Տեղական քաղաքականություն

ԳԱՋԵԹՆԵՐԸ ՌՈԲՈՏԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Էլֆիք Զոհրաբյանը Վանաձորի Հովհ. Աբելյանի դրամատիկական թատրոնի արտիստ, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, հեքիաթագիր, դրամատուրգ: Վերջերս Էլֆիք Զոհրաբյանը հայ մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի ու արգասաբեր գործունեության համար, արժանացավ արվեստի ոլորտում տրվող կառավարական ամենաբարձր պարգևներից մեկին՝ Մովսես Խորենացու մեդալին: 

   -Մեր մշակութային դաշտում կարող ես հանդիպել ամենաիրարամերժ և ամենահակասական երևույթների, ամենաբարձրորակ արտադրանքից մինչև ամենացածրարժեք արտադրանքի։ Միանշանակ չես կարող ասել, որ այսօր մշակույթը լավ կամ վատ վիճակում է։ Շատ հրաշալի է, որ մենք ունենք հաջողություններ միջազգային տիրույթում։ Միանշանակ չենք կարող ասել, որ բոլոր թատրոններում, գրադարաններում, թանգարաններում ամեն ինչ լավ է։

Ի՞նչ խնդիրներ ունի մշակույթը

   -Շատ կետերում մենք դեռ չունենք համակարգ, և այն արվեստագետները ովքեր հաղորդակցվում են  միջազգային մշակույթի հետ՝ այնտեղ շատ բաներ են տեսնում և ափսոսում, որ մեզ մոտ չկա, իսկ դրսում կա։ Իհարկե, մենք ունենք ներուժ, կարող ուժեր՝ աշխարհին ներկայանալու, բայց մենք կարգ ու կանոնի, օրենքի համակարգման խնդիր ունենք։

Ժամանանակից դրամատուրգիայի առաջարկը թատրոններին

   -Եթե խոսենք դրամատուրգիայից՝ այն գրական հենքից, որն օգտագործվում է թատրոններում՝ հաճախ կլսենք իրարամերժ կարծիքներ․ ունենք դրամատուրգիա, չունենք։ Միանշանակ ունենք։ Օրինակ, երբեք մեր դրամատուրգիայի պատմության մեջ չենք ունեցել այսքան հարուստ ենթաժանրեր։ Իհարկե, մեր մեծերն իրենց հետքը թողել են և մինչ օրս բեմադրվում են, բայց եթե դու չունես ազգային ժամանակակից դրամատուրգիա՝ համարիր, որ թատրոն չես կարող ունենալ։

Հանդիսատես-թատրոն, պահանջարկ և առաջարկ

   -Ե՛վ թատրոնը, և՛ կինոն պետք է ունենան բալոր շերտերի համար արտադրանք՝ ներկայացում և ֆիլմ։ Իհարկե, աշխարհին ցույց տալու համար, որպես մնայուն արժեք պիտի լինեն գեղարվեստական արժանիքներով լի բեմադրություններ։ Բոլոր թիրախային խմբերի համար պետք է լինեն ներկայացումներ։ Մենք այսօր խնդիր ունենք մեր լավագույն գործերը դուրս հանելու միջազգային ասպարեզ և շատ խոսելու Հայաստանի մասին։

Խրախուսման կամ գնահատման մշակույթը Հայաստանում

   -Մեր մշակույթի և արվեստի ոլորտը ունի մի շատ կարևոր խնդիր ևս։ Ինչո՞ւ պիտի արտիստը կամ արվեստագետը ոչ միայն զբաղվի իր բուն գործով, այլ նաև կողքից ուրիշ գործեր, որի հետևանքով տուժում է իր արվեստը։ տարիներ առաջ հանդիսատեսը առաջատար արտիստներին, նկարիչներին, գրողներին ճանաչում էր փողոցում։ Հիմա՝ նրանք, ովքեր հայտնվում են սերիալներում՝ ավելի շատ են հանրաճանաչություն ձեռք բերում, ինչը չի նշանակում, որ նրանք ավելի տաղանդավոր են, քան նրանք, ովքեր մերժում են խաղալ սերիալներում։  Պիտի ասեմ, որ խնդիր է նաև աշխատավարձների ցածր լինելը։ Պետք է մշակվի համակարգ, լավ արվեստագետները պիտի ավելի բարձր վարձատրվեն։

Երիտասարդները և այսօրվա մշակույթը

   -Մեր երիտասարդության մեջ շերտերը շատ խճնակարային են, նույնը և արվեստի ոլորտում, բայց այստեղ մենք չպետք է ուշադրություն դրաձնենք քանակին։ Մեզ պետք է որակ, իսկ որակի համար երիտասարդները պետք է ստանան լավ կրթություն։ Իսկ սա մի ամբողջ, խորը ուսումնասիրման թեմա է և մեր խոցելի տեղերից է։ Գալիս են բուհեր՝ հայոց լեզվին բացարձակ չտիրապետելով, իսկ օտար լեզուն մենք սկսում ենք ուսուցանել տառերից։ Ի՞նչ են արել 12 տարվա մեջ՝ չգիտես։

   -Մարզում բնակվելը արվեստեգետի համար

Կենտրոնից ապրելն այնքան էլ հեշտ չէ արվեստագետի համար։ Մարդը կարող է գյուղում ծնվել և լինել մեծ արվեստագետ։ Ինչպես ասում են՝ փոքր եկեղեցում էլ կարելի է մեծ պատարագ անել։ Դո՛ւ պիտի կարողանաս քո տեսակով մարզը դարձնել կենտրոն։ Այսօր կարող ես մայրաքաղաքի կենտրոնում էլ հանդիպել գավառամիտ մարդկանց, իսկ գյուղում տեսնել բարեկիրթ և քաղաքակիրթ դրսևորումներով բազմաթիվ մարդկանց։

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *