Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
ՎԵՐՋԱՊԵՍ
Այս հարցի մասին վաղուց էի ուզում գրել։ Խոսքը հայ մտավորականների մասին է, կամ ովքեր իրենց մտավորական են համարում։ Ավանդորեն, մեր հասարակությունը «մտավորական» ասելով, հասկանում է գրականության, մշակութային գործիչներին, գիտնականներին, հատկապես պրոֆեսորներ-ակադեմիկոսներին, ինչպես Երևանի գովազդային վահանակներում են տեղադրված՝ ապագա «Հայոց Մեծերին»։ Իրենց ժամանակներում, իսկապես, հայ ստեղծագործողներից ոմանք՝ Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը և այլոք, միշտ արձագանքել են հայությանը հուզող տարբեր հարցերի, հաճախ դեմ գնացել ընդհանուր «ժողովրդական» մտածողությանը։ Իհարկե, ԽՍՀՄ ժամանակներում, այն առավել բարդ էր, բայց հետստալինյան շրջանում, թեկուզ թույլատրելիի սահմաններում, նույնպես խոսողներ կային՝ Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան և այլք։ Ազատ, անկախ․ ժողովրդավարական Հայաստանում վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում է․«Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտության առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական և հակապետական ուժեր, իսկ նրանք ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ» «Եվ դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու․․․» և ․․․լռություն։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում, առնվազն ստեղծագործող հանրությունն իր խոսքը կասեր, մեզ մոտ՝ լռություն։ Եվ վերջապես հաճելի զարմանքով կարդացի ՀՀ Գիտությունների Ակադեմիայի անդամ , պրոֆեսոր Վեհարի Սաքանյանի «Մեղադրում եմ․․․» բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այո, նա Ֆրանսիայի քաղաքացի է, շատերը կասեն «ձենը տաք տեղից ա գալիս»։Այո, Ֆրանսիայում երկրի ղեկավարն այդպիսի ելույթ եթե ունենար․․․ և ի գիտություն մեր արևմտյան արժեքներ դավանողների, Վեհարի Սաքանյանն է հենց այդ արժեքներ կրողը։ Բայց նաև համոզված եմ, որ եթե Վեհարի Սաքանյանը Հայաստանում բնակվեր, նույնպես կխոսեր, ինչպես վերը նշված , իսկապես մտավորականները։
Հ․Գ, Միայն չասեք, թե «բա խի՞ Սերժի ժամանակ նրանց չէիք քննադատում»։
0 Մեկնաբանություն