Տեղական քաղաքականություն

Ես մեծ ցավ եմ ապրում, որ կողքից ասում են՝ վա՜յ, տարիքդ անցնում է. Ալլա Ծատինյան

Ակներցի Ալլա Ծատինյանն ուսանող է: Ուսմանը զուգընթաց աշխատում է, մասնակցում տարբեր ծրագրերի՝ տեղական, համայնքային կյանքին, որը համարում է յուրաքանչյուր երիտասարդի կյանքի բաղկացուցիչ մասը, զբաղվում է նաև գիտական գործունեությամբ:

Պատմագիտության մեջ առաջին քայլերը

-Փոքրիկ գիտական գործունեություն եմ ծավալում, որն ինձ թվում է հայրենասիրության և հայրենաճանաչողության բաղկացուցիչ մասն է: Ուսումնասիրում եմ պատմություն, բայց որպես պատմագիտության ավելի նեղ ճյուղ՝ ինձ հետաքրքրում է հնագիտությունը, հնագիտության վաղ բաժինը: Առնչվելով իմ երկրի պատմության հետ, հասկանում եմ, որ անելիքներ շատ ունեմ: Միջազգային հարթակներում երբ ներկայացնում ես քո երկիրը՝ դրանից լավ բան չկա, դրանից առավել ոչինչ չկա, մանավանդ որ դու կարողանում ես քո երկրին ինչ-որ օգուտ բերել: Շուտով կմասնակցեմ ՀՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից կազմակերպվող երիտասարդ գիտնականների 17-րդ նստաշրջանին, որտեղ կներկայացնեմ տարաշրջանի հնագիտական ժառանգությունը, որն իմ և իմ գիտական ղեկավարի 5 տարվա աշխատանքն է: Մենք ներկայացրել ենք առանձին գյուղերի՝ Ակների, Սանահինի և Հաղպատի  պատմամշակութային ժառանգությունը, իսկ այժմ ամբողջացնում ենք Ակներ, Սանահին, Հաղպատի պատմահնագիտական ժառանգությունը: Հնագիտության մեջ կան էջեր, որոնք ուսումնասիրված չեն, բայց ես իմ գիտական ղեկավարի օգնությամբ կարողանում եմ բացել այդ պատմության էջերը, որպեսզի ապագայում կարողանանք ավելի լուջ ուսումնասիրություններ կատարել:

Կանայք փոքր բնակավայրերում

- Փոքր համայնքներում կանանց ներգրավվածության քիչ լինելն իմ կարծիքով պայմանավորված է նրանով, որ կանայք մի քիչ վախենում են: Առաջին հերթին պատ է հանդիսանում կարծրատիպային մտածողությունը, թե ի՛նչ կասեն, ո՞նց կասեն, ի՞նչ կմտածեն իմ մասին… Իրականում մենք ենք մեզ կաղապարում ու եթե կաղապարից դուրս գան՝ այսօր բոլոր կանայք էլ առաջնորդ են, ուղղակի պետք է գիտակցել, որ պարտականություններ ունենք նաև մեր համայնքի նկատմամբ:

Ակները՝ փոքր բնակավայր

Իմ գյուղն ինձ համար մեծ նշանակություն ունի: Ասում են՝ որտեղ ծնվել ես, այդ հողն ու ջուրն են քեզ սնել, քեզ դաստիարակել: Կյանքի տարբեր փուլերում մի գործդ պետք է առաջնորդի մյուսին: Այսինքն, ես չեմ մտածում, թե ինչո՞ւ ես ծնվեցի գյուղում, այլ ոչ թե մեծ քաղաքում, որտեղ շատ են հնարավորությունները, ես միայն ուրախ եմ, որ գյուղում, այն էլ Ակներում եմ ծնվել:

Համայնքային առաջին նախաձեռնությունը

Մասնակցել եմ և արդեն շրջանավարտ եմ համարվում «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին: 2021 թ. ավարտելով տեղական ժողովրդավարության դպրոցը՝ շահեցի անհատական դրամաշնորհ, որը հնարավորություն տվեց մոնիտորինգ անել համայնքային ծառայությունների մակարդակը: Զեկույց պատրաստեցի և նախաձեռնեցի համայնքային երիտասարդական խորհրդի ձևավորումը, որ նպատակ ուներ երիտասարդներին ներգրավել համայնքային խնդիրների մեջ: Ես հասակացա, որ երիտասարդները մեծ ուրախությամբ են մասնակցում ծրագրին և նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացավ, հասկացան, թե ով է համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին: Արդյունքում ես գիտակցեցի, որ ես այն երիտասարդն եմ, ով իր ներդրումն է ունեցել ակներցի երիտասարդների կրթության հարցում:

Կարծրատիպերը փոքր բնակավայրերում

Գյուղերում երիտասարդ աղջիկները առաջին հերթին մտածում են ամուսության մասին: Ես մեծ ցավ եմ ապրում, որ կողքից ասում են՝ վա՜յ, տարիքդ անցնում է, բայց դա մեր կարծրատիպային մտածողության արդյունքն է, որը ևս համայնքային խնդիր է:

Մանրամսները՝ տեսանյութում:

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *