Տեղական քաղաքականություն

Ապրում ենք գյուղավարի, կաղամբ ու գազար ենք ցանում. Նատալյա Ռուդոմյոդկինա, Ֆիոլետովո

Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ Նատալյա Ռուդոմյոդկինան ասում է, որ ցանկանում են միայն խաղաղություն լինի, իրենց երեխաները վերադառնան, ապրեն միասին, ուրիշ ոչինչ չեն ուզում:

19-րդ դարի կեսերից Նիկոլայ Առաջին ցարի հրամանով մոլոկանները, իբրև ուղղափառ եկեղեցուց տարբերվող աղանդ, տեղահանվել ու վերաբնակեցվել են Անդրկովկասում: Այդպես նրանք հայտնվել են նաև Հայաստանում՝ բնակվելով հիմնականում երկրի հյուսիսային մասում մասնավորպես՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում,  իսկ ավելի վաղ՝ , Ֆիոլետովո (Վորոնցովկա) և Լերմոնտովո գյուղերում: 

Ինչպե՞ս են ապրում մոլոկանները Հայաստանում

-Այսօր յուրաքանչյուրն ինքն իր համար, յորովի է ապրում և գոյատևում: Սովետական շրջանում էլի ինչ-որ հույս կար, մարդիկ ավելի լավ էին ապրում, հիմա շատ դժվար է: Յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար գտնում աշխատանք և աշխատանքի իրացում, դրա համար շատ դժվար է:

Գործարար նախաձեռնություն

-Երևանից եկան, ինչ-որ գրասենյակներից, ցանկություն ունեին աշխատել մոլոկանների հետ: Առաջարկեցին, և հիմա աշխատում ենք: Մինչև Քովիդը շատ հյուրեր ունեինք, հիմա քչացել են: Պատերազմի և Քովիդի շրջանում եվրոպական երկրներից քիչ են գալիս, վախենում են, և այդ ամենը խանգարում է բիզնեսին:

Առօրյա զբաղմունքը

-Մեր տնտեսությունով ենք զբաղվում, պարտեզն ենք մշակում, կարտոֆիլ, կաղամբ ու գազար ենք ցանում, ապրում ենք գյուղավարի, ոչ մի հատուկ բան: Ամեն բան ստեղծել ենք մեր աշխատանքով, ամուսինս է արել:

Անցյալից մնացած իրերն ու հավատքը

-Հնուց քիչ բան է պահպանվել, ընդամենը այս մի քանիսը: Այս սարքով կարագ էինք քաշում, լցնում էինք թթվասերը և ստանում կարագ: Այս իլիկով թել էինք մանում, իսկ չուգունե այս կաթսայով կրակի վրա ճաշ էինք պատրաստում:

Ինչ վերաբերում է կրոնին, ապա այն պետության հետ որևէ խնդիր չի ունեցել, դեռևս ամեն ինչ լավ է, փառք աստծո: Մեր ամուսնությունները չեն խառնվել, մենք մեր ազգից ու հավատքից ենք ընտրություն կատարում, մեր սուրբ գրքում գրված է. «Մի ամուսնացեք օտարազգիների հետ»: Նախկինում բոլոր ազգերի մեջ էր այդպես, վերջին շրջանում են խառնվել ամուսնությունները, սակայն մեզ մոտ դեռևս պահպանվում է:

Համայնքի խնդիրները

-Մեր ճանապարհներն են վատը, եթե նորոգեին՝ շատ լավ կլիներ, մենք դրա կարիքն ունենք, որովհետև մեքենաներն անցնում են, ու փոշու մեջ կորչում ենք: Միակ բանն է, որ կցանկանայինք՝ անեն իշխանությունները: Ջրի խնդիր չունենք, մենք ինքներս մեր ջրագծերը կառուցել ենք, և հիմա կարծես յուրաքանչյուր տուն ջուր ունի:

Միխայիլ Ռուդոմյոդկին, Նատալյայի ամուսինը

-Մենք սովոր ենք այստեղ ապրել, մենք համարում ենք, որ սա է մեր հայրենիքը, այստեղ ծնվել ենք մենք, ծնվել են մեր նախնիները արդեն 200 տարի: Նախկինում միայն պարտեզն էի մշակում, կաղամբ էի ցանում ու վաճառում, հիմա ավելի շատ անասնապահությամբ ենք զբաղվում, երբեմն էլ հյուսնի գործեր եմ անում:

Մենք պետք ենք միայն ընտրությունների ժամանակ

«Ընտրեք մեզ և մենք ամեն բան կտանք ձեզ»,- և մենք այլևս նրանց չենք տեսնում: Ոչ մարզպետին ենք տեսնում, ոչ համայնքապետին…

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *