Մաս I
Բոլոր գիտությունների պատմության մեջ էլ կան բախտորոշ ժամանակներ և դրանց մեջ՝ առանցքային անուններ, որոնցով վաղ թե ուշ առանձնացվում է տվյալ գիտության ծաղկման համապատասխան փուլը՝ որպես նրա առաջընթացն ապահովող հայեցակարգային ու հայեցակերպային հիմնարարությամբ հագեցած խոսուն ժամանակաշրջան:
Լեզվաբանության պատմության մեջ այդպիսի ժամանակաշրջաններ են 19-րդ և 20-րդ դարասկզբներրը՝ համապատասխանաբար 10-ից 30-ական թվականներով, ինչպես նաև 1980-ականներից սկզբնավորված արդի լեզվաբանությունը, որի առաջատարը մեր խորին համոզմամբ ժամանակակից հայ լեզվաբանական, առավել ստույգ՝ լեզվիմաստասիրական և լեզվանշանագիտական իրականությունն է:
Հայաստանի անկախացումը՝ Հռչակագրում ամրակայված լեզվակրթական ու մշակութային ինքնուրույն քաղաքանություն որդեգրելու հեռանկարով, մեծ հույս էր ներշնչում՝ հայության մտավոր շերտի հայացքում ուրվագծելով Վռամշապուհ-Սահակ-Մեսրոպ գաղափարական եռամիասնության վերարծարծումը մեզանում: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ մեր պետական մտածողությունը ոչ միայն ի զորու չէ տեր լինելու միջմշակութային բեկմամբ ազգաշահ ձեռնարկումների, այլև պետական մակարդակով նահանջներ է արձանագրում բուն իսկ ազգապահպան մշակութային տիրույթներում: Դրա ցնցող արտահայտությունն էր վերջերս Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը բացահայտորեն հակասող փոփոխության վավերացումը ՀՀ լեզվի օրենքում: Պետության հակապետական գործունեության մեր պայմաններում է՛լ ավելի մեծ կարևորություն և իմաստ է ստանում անձնուրաց անհատների նվիրումը, ովքեր կոչված են անաղմուկ, հաճախ ինքնայրումով գլուխ բերելու շատերիս համար անհավանական ու անիրագործելի թվացող խիզախումներ: Ահա այդ նվիրյալներից է Սերգեյ Խաչիկօղլյանը, որի բանական եռանդը՝ «Իմացություն» գրադարանի իր հիմնում-հաստատումով, հե՛նց ամենից անհնար թվացող մեր ժամանակների մշակութային տարածքում սխրանք էր արձանագրելու: Արվեստի պատմության ու տեսության, անտիկ, գերմանական դասական, այլև ժամանակակից իմաստասիրության՝ հիսունի սահմանը հատող ընտիր ստվար երկեր են լույս աշխարհ եկել նրա ջանքերի շնորհիվ հայերեն բարձրակարգ թարգմանությամբ: Լեզվական բարձր մշակույթն ապահովվում է նրա՝ թարգմանիչների նախանձախնդիր ընտրությամբ և ուղեկցվում է տպագրության արդիական չափանիշներն ապահովող ամենանուրբ ու խիստ պահանջների բավարարմամբ: Դժվար է ասել՝ ինչն է մղել Խաչիկօղլյանին, ի թիվս այլ հեղինակների, համաշխարհային մշակույթի գանձարանից առած արժեքներն ընտրելիս հայերեն թարգմանության ծրից ներս առնելու նաև շվեյցարացի լեզվաբանի անունը, համենայն դեպս գոնե հայ լեզվաբանի համար հաճելիորեն դուրալի է փաստն ինքնին, ուստի տողերիս հեղինակին այլ բան չի մնում, քան մեզ նվեր մատուցած իրողությունն իմաստավորելու գոնե թռուցիկ փորձ անելը՝ մի կողմից՝ ցույց տալով Ֆ. դը Սոսյուրի տեղն ու դերը լեզվաբանության պատմության մեջ, մյուս կողմից՝ գնահատելով այս թարգմանության նշանակությունը թե՛ «Սարգիս Խաչենց» հրատարակչական հաստատության և «Իմացություն» գրադարանի գործունեության, թե՛ սոսյուրյան լեզվաբանության հենքով հայ լեզվաբանության մեջ նոր աշխուժություն առաջ բերելու իմաստով, մանավանդ որ որպես կանոն հայոց լեզվաբանական իրականության մեջ խանգարելու չափ նկատելի է եղել նրա խզումն ընդհանուր լեզվաբանական հայեցակարգերից ու մեթոդաբանությունից, այնինչ հարկ էր, որ լրացնեին իրար այդ ընդհանուր և մասնավոր գիտակարգերը, ինչպես դա մինչև վերջերս հաջողությամբ իրականացնում էին Էդուարդ Աղայանը, Գևորգ Ջահուկյանը, Էդուարդ Աթայանը և այլք:
Նախքան նշված մտադրություններիս անցնելը գոհությամբ հիշատակեմ, որ դը Սոսյուրի «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը» հայերեն է թարգմանել հանդիպադրաբան (կոնտրաստոլոգ) կամ լեզվատիպաբան Ամալյա Մուրադյանը, խմբագիրն է Եսայի Թադևոսյանը:
1916-ին Ֆ. դը Սոսյուրի անվամբ լույս տեսած «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը» որոշ պայմանականությամբ է վերագրվում Սոսյուրի հեղինակությանը: Իրականում գրքում արծարծված գաղափարների և ո՛չ գրավոր շարադրանքի հեղինակն է նա: Հիշյալ գրքի հրատարակումից երեք տարի առաջ է մահացել Սոսյուրը՝ ունենալով միայն թռուցիկ գրառումներ իր եռամյա՝ իրարից տարբերվող դասախոսություններից: Լեզվաբանի մասնակի և ուսանողների մանրակրկիտ գրառումներից է գոյացել նրա տպագիր գիրքը, առանց որի դժվար է պատկերացնել, թե ինչ ընթացք կունենար լեզվաբանության զարգացումը: Թե՛ Սոսյուրի, թե՛ նրան հաջորդող բոլոր լեզվաբանների բախտն է բերել, որ առաջինն ունեցել է Շառլ Բալլիի և Ալբեր Սեշեի նման երախտագետ սաներ, և սոսյուրյան գաղափարների մեկտեղման ու դրանց հրապարակման համար ուսուցչին ու աշակերտներին հավասարաչափ ենք պարտական:
Որպեսզի ոչ մասնագետ ընթերցողը պատկերացում ունենա լեզվաբանական գիտության մեջ Սոսյուրի զբաղեցրած տեղի մասին, բավական կլինի հիշատակել մեկ փաստ. նրա տեսության հիմքի վրա է ձևավորվել կառուցվածքային լեզվաբանությունը՝ երեք դպրոցով՝ Պրահայի գործառական կառուցվածքաբանությունը, Կոպենհագենի լեզվագիտությունը (գլոսսեմատիկա), ամերիկյան նկարագրական լեզվաբանությունը: Թե՛ այդ դպրոցները, թե՛ Սոսյուրի այս կամ այն գաղափարի հիմքով ձևավորված տեսություններն ու գիտակարգերը փաստորեն կազմավորվել են նրա տեսության թվացյալ, երբեմն էլ իրական հակասությունները վերացնելու մղումով («իրական հակասություն» արտահայտությունը ևս վերապահումով ենք գործածում՝ վերստին հիշելով այդ գրքի՝ ոչ Սոսյուրի ձեռամբ ստեղծված լինելու փաստը):
Ե՛վ ընդհանուր, և՛ հայ լեզվաբանության հայեցակարգային կերպընկալման համար կարևոր նշանակություն ունի Սոսյուրի՝ լեզվական նյութի քննության երկատման (դիքոտոմիա) կամ կառուցվածքային երկչափ սկզբունքը, որով նա հակադրվում է ընդհանուր լեզվաբանության հիմնադիր Վ. ֆոն Հումբոլդտի տրամախոսական (դիալեկտիկական) միաչափության սկզբունքին: Գ. Ջահուկյանը լեզվաբանության պատմության՝ Սոսյուրով սկզբնավորված փուլն իրավացիորեն համարում է համակարգային-վերլուծական լեզվաբանության շրջան[i]: Այդ շրջանը վերլուծական է, քանի որ առաջին անգամ հստակորեն առանձնացվում են լեզուն և խոսքը (սա Սոսյուրի հիմնարար երկատումն է, և մնացյալ երկատումները սրանից ելնում ու հանգում են սրան), և համակարգային է, քանի որ հիշյալ երկատումը բխեցվում է լեզվախոսքային ամբողջությունից` լեզվախոսությունից: Հետագայում կառուցվածքաբանները, ընդունելով այդ երկատումը, մի տեսակ անտեսում են նրա համակարգային հենքը, և հաճախ սոսյուրյան այս ելակետային երկատումը՝ լեզու-խոսք բևեռներով, չհատվող փոխուղղահայացների անմեկնելի տպավորություն է թողնում, թեև այդ նույն կառուցվածքաբաններն ընդունում են նաև Սոսյուրի՝ լեզուն համակարգային իրողություն դիտելու դրույթը: Այս իմաստով, եթե Սոսյուրի (վեր)ստեղծած գիտությունը փաստորեն տրամաբանական արտածության եղանակով հիմնավորված վերլուծական լեզվաբանություն էր, ապա նրան հաջորդած կառուցվածքաբանությունը՝ արտածելին անտես առած առկախ վերլուծյալ լեզվաբանություն:
Ինչպես ասացինք, սոսյուրյան լեզվաբանության հիմնավորված վերլուծականությունը հակադրվում է լեզվաբանության պատմության երկրորդ փուլի առանցքը կազմող հումբոլդտյան համադրականությանը: Լեզվի տրամաբանական քննության այն եղանակը (տվյալ դեպքում՝ համադրությունը), որով առաջնորդվում էր Վիլհելմ ֆոն Հումբոլդտը, կարիք չուներ առանձնաբար հակադրվելու հարաբերակից վերլուծական բևեռին, որովհետև այն հիմնված էր շատ ավելի խոր մի եղանակի՝ տրամախոսության վրա, որը, իր առերևույթ միաչափությամբ համադրական լինելով, նույնքան էլ վերլուծական էր, ուստի նրա զննության արտաքուստ մակածական բնույթը նաև՛արտածական էր: Վերստին անդրադառնալով Ֆ. դը Սոսյուրի որդեգրած մեթոդաբանությանը՝ պարտ է նկատել, որ անհրաժեշտաբար կատարած նրա վերլուծությունները կարիք ունեին հետագա համադրման, որն էլ թե՛ Սոսյուրի երկչափ, թե՛ Հումբոլդտի տրամախոսաբար միաչափ սկզբունքների հաշվառմամբ իրագործում է նորագույն շրջանի լեզվաբանությունը՝ ի դեմս հայ իմաստասեր-լեզվաբան Էդուարդ Աթայանի՝ հիմնված արդեն ոչ թե սոսկական համադրականության, այլ գերհամադրականության սկզբունքի վրա:
Սոսյուրի՝ լեզու/խոսք երկատմանը հարաբերակցվող երկատումներ են ներքին լեզվաբանություն/արտաքին լեզվաբանություն, լեզվի լեզվաբանություն/խոսքի լեզվաբանություն[ii], համաժամանակություն/տարաժամանակություն և, ըստ այդմ, համաժամանակյա լեզվաբանություն/տարաժամանակյա լեզվաբանություն, նշանակիչ/նշանակյալ և, համապատասխանաբար, նշանակչի՝ գծային/նշանակյալի ոչ գծային բնույթ և սրանց զուգորդվող շարակարգային հարաբերություններ-զուգորդային հարաբերություններ և այլ զուգանդամներով հասկացական փնջերը:
Չկա, թերևս, Սոսյուրի՝ լեզվի տեսություն մտցրած որևէ էական հասկացություն, որի վրա հիմնված և որն այս կամ այն չափով վիճարկած չլինեն հետագա լեզվաբանները: Սակայն որպես կանոն այդ վիճարկումներն էլ զերծ չէին հակասություններից, ուստի հետսոսյուրյան շրջանի լեզվաբանության զարգացումը մի տեսակ հակասությունների և հակասությունների բացահայտմամբ բերած հակասությունների վերացման զավեշտահարույց ուղով է ընթացել: Այսպես՝ գլոսսեմատիկայի՝ հանրահաշվական հարաբերությունների լեզվաբանության հիմնադիր Լուի Ելմսլևի՝ սոսյուրյան «զուգորդային (ասոցիատիվ)» տերմինով բնորոշվող լեզվական գոյաշերտը «հարացուցային (պարադիգմատիկ)» անվանմամբ փոխարինելը ողջունել է լեզվաբանական հանրությունը, քանի որ, իրոք, խրախուսելի չէր լեզվաբանական իրակությունը հոգեբանական տերմինով հանդերձավորելը: Սակայն լեզվաբանական հասկացությունը լեզվաբանական անվանմամբ տերմինավորելը դեռ լեզվի էության բացահայտում չի նշանակում: Բանն այն է, որ լեզվական հորինվածքը տրամաբանական, հոգեբանական և նյութական (հնչյունական) շերտերի բաղկացություն է, և հոգեբանական անվանումը դուրս մղելով լեզվաբանությունից՝ Ելմսլևը փաստորեն լեզվի հոգեկան պահն էլ հետն է արտամղում լեզվատիրույթից[iii]: Ավելին. նա շուտով «ազատագրում է» լեզուն նաև տրամաբանական գոյությունից՝ լեզվի բնորոշման համար թողնելով ինքնանպատակության հասնող սոսկ ձևայնացված կախումներ, գործառույթներ ու հարաբերություններ. սա, թերևս, լավագույն ապացույցն է մեր՝ վերը նշած առկախ վերլուծականության նկատումի. պարզապես չկա հիմնավորումն այն բանի, թե ինչով է, որ հարացույցը՝ լեզվական, իսկ շարակարգը խոսքային իրողություն է, այսինքն՝ անմեկնելի է դառնում լեզվին ներքուստ հատուկ գոյամակարդակների իսկությունը: Ասենք նաև, որ Սոսյուրի բնորոշած զուգորդային հարաբերությունները, հոգեբանականից բացի, որոշ առումով ներառում են նաև տրամաբանական շերտը, քանի որ նա զուգորդումը նկարագրելիս խոսում է նաև հարացույցի և հասկացության մասին[iv]:
Եռաշերտ նկարագրության առաջին փորձը կատարում է ֆրանսիացի լեզվաբան Լյուսիեն Տենիերը՝ իր «Կառուցվածքային շարահյուսության հիմունքները» գրքում ներկայացնելով լեզուն իմաստաբանական-կարգային, կառուցվածքային-գործառական և գծային դիտվածքներով: Այստեղ էլ միանգամայն հստակ են լեզվի տրամաբանական և նյութական շերտերը, իսկ ինչ վերաբերում է հոգեբանական շերտին, ապա, ըստ երևույթին, նկատի ունենալով տրամաբանականից խոսքայինին անցնելու պատեհային իրադրայնությունը, Տենիերը դրան մի մասով՝ տրամաբանական («կառուցվածքային»), մի այլ մասով խոսքային գործառմանը հարիր («գործառական») անվանում է տալիս[v]: Լեզվական գոյամակարդակների եռամասնյա մեկնությունը տրամաբանական վախճանակետին է հասցնում Է. Աթայանը, որոնց համար առաջարկում է հայերեն գտնվա՛ծ տերմինակարգ, այն է՝ լեզվական համակարգ (լեզվի հասկացական կամ տրամաբանական տիրույթ), խոսքային գծակարգ (լեզվի նյութական արտահայտության կամ խոսքային տիրույթ) և այս երկու մակարդակն ակնթարթորեն իրար ագուցող լեզվախոսքային շարակարգ (լեզվի պատկերակցական կամ հոգեբանական տիրույթ)[vi]: Ինչպես տեսնում ենք, Է. Աթայանը հոգեբանական տիրույթ է վերադարձնում շարակարգային գոյամակարդակը` հարազատ մնալով Ֆ. դը Սոսյուրի հայեցակարգին, իսկ կառուցվածքաբանների` Սոսյուրին վերագրող և նրա ըմբռնումներին խորթ` խոսքը շարակարգ համարող դրույթը` այսպես կոչված «խոսքային շարակարգը», վերանվանում է գծակարգ` այդպիսով վերացնելով երկու հակասություն, որոնցից մեկը կառուցվածքաբանների բերած գոյամակարդակային շփոթն է, մյուսը` Սոսյուրի` խոսքը լեզվաբանության ծիրից դուրս թողնելու անհարմարությունը, թեև Սոսյուրի գիտական համակարգում այն պատճառաբանված է: Պարզապես արդի լեզվաբանության սրբագրումներով խոսքն իսկապես լեզվաբանության առարկա է նույնքան, որքան լեզվական հորինվածքի մյուս երկու գոյամակարդակները:
Տեղեկացնենք, որ հայ լեզվաբանության մեջ Սոսյուրի և նրա հետևողությամբ կառուցվածքաբանների մեկնությամբ բնութագրված լեզվական գոյամակարդակների նկատմամբ լիակատար վստահություն չի եղել ոչ միայն դրանց քանակի, այլև հարացույցը՝ լեզվին և շարակարգը խոսքին հատկացնելու մեքենայական մոտեցման առումով: Այսպես՝ ըստ Գ. Ջահուկյանի՝ շարակարգային կաղապարը, որ ցույց է տալիս տվյալ լեզվում հաստատված կանոններով միավորների հաջորդման կարգը, վերագրվում է լեզվին, իսկ խոսքին վերաբերում են կաղապարի խոսքային մասնավոր իրացումները[vii]:
Հարացուցայնության ու շարակարգայնության և լեզվի կառուցվածքային մակարդակների օրինաչափ հարաբերակցության հետաքրքիր բացահայտում է կատարում Էդուարդ Աղայանը: Սակայն հարացույցն ու շարակարգը նա դիտարկում է որպես ներլեզվական հարաբերություններ՝ անկախ դրանց՝ լեզու/խոսք գոյաշերտերի հետ ունեցած փոխհարաբերությունից: Բանն այն է, որ Է. Աղայանը լեզվի և խոսքի՝ որպես ընդհանուրի և մասնակիի կամ առանձինի տարբերակված նույնացում է կատարում՝ դրսևորված խոսքը համարելով լեզվական փաստ՝ հե՛նց լեզու, բայց միայն՝ մասնակի արտահայտությամբ: Այս հակադրամիասնությունը, սակայն, նա չի պայմանավորում հարացույցով ու շարակարգով, ասել է՝ դրանք չի դիտում որպես լեզվական գոյամակարդակներ, այլ, ինչպես ասացինք, թե՛ լեզվին ամբողջությամբ, թե՛ նրա խոսքային համապատասխան դրսևորմանը հատուկ (ներլեզվական) հարաբերություններ, որոնք կառուցվածքային մակարդակներում որոշվում են փոխարկման ու հատութավորման «չափումներով», որոնց կանդրադառնանք քիչ հետո: Ասվածից չպետք է ենթադրել, թե Է. Աղայանը հետևում է Հումբոլդտի տրամախոսական միաչափության սկզբունքին (թեև չի էլ անտեսում այն): Այնուամենայնիվ, նա հստակ շերտավորում կատարում է լեզվի և խոսքի «արանքում», և այն, ելնելով հեղինակի դասդասման եղանակից, անվանում ենք գործունեութենական շերտավորում, այն է՝ ա) լեզվական գործունեություն (= հասարակության հաղորդակցական գործունեություն), բ) խոսողական գործունեություն (անհատականից հասարակական ուղղվածությամբ), գ) խոսքային գործունեություն (հասարակականից անհատական ուղղվածությամբ)[viii]: Հիշյալ գրքի հետագա շարադրանքում Է. Աղայանը խոսողական ու խոսքային գործունեությունից արտածում է խոսքը՝ ավելացնելով հետևյալ նկատումը. «Ոչ մի առանձին խոսք.... չի կարող ամբողջությամբ ընդգրկել լեզուն, սպառել այն: Ավելին. հասարակության ողջ լեզվական գործունեությունը նույնպես չի կարող սպառել լեզուն (ընդգծումն իմն է՝ Դ. Գ.), եթե մենք լեզու ասելով հասկանում ենք ոչ միայն նրա արդեն ունեցած, իրացված համակարգը, .... այլ նաև այդ համակարգի հնարավորությունները.... Այսպիսով՝ մենք խոսքը դիտում ենք որպես լեզվի իրացված, օբյեկտիվ ռեալություն դարձած մի մասնիկը.... և դրանով իսկ նույնացնում ենք խոսքը լեզվի հետ: Բայց.... դա առանձինի նույնությունն է ընդհանուրի հետ....»[ix]: Քանի որ Է. Աղայանը ոչ միայն գործունեութենական շերտերից բխեցնում է խոսքը, այլև դրանցից դուրս ու վեր է դիտարկում լեզուն՝ որպես այդ շերտերն ու խոսքը ամփոփող հնարավորությունների համակարգ, փաստորեն, համաձայն նրա նկատումների, ունենում ենք լեզվական հորինվածքի հինգ գոյամակարդակ, որը, ինչպես կտեսնենք, դյուրությամբ հարաբերակցվում է Է. Աթայանի առանձնացրած եռամակարդակությանը: Ըստ էության Է. Աղայանի վեր հանած գոյամակարդակները հետևյալներն են՝ ա) լեզու (որպես հնարավորությունների համակարգ), բ) լեզվական գործունեություն, գ) խոսողական գործունեություն, դ) խոսքային գործունեություն, ե) խոսք (որպես իրացված լեզու): Բաղդատելով այս շերտերը աթայանական գոյամակարդակների հետ՝ դժվար չէ նկատել, որ առաջին և հինգերորդ կետերը նույնացվում են, համապատասխանաբար, լեզվական համակարգի և խոսքային գծակարգի հետ, իսկ երկրորդից չորրորդ կետերը լեզվախոսքային շարակարգի ենթաշերտերն են, որոնց բացահայտումը խիստ կարևոր էր լեզվաբանության համար: Այն, որ այդ ենթաշերտերը, իրոք, լեզվի հոգեբանական անցումային տիրույթին (շարակարգին) են պատկանում, հստակ երևում է նաև դրանց բնութագրական անվանումից՝ գործունեություն: Է. Աղայանի տեսական համակարգի մեր այս մեկնության փորձը արդարացված է նաև նրանով, որ ներդաշնակություն ենք տեսնում այս լեզվաբանի և Վ. ֆոն Հումբոլդտի տրամախոսական ներհակությունների բացահայտման միջև: Չէ՞ որ լեզվի՝ որպես գործունեության (էներգեյա) դրույթը Հումբոլդտից է գալիս[x], իսկ նա նկատել է տվել լեզվի ոչ միայն գործունեության, այլև պատրաստի գործ (էրգոն) լինելու իսկությունը, և դա Է. Աղայանի (նաև Է. Աթայանի) տեսության մեջ արտացոլված է լեզվական համակարգին տված բնութագրությամբ: Արդ՝ մեզ մնում է պարզել, թե ինչ հարաչափերով է գնահատում Է. Աղայանը հարացուցային և շարակարգային հարաբերությունները: Ըստ եզվաբանի՝ շարակարգային շարքի միավորները ենթակա են հատութավորման (segmentation), հարացուցային շարքի միավորները՝ փոխարկման (substitution): Քանի որ տվյալ մակարդակի հատույթները (segments) այդ իսկ մակարդակի միավորների հոդավորիչներն են (constituents), ապա շարակարգային շարքում գործ ունենք հոդավորիչների հարաբերության հետ, և քանի որ այդ շարքը գոյանում է հոդավորիչ-հատույթների հոդավորմամբ, ապա շարակարգային շարքը միավորների համակցային հարաբերություն է: Գալով հարացուցային կարգին՝ Է. Աղայանը փոխադարձաբար իրար փոխարինող (= փոխարկման ենթակա) միավորներն անվանում է փոխարկիչներ (substitutors // substituents): Հարացուցային շարքում գործ ունենք փոխարկիչների միջոցով ներկայացվող բաղադրույթների (integrants) հարաբերության հետ, ուստի հարացույցը տվյալ մակարդակի փոխարկիչների կարգն է, և քանի որ փոխարկիչները փոխադարձաբար իրար փոխարինող միավորներ են, ուստի հարացույցում, ի տարբերություն շարակարգի, ունենք միավորների հակադրական հարաբերություն[xi]: Լեզվաբանության պատմությանը ծանոթ մասնագետի համար դժվար չէ կռահել, որ Է. Աղայանի այս բնութագրությունը Էմիլ Բենվենիստի տեսության ստեղծագործական յուրացումն է և առավել որոշարկումը[xii]:
Վիճարկման առարկա է եղել նաև Սոսյուրի երկատած ժամանակային հայեցակետը՝ համաժամանակյա (սինքրոնիկ) և տարաժամանակյա (դիաքրոնիկ) բևեռներով: Սոսյուրը խոսում է նաև հարաժամանակյա (պանքրոնիկ) տեսակետի մասին, սակայն զգուշացնում է, որ այդպիսի բացատրություն ենթադրող մասնավոր իրողությունը որևէ լեզվի պատկանել չի կարող: Իսկ ահա Ելմսլևը, խնդիր ու նպատակ ունենալով ստեղծել լեզվաբանական համընդհանուր տեսություն, լեզվի դիտարկման միակ իրական հայեցակետ է համարում հարաժամանակությունը կամ ապաժամանակությունը (աքրոնիա): Հետսոսյուրյան լեզվաբանությունը վիճարկում է նաև Սոսյուրի այն դրույթը, թե լեզվի համակարգային հետազոտություն հնարավոր է իրականացնել միայն ներակայորեն (ներակա – immanent) և համաժամանակյա հայեցակետով: Լեզվաբանական հայեցակետերի և լեզվաբանության ուղղությունների ուշագրավ հարաբերակցություն է բացահայտում իր «Լեզվաբանության հիմունքներում» Էդուարդ Աղայանը: Որդեգրելով Սոսյուրի պատմական և կայական (ստատիկ) ժամանակային հայեցակետերը, այլև հիմք ընդունելով նրա՝ հարաժամանակությանը վերաբերող ակնարկային դիտողությունները՝ Է. Աղայանը նկատել է տալիս, որ պատմական, կայական և հարաժամանակյա հայեցակետերն ընկած են լեզվաբանության երեք ուղղությունների հիմքում, որոնք են՝ ա) կառուցվածքային (նկարագրական) լեզվաբանություն կամ, ըստ ժամանակային բնութագրության, համաժամանակյա լեզվաբանություն, բ) պատմահամեմատական լեզվաբանություն կամ տարաժամանակյա լեզվաբանություն, գ) լեզվաբանական տիպաբանություն կամ հարաժամանակյա լեզվաբանություն: Բացի սրանցից` Է. Աղայանը իբրև լեզվաբանական գիտաճյուղ է նշում բարբառագիտությունը, որը նույնպես, ըստ լեզվաբանի, ենթակա է պատմական և նկարագրական հետազոտության, այսինքն` բարբառագիտությունն իր ներսում երկփեղկվում է պատմական բարբառագիտության (տարաժամանակյա հայեցակետ) և նկարագրական բարբառագիտության (համաժամանակյա հայեցակետ)[xiii]: Հարկ է ավելացնել, որ հարաժամանակյա հայեցակետով ևս կարող են ուսումնասիրվել բարբառները, ուստի բարբառագիտության մեջ պետք է ավելացնել ևս մեկ ենթաճյուղ` բարբառագիտական տիպաբանություն:
Սոսյուրն իր ընդհանուր լեզվաբանության դասընթաց-դասախոսություններով էական դեր ունի նաև ընդհանուր նշանագիտության կազմավորման հարցում: Ըստ Սոսյուրի՝ «.... կարելի է պատկերացնել այնպիսի մի գիտություն, որն ուսումնասիրի նշանների գործառությունը հասարակական կյանքի ներսում"՝ կազմելով ընդհանուր կամ հասարակական հոգեբանության մի բաժինը»[xiv]: Այդ գիտությունը Սոսյուրը, ի տարբերություն իր նախորդների և հաջորդների, անվանում է ոչ թե նշանագիտություն (սեմիոտիկա), այլ նշանաբանություն (սեմիոլոգիա), որի մի մասն է միայն լեզվաբանությունը: Այն, որ նշանաբանությունը, ըստ Սոսյուրի, հոգեբանական գիտություն է, բխում է նրա՝ նշանին տված բնորոշումից: Սոսյուրի ձևակերպման համաձայն՝ նշանը հասկացության և լսողական պատկերի զուգորդում է: Այդ բնորոշումից հետո նա հասկացությունը վերանվանում է նշանակյալ, լսողական պատկերը` նշանակիչ[xv]:
Նշանի արտահայտական կողմը Սոսյուրը պայմանականորեն է նյութական համարում. նրա համոզմամբ նշանի երկու եզրերն էլ հոգեկան բնույթ ունեն, իսկ նյութական կողմ կամ եզր ասելով՝ նկատի ունի ոչ թե մարմնավորված հնչյունը, այլ նրա հոգեկան դրոշմվածքը մեր զգայարանների վրա և դրանցով մեզ հաղորդված պատկերացումը: Հակառակ Սոսյուրի այս ձևակերպման, կառուցվածքաբանությունից սկսած մինչև մեր օրերը, նշանի արտահայտության դիտվածք (պլան) ասելով` նկատի ունեն հենց բուն նյութական՝ հնչյունական կողմը: Սոսյուրը չէր կարող նյութական հնչյունը նշանակիչ համարել շատ պարզ պատճառով. չէ՞ որ նա խոսքը ներքին լեզվաբանության առարկա չէր համարում, իսկ իր ուսումնասիրության նյութը լեզուն էր` ըստ իր պատկերացրածի` վերառյալ լեզվից: Տեղին է, ինչ խոսք, մատնանշումը, որ նշանը նաև նյութական մարմին է, սակայն չէր կարելի նրանից օտարել հոգեկան շերտը: Ահա՛ ևս մի նուրբ պահ, որով կարևորվում է Է. Աթայանի՝ լեզվական հորինվածքի չէ թե երկատված, այլ եռատված դիտարկումը, որով արևերես են բերվում նշանի թե՛ տրամաբանական-հասկացական, թե՛ հոգեբանական-պատկերակցական և թե՛ նյութական-հնչական շերտերը: Ինչ վերաբերում է նշանագիտությունը (ըստ Սոսյուրի՝ նշանաբանությունը)՝ հոգեբանության, լեզվաբանությունն էլ նշանաբանության մի բաժին լինելու տեսակետին, ապա այն վաղուց է հերքվել. գիտությունների ժամանակակից դասակարգմամբ սրանք, իրենց ունեցած աղերսներով հանդերձ, իսկապես առանձին ոլորտներ են, իսկ ընդգրկունության առումով նշանագիտությունը շատ ավելի համապարփակ է, քան հոգեբանությունը: Գալով նշանի մյուս հարաչափերին, մասնավորապես՝ անփոփոխելիության ու փոփոխելիության, պայմանականության ու բնականության, այլև երկրորդ զուգանդամներին անմիջականորն աղերսվող հիմնավորվածության (մոտիվացվածության) ու չհիմնավորվածության ներհակություններին՝ պետք է ասել, որ առաջին զույգի հարցում Սոսյուրը նախանձելի տրամախոս է. վստահորեն է մեկնում նշանի թե՛ փոփոխելի, թե՛ անփոփոխ լինելու հատկությունները: Նույնը, սակայն, չի կարելի ասել նշանի պայմանականության և բնականության սոսյուրյան մեկնաբանության մասին: Լեզվական նշանը, ըստ նրա, գերազանցապես պայմանական է, և լեզվի մեջ չնչին տոկոս են կազմում բնական նշանները, որոնք էլ, ըստ լեզվաբանի, բնաձայնությունների և ձայնարկությունների մի մասն են կազմում[xvi]: Այս տեսակետը վաղ շրջանից առարկություն է առաջ բերել լեզվաբանների շրջանում, և առաջին վիճարկողներից մեկը հե՛նց Սոսյուրի աշակերտն է՝ Շառլ Բալլին: Լեզվաբանը, ներկայացնելով նշանի և շարութաբանության հարաբերությունը, տարբերակում է կամայական և հիմնավորված (պատճառաբանված, ասել է` բնական) նշանները, առաջ է քաշում նշանակչով հիմնավորված նշանի դրույթը, խոսում մինչև իսկ քողարկված հիմնավորվածության մասին[xvii]: Հարցին հետագայում անդրադարձել են Էմիլ Բենվենիստը[xviii], Ռոման Յակոբսոնը[xix], հայ իրականության մեջ՝ Էդմոն Ավետյանը[xx], Էդուարդ Աթայանը, Աշոտ Աբրահամյանը և այլք, թեև զուգահեռաբար (այսօր էլ) կա (Սոսյուրից առավել հատու) տեսակետ, թե լեզվական նշանը միա՛յն պայմանական է: Է. Աթայանը, նշանը համարելով նաև՛ բնական[xxi], այստեղ ևս հանդես է բերում եռաչափ քննության իր հայեցակերպային բնութագիրը՝ նշանասերումը դիտարկելով սուբյեկտ-օբյեկտային հարաբերությունների ոլորտում, հաղորդակցման կաղապարների համապատասխան կազմը ներկայացնելով հարաբերությունների վեց տիպով, որոնցից բարձրագույնն է հռչակում ներքին խոսքը՝ ինքնահաղորդակցումը[xxii]: Աշոտ Աբրահամյանը ոչ միայն նշանի բնականության փաստն է բնականորեն ընդունում՝ նշանասերումը դիտարկելով արտալեզվական և լեզվական իրականությունների հանգուցակետում, այլև նշանի երկու կողմերի՝ բովանդակության և արտահայտության հակադրման հարաբերականությունն է փաստում՝ բացահայտելով դրանց փոխանցման հնարավորությունները[xxiii]: Իր վերջին ուսումնասիրություններում բովանդակությունից արտահայտություն անցումը նա համարում է բնաձայնական եղանակով կատարվող փոխաբերության դրսևորում, իսկ հակառակ անցումը՝ ձայնարկային եղանակով կատարվող փոխանունության դրսևորում: Լեզվական նշանի բնականության ու պայմանականության առումով հետաքրքիր եզրահանգման է գալիս հեղինակը. լեզվական նշանը կրկնակի հիմնավորված է (իմա՛ բնական է) հակադիր անցումների զուգակցմամբ, իսկ անցակետերի միջակայքում նրա դրսևորումը պայմանական է[xxiv]:
2-րդ մասը կարդացեք այս հղմամբ
ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
____________________________________________________________________
[i]Տե՛ս Գ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, I հատոր, Երևան, 1960, էջ XIX:
[ii] Հայերեն տեղին կլիներ այս երկատումը թարգմանել առանց «լեզու» և «խոսք» բառերի, որով կվերանային հասկացությունների անվանման՝ մի դեպքում՝ նույնաբանական («լեզվի լեզվաբանություն»), մյուս դեպքում՝ ասես զոռով կարկատանված տարաբանական («խոսքի լեզվաբանություն») մոտեցումները. հարկ է պարզապես դրանք կոչել, համապատասխանաբար, լեզվաբանություն և խոս(ք)աբանություն:
[iii] Տե՛ս Л. Ельмслев, Пролегомены к теории языка, Москва, URSS, 2006, էջ 129:
[iv] Տե՛ս Ֆ. դը Սոսյուր, Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Երևան, «Սարգիս Խաչենց . Փրինթինֆո», 2008, էջ 193:
[v] Տե՛ս Л. Теньер, Основы структурного синтаксиса, Москва, «Прогресс», 1988, էջք 22-62: Տե՛ս նաև Է. Աթայանի` Լ. Տենիերի շարահյուսությանը տված մեկնաբանությունը. Э. Атаян, Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, «Митк», 1968, էջք 57-73:
[vi] Է. Աթայան, Լեզուների ձևաբանական տիպաբանության առարկան և «անհատական լեզվական ձևի» բացահայտման խնդիրը // Բանբեր Երևանի համալսարանի (այսուհետ՝ ԲԵՀ), Ե., 1988, հմ. 2:
[vii] Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե., 1969, էջ 101:
[viii] Տե՛ս Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, ԵՊՀ հրատ., 1987, էջ 43:
[ix] Ա՛նդ, էջ 115:
x Տե՛ս В. фон Гумбольдт, Избранные труды по языкознанию, Москва, Прогресс,1984, էջք 67, 68, 108:
[x]i Տե՛ս Է. Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1967, էջք 69-76:
xii Տե՛ս Է. Բենվենիստ, Ընդհանուր լեզվաբանության խնդիրներ, I հատոր (ֆրանսերենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները` Ամակյա Մուրադյանի), Երևան, «Սարգիս Խաչենց . Փրինթինֆո», Երևան, 2023, էջք 168-178:
xiii Տե՛ս Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, էջք 124 – 131:
xiv Ֆ. դը Սոսյուր, Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Ե., 2008, էջ 32:
xv Տե՛ս Տե՛ս Ֆ. դը Սոսյուր, անդ, էջք 104-106:
xvi Տե՛ս Տե՛ս Ֆ. դը Սոսյուր, անդ, էջք 107-110:
xvii Տե՛ս Ш. Балли, Общая лингвистика и вопросы французского языка, Москва, 1955, էջք 144-157:
[xviii] Տե՛ս Է. Բենվենիստ, անդ, էջք 73-81:
[xix] Տե՛ս Р. Якобсон. Выступление на I международном симпозиуме «Знак и система языка» (Эрфрут. ГДР, 1959) // С. Воронин, Фоносемантические идеи в зарубежном языкознании, Ленинград (очерки и извлечения), էջք 35-36:
[xx] Տե՛ս Э. Аветян, Семиотика и лингвистика, Ереван, 1989, էջք 64-72:
xxi Տե՛ս Է. Աթայան, Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը, Երևան, 1981, էջք 240-266:
[xx]ii Տե՛ս Է. Աթայան, Նշանը սուբյեկտ-յբյեկտային հարաբերությունների համակարգում // Բանբեր Երևանի համալսարանի (ԲԵՀ) (հասարակակն գիտություններ), Երևան, 1990, հմ. 3, էջք 17-33:
[xxi]ii Ա. Ս. Աբրահամյան, Բովանդակության և արտահայտության հակադրման հարաբրականությունը լեզվում // ԲԵՀ, 1988, հմ. 1, էջք 34-44:
xxiv Մանրամասն տե՛ս Ա. Ս. Աբրահամյան, Նշանակյալի և նշանակիչի կրկնակի ներդաշնակումը լեզվում // Նշան, համակարգ, հաղորդակցում (Հոդվածների ժողովածու՝ նվիրված Է. Աթայանի հիշատակին), Ե., 2011, էջք 20 -26:
0 Մեկնաբանություն