ընդունեց այդ նվերը: Հարցեր ծագեցին, որոնք դեռեւս անպատասխան են.-Ինչո՞ւ նվիրեց, ինչո՞ւ ընդունեց, արդյո՞ք այդ նվերը ազդելու է նվիրատուի ինչ-ինչ խնդրիրների քննության որակի եւ ժամկետների, պատասխանատվության ծավալների ու ձեւի վրա, ինչ իմանանք, մինչեւ կարգավորումներ չլինեն: Նույն Սամվել Ալեքսանյանը մի քանի օր առաջ 200.000 դոլար նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ավելի վաղ բազմաթիվ այդպիսի նվիրատվություններ են եղել, այլ մարդկանց կողմից, ովքեր եղել են պետության զավթման համակարգի տնտեսական հենարանները, եւ այդպիսին դարձել են մենաշնորհատերեր լինելու շնորհիվ, իսկ մենաշնորհատերեր դարձել են իշխանության վերարտադրմանը շատ ակտիվ եւ հանցագործ կամ քվազիհանցագործ մասնակցությամբ գերագույն գլխավորների համակրանքը շահելով: 

Իմ անձնական դիրքորոշումնը այս եւ այլ նվերների մասով հետեւյալն է: Պետական իշխանությունը պետք է մշակի տնտեսական եւ կապիտալի լյուստրացիայի ծրագիր (մյուս լյուստրացիաները՝ մտքներս), հստակ ճանապարհային քարտեզ ու հետեւողականորեն իրականացնի այն: Պիտի քննվի եւ մաքուր կապիտալը պիտի հայտարարվի մաքուր, աղտոտը՝ աղտոտ, դրանից բխած հետեւանքներով, այն է. կապիտալի վերադարձ հանրությանը, կամ առգրավում պետության կողմից, հավատարմագրային կառավարում եւ օրինական օտարում կամ փրկագնում մաքուր փողերով: Դրան շատ նման մեխանիզմ է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կամ ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձի մեխանիզմի ընդունումն ու գործարկումը: Իսկ մինչեւ այսպիսի մեխանիզմի գործարկումը պետական իշխանությունը եւ տեղական ինքնակառավարման մարմիները անորոշ աղբյուրներից նվիրատվություններ չպիտի ընդունեն: Որոշակին համարենք մաքուր, օրինական, հայտնի եւ աներկբայորեն հեղինակավոր գործընկեր տեղական եւ միջազգային կազմակերպություններից, պետություններից եւ անհատներից ստացվող նվիրատվությունները: «Աներկբա» ասելիս, ի նկատի ունեմ այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու կազմակերպություններին, որոնց մասին որեւէ առարկութնուն հանրության շրջանում այդ պահին գոնե չկա: 

5. Վերադառնալով աղբատարների օրինակին, ակնհայտ է, որ շատերը տարակուսանք ունեն որոշ նվիրատուների կապիտալի մասով: Քանի չկա նշածս կարգավորումը, այդպիսի ռիսկերը կարող են համարվել առնվազն  կոռուպցիոն ռիսկեր, սակայն աղբատարների դեպքում, կրկնեմ՝ կոռուպցիայի ապացույց կամ հիմնավոր պնդում չեմ նկատել, գուցե առաջիկայում կլինեն ապացույցներ, բայց առայժմ դրանք չկան: Եւ քանի դեռ չկան պետության կամ ՏԻՄ-երի կողմից մշակված կարգավորումներ, որոնք  ընդունված է կոչել բարեվարքության նորմեր (կոռուպցիայի կանխարգելման integrity համակարգը թարգմանել են որպես բարեվարքություն), ես համարում եմ բարեխղճության նորմեր, բարեվարքությունը կամ բարեխղճությունը գործում է անհատական ընկալման մակարդակում: Օրինակ Հայկ Մարությանը կարող է համարել, որ բարեխղիղճ է, այսինքն իր խղճին դեմ չի գնում այդ աղբատարները կասկածելի, կամ մի քիչ կասկածելի կապիտալի տերերից ընդունելիս, կարող է համարել, որ այդ միջոցները ամենեւին էլ կասկածելի չեն, անգամ կարող է ընդունել այսդպիսի նվերներ Սամվել Ալեքսանյանից, ինչպես ասաց: Բայց վստահ չեմ, որ կընդունի Սերժիկ Սարգսյանից, կամ Սաշիկ Սարգսյանից եւ, կորոշի այն պահին, երբ առիթ լինի, ու դա այս խնդրի բուռն արծարծման նոր առիթ կլինի, եւ, խնդիրն այն է, որ այսրոպեական լուծումները միշտ ռիսկային են: Նման բաներ կլինեն պարբերաբար, սա կտեւի հավերժ, կունենա քաղաքական գին՝ կվերընտրվի կամ չի վերընտրվի, քանի դեռ չկա մշակված բարեխղճության վարքականոն: Մեկ այլ  քաղաքապետ այլկերպ կվարվի, մի գյուղապետ երրորդ եղանակով կվարվի եւ այդպես շարունակ: Կլինի շատ խառը, կամայական, բազմազան կարգավորում, իսկ ընդհանրության մեջ՝ անկանոնություն կամ քաոտիկ կարգավորում: Իմ հասկանալով, հեղափոխությունը ոչ միայն լավ առիթ է այս հարցերը եւս կարգավորելու, այլեւ՝ ճշմարիտ եւ օրինավոր ուղենիշ է այդ հարցերը պարտադիր կարգավորելու: Քանի դեռ իշխանություն վարողների բարեխղճության եւ բարեվարքության որակյալ եւ հավաքական կարգավորում չկա, այսօրինակ վեճերը լինելու են մշտապես: Մի հետաքրքիր բան էլ հարկատուների կամ քաղաքացիների բարեվարքությունն է, տեսնես քանիսն են երեւանցիներից համարում այս նվերների ընդունումը բարեխիղճ վարմունք, քանիսն են, որ կարծում են, թե չարժեր այդ նվիրատուներից ընդունել այդ նվերները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *