Հարություն Մխիթարյանը չնայած հաշմանդամությանը՝ դարձել է մարզաշխարհի հայտնի դեմք, ընդհուպ՝ սպորտի վարպետ:
Սկզբում շատ դժվար էր
-Փոքր էի, պահի լրջությունը լրիվ չէի գիտակցում: Դժվար էր, շատ դժվար, 90-ականն էր, մութ ու ցուրտը, արցախյան շարժումն էր, երկիրը ոչ բարենպաստ պայմաններում էր գտնվում, չկար էլեկտրաէներգիա, պատերազմ էր: Ես այդ տարիներին դպրոց չէի հաճախում, որովհետև 9-րդ հարկում էի ապրում, վերելակն էլ չէր աշխատում:
Կրթության, դպրոցական պարապմունքների կազմակերպումը
-Կրթություն էի ստանում գրքեր կարդալով, մայրս էր զբաղվում, ոչ շատ հաճախ դպորցի ուսուցիչներն էին գալիս ու ինչ-որ առարկաներ էին պարապում: Գիրք էի կարդում, շատ էի դիտում հեռուստացույց, և հեռուստացույցն էր, որ էական ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի ձևավորման վրա: Բժիշկը հորս ասել էր՝ կարող եք մանկատուն տանել, որովհետր ողնուղեղը կտրված է: Հետո հայրս եկավ ու ասաց, որ երբեք չեմ քայլելու, բայց պետք է արժանապատվորեն տանեմ այդ վիճակը և շարժվեմ առաջ:
Չաշխատող վերելակը՝ մեկուսացման պատճառ
-2000 թ. վերելակը վերանորոգվեց ու առաջին անգամ իջա դուրս, իջա ու … օտար էր ամեն ինչ ինձ համար, այդքան տարի տանը, կարծես փոքր երեխա լինեի, որ աշխարհը նոր է տեսնում: Շատ բան էր փոխվել դրսի աշխարհում: Սկսեցի ընտելանալ, հետո ես սկսեցի դրսի աշխարհին ընտելացնել ինձ, առ այն, որ սայլակով մարդը նորմալ է: Տարեցներն ասում էին՝ վա՜յ, քոռանամ ես, ասում էի՝ տատիկ ջան, քոռանալու, խղճալու բան չկա, ոչ մեկս էլ ապահովագրված չենք դժբախտ պատահարից, չքայլելը դեռ չի նշանակում, որ աշխարհն ինձ համար վերջացել է:
Ճանապարհը դեպի մեծ սպորտ
-Սպորտով զբաղվել եմ 4 տարեկանից, մարմնամարզիկ եմ եղել, 8 տարեկանում պատրաստվում էի Հայաստանի առաջնությանը: Եվ դժբախտ պատահարը ընդհատեց 8 տարեկանիս երազանքը, որը տարիներ շարունակ ինձ տանջում էր: Պատանեկան տարիներին մտածում էի մարզադահլիճ գտնելու, սպորտով զբաղվելու մասին, բայց չէի կողմնորոշվում, թե ի՞նչ սպորտաձևով կարող եմ զբաղվել: Անգամ հենց այս նույն դահլիճ եմ եկել պարապելու, սակայն ինձ չընդունեցին՝ պատճառաբանելով, որ ես ինձ վատ կզգամ, մյուս մարզիկներն իրենց վատ կզգան, ասացի, որ դա իրենց խնդիրն է, բայց կհիշեն ինձ, էլի կհանդիպենք ու հեռացա:
Մի անգամ ընկերներիս հետ զբոսնում էի, և նկուղային հարկում մարզադահլիճ տեսա, պատուհանից երևում էր, թե ինչպես էին մարզվում ծանրաձողով: Սիրահարվեցի այդ վարժությանը և որոշեցի, որ այդ մարզաձևով եմ զբաղվելու: Մի քանի օրից եկա ու… Ծանրաձողի բարձրացումը սկսեցի 30 կիլոգրամից հասցնելով մինչև 70-ի: Մարզիչը հիացած էր, և պատրաստակամություն հայտնեց նույնիսկ անվճար ինձ հետ աշխատելու: Մի քանի ամսից մասնակցեցի հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնին, գրավեցի 2-րդ տեղը:
Հաջողությունը մարզաշխարհում
Սկսեցի ինտենսիվ մարզումները. ոչ միայն հաշմանադմություն ունեցողների մրցաշարերին էի մասնակցում, այլ նաև չունեցողների…
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն