Տեղական քաղաքականություն

Հունական համայնքի վերջին բնակիչները. Կիտյուկովա Ալեքսանդրա

Լոռու մարզի Յաղդան գյուղը հիմնադրվել է 1821 թվականին և հայտնի է որպես հունական գյուղ։ Այսօր հույն բնակիչների թիվը մեծապես կրճատվել է, և 1991 թվականից սկսած արտագաղթի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան։

 Գյուղի մասին պատմում է վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը

-17-րդ դարից Յաղդանում հայեր են ապրել, որից հետո, 18-րդ դարում հույները եկել են աշխատելու Ախթալայի հանքում, հետո տեղավորվել են Յաղդանում, տներ են հիմնել, ապրել և բազմացել: 1900-ական թվականներին արդեն գյուղի 95 տոկոը հույն էր, 4 հայ ընտանիք է եղել: մնացածը՝ հույն: Շուրջ 1000 բնակիչ է ունեցել Յաղդանը, սակայն 1992-1994 թվականներին, երբ մութ ու ցուրտ տարիներն էին՝ գյուղի 70 տոկոսը տեղափոխվեց Հունաստան: Մեկնեցին հիմնականում երիտասարդ ընտանիքները, իսկ գյուղում մնացին ծերերը:

Յաղդանում մնացած ամենաավագ ընտանիքը Կիտյուկով Քսենոֆոնդի ընտանիքն է: Մնացել են ինքն ու իր կինը՝ Կինտյուկովա Ալեքսանդրան: Ժամանակին նրանք ևս մեկնել են Հունաստան, սակայն հայերնի գյուղի, հողի ու ջրի կարոտը նրանց նորից բերել է Յաղդան: Հիմա ապրում են գյուղում, 80-անց են, զավակներ ունեն Հունաստանում, նրանք կանչում են, բայց ծեր ամուսինները չեն ուզում կյանքի վերջին տարիներն անցկացնել գյուղից դուրս:

Յաղդանում դեռ հույներ կան

Տիկին Ալեկսանդրան հունարեն բանաստեղծություն է արտասանում, որն էլ հետո թարգամնում է մեզ համար

-Դռները թողել եք փակ, տները թողել եք մութ,

Եկեք բացեք ձեր դռներ, թող լուսավորվեն տները:

Եկեք բակում նստեք, թող ջերմացնի ձեզ արևը

Նամակ եմ գրում շատ բառերով ու ջերմ կարոտով…

Ինչո՞ւ մնացին Հայաստանում

-Մեր պապը (ամուսնուն նկատի ունի) չցանկացավ մնալ Հունաստանում, ասում է՝ այնտեղ որ գնամ, շուտ կմեռնեմ: Իմ ծնողներ այստեղ են ապրել, ավելի ավագները՝ Կարսից են եկել, սկեսրայրս էլ է Կարսից, մեր ազգն էլ կռվել է Հայաստանի համար: Շատ բարեկամներ ունենք Հունաստանում: Ժամանակին շատ հույներ կային գյուղում, հետ մի քանի ավտոբուս լցվեցին ու գնացին անվերադարձ:

Հայերի հետ միշտ էլ շատ լավ ենք եղել, եթե ես լեզում գտնում եմ, դիմացինս էլ լավ կլինի ինձ հետ: Մարդուց է կախված, որ դու լավը չլինես, ոչ ոք էլ քեզ հետ լավ չի լինի: Չէ, լավ էինք հայերի հանդեպ, նրանք էլ մեր հանդեպ, մենք չենք ջոկել, որ մենք հույն ենք, նրանք հայ են…

Ընտանիքը

Երեք երեխա ունեմ, երկու տղա և մեկ աղջիկ: Երեքն էլ Հունաստանում են ապրում: Փոքր տղաս դերձակ է, կարուձև է անում, մեծս էլ հեռուստացույցներ է նորոգում, իսկ աղջիկս գնացել է Երևան, սովորել է, դասատու է դարձել: Հետո եկել է գյուղ ու դասավանդել հունարեն ու ռուսերեն: Հետո, երբ բացվեց Հունաստանի ճանապարհը՝ բոլորը գնացին:

Գյուղապետի հետ հարաբերությունները

Էս գյուղապետն ինձ չի ջղայնացնում (կատակում է), սրա հետ էլ բարեկամություն ունեմ, երևի դրա համար չի ջղայնացնում (ծիծաղում է): Որ մի բան պետք է լինում՝ դիմում ենք գյուղապետին, պատրաստակամ է, օգնում է միշտ, շուտ պիտի գար, լավն է: Նախկին գյուղապետն էլ լավն էր, հաշմանդամ կին էր, մեղքս գալիս էր, գնում օգնում էին, որ վատ չզգա, լավ զգա:

Անցյալի հիշողությունները գյուղում

-Հիշում եմ, հավաքվում էինք, երաժշտություն էր հնչում, երգում էինք, պարում էինք: Է՜հ, ինչ պատմեմ, լավ ժամանակներ էին, արդեն մեծացել ենք…

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *