1-ին մասը կարդացեք այս հղմամբ
Կարևոր ենք համարում իրազեկել, որ ԽՍՀՄ-ում նշանի էությունը և նշանասերման առանձնահատկությունները իմաստասիրական խորքով վեր հանող առաջին հայ հեղինակը Լևոն Հարությունի Աբրահամյաննն է[i]: Վերջերս լույս տեսած իր Sigma տետրակում (ռուս.) Լ. Աբրահամյանն այն նուրբ դիտարկումն է կատարում, ըստ որի` անվան հարաբերությունը նշանակման առարկային երբեք անմիջական չի լինում, այլ միշտ միջնորդավորված է հասկացությամբ[ii]:
Սոսյուրից հետո լեզվաբանության մեջ աղմկահարույց թեմաներից մեկն էլ շարույթն էր՝ տարակերպ մեկնությունների առատությամբ: Այս հասկացությունը գրեթե միաժամանակ իրարից անկախ լեզվաբանություն են բերել Բոդուեն դե Կուրտենեն և Ֆ. դը Սոսյուրը: Հայերեն «շարույթ» տերմինը համարժեքն է հունարենից փոխառած ֆրանսերեն syntagme բառի (ռուսերենում ևս այդ փոխառությունն է գործում): Ըստ դե Կուրտենեի՝ syntagme-ը շարահյուսական նվազագույն միավորն է: Սոսյուրն այդ նույն տերմինը գոծածում է երկու տարբեր հասկացության համար: Մի իմաստով syntagme-ը գործածվում է նշելու համար լեզվական գոյամակարդակներից մեկի անվանումը, մյուս իմաստով՝ նշելու համար լրացում-լրացյալ հարաբերության մեջ գտնվող շարահյուսական միավորը: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ Լ. Շչերբան դե Կուրտենեի թույլտվությամբ վերջինից տարբեր իմաստով է գործածում syntagme բառը՝ նշանակելու համար հնչյունական այն միասնությունը, որ խոսք-մտքի գործընթացում իմաստային միասնական ամբողջություն է արտահայտում և կարող է բաղկացած լինել և՛ մեկ կշռութային խմբից, և՛ դրանց ամբողջական շարքերից, այլև այն, որ լեզվաբանների մեծ մասի, թող թույլ տրվի ասել, մակերեսային ընթերցանությունը առեղծվածորեն մեկտեղում է ոչ մի հնարքով ի մի չբերվող այս տարակարգ հասկացությունները, ընթերցողը երևի պատկերացում կկազմի կես դարից ավել լեզվաբանության մեջ տիրող քաոսային վիճակի մասին: Սակայն գերագույն առեղծվածն այն է, որ այս քաոսային մակարդակով էլ անցյալ դարի 70-ականներին լեզվաբանության մեջ արդեն մի նոր գիտակարգ էր ձևավորվել՝ շարութաբանությունը (սինտագմատիկա): Թերևս հարկ է գիտությունների կազմավորման հիմնական նախադրյալ դիտել նրանցում տիրող քաոսային կացությո՞ւնը...
Ինչևէ, իսկապես այսօր կա շարութաբանությունը՝ որպես գիտակարգ, և դը Սոսյուրից ու դե Կուրտենեից հետո առավելապես սոսյուրյան տրամաբանությամբ այն տեղաշարժող առաջամարտիկը նույնպես Սոսյուրի աշակերտն էր՝ Շառլ Բալլին, որի շարութաբանական ուսմունքը լեզվաբանական աշխատություններում զարմանալիորեն անտեսվում է, թեև գիտական ուսումնասիրություններում չեն նվազում հղումները նրա համապատասխան գրքին (խոսքը հեղինակի «Ընդհանուր և ֆրանսիական լեզվաբանություն» երկին է վերաբերում): Այս հարցում ևս արդի հայ լեզվաբանությունը նվաճումներ արձանագրել է: Իրարից տարբեր, ինքնատիպ և հետաքրքիր շարութաբանական դիտարկումներ են կատարել Է. Աթայանն ու Գ. Ջահուկյանը: Ըստ Աթայանի՝ շարույթը շարահյուսական կառույց է, որը նվազագույն դրսևորմամբ երկանդամ է: Սրա ծավալումը տեղի է ունենում ընդհանուր կամ կենտրոնական տարրի շնորհիվ, որով համապատասխան համակցություններ են կատարվում՝ ձևավորելով փնջային կառուցվածքներ[iii]: Ըստ Ջահուկյանի՝ շարույթը նախադասության ձախակողմյան տիրույթին պատկանող հատվածն է, ուստի կամ գոյական է, կամ նրա ծավալված տարբերակը: Շարույթի ուսումնասիրությունն այս լեզվաբանը կատարում է իր մշակած փոխկաղապարման մեթոդի օգնությամբ, որով բացատրվում է համապատասխան կանոններով համասեռ կաղապարներից տարասեռ կաղապարների՝ որպես գերշարույթների և լիաշարույթների ձևավորման ընթացքը[iv]: Այսօր շարութաբանությունն իբրև ուսումնասիրության մեթոդներ է ընդունում մաթեմատիկական բազմությունների հատումն ու միավորումը, ինչպես նաև հետազոտությունն ամբողջացնում է համակցաբանության (կոմբինատորիկա) ձեռքբերումներով: Ընդգծվում է, որ շարութաբանության մեջ մաթեմատիկական մեթոդաբանության գործադրումն ինքնանպատակ չէ, քանի որ շարակազմության ուսումնասիրությամբ պարզվում է հետևյալը. խոսողության ընթացքում շարահյուսական միավորների և կառույցների համակցման հանրահաշվական ճշգրտությունը վկայությունն է այն բանի, որ մաթեմատիկական օժտվածությունը մարդուն հե՛նց լեզվականորեն է տրված[v]:
Նախքան սոսյուրյան դասընթացի հայերեն թարգմանության ամփոփիչ արժևորման փորձ անելը պարտավոր ենք մեկ-երկու բարեկամական դիտողություն և առաջարկություններ ներկայացնել խոր հարգանքի արժանի մեր ավագ գործընկերներին՝ գրքի թարգմանչին և խմբագրին՝ առաջիկայում անթերի լինելու իմաստով նույն գրքի առավել արժեքավոր թարգմանությունը տեսնելու հույսով: Ճիշտ է, մեզանում մեծ չէ լեզվաբանական երկերի հայերեն թարգմանության փորձը (եղած թարգմանությունները հիմնականում հայերենագիտական երկեր են (Հյուբշման, Մեյե և այլն)), այնուամենայնիվ նշածս անձինք քաջածանոթ են այդպիսի երկերի ռուսերեն թարգմանություններին, ուստի տեղին ու ցանկալի կլիներ, որ նրանք մի շարք հարցերում հետևեին թարգմանչաց ռուսական դպրոցի օրինակելի մոտեցումներին:
Այսպես.
ա) Նման գրքերի ռուսերեն թարգմանությունները պարտադիր ունենում են տերմինարան և անվանացանկ պարունակող հավելվածներ՝ յուրաքանչյուր անվան և տերմինի դմաց համապատասխան էջանշմամբ (ըստ որում, այդ դեպքում խիստ ցանկալի է, որ հայերեն տերմինների դիմաց նշվեն օտար համարժեքները): Հայերեն տարբերակում դրանք չկան: Գիտակցում ենք, ինչ խոսք, որ աշխատատար է այս պահանջը, և այնուամենայնիվ պահանջ է, ուստիև անհրաժեշտ էր դրա ապահովումը:
բ) Վերլուծության համար տարբեր լեզուներից բերված իմաստակիր միավոր-օրինակների թարգմանությունը պարտադրաբար պիտի տրվեր փակագծերում, նո՛ր միայն վերլուծությունը, ինչպես որ կարգն է, ներկայացվեր բնագիր լեզվի օրինակների վրա: Հայերեն տեքստում դրանց թարգմանությունները հաճախ չկան, միչդեռ ռուսերեն տեքստերում միշտ առկա են. և սա բնական է, քանի որ սակավաթիվ ընթերցողներ միայն այդ բոլոր լեզուներին գոնե մասնակիորեն ծանոթ կարող են լինել, ուստի նրանց հարկ է վերլուծվող նյութից պատկերացում կազմելու հնարավորություն տալ:
գ) Եղած փաստերի հիման վրա ճաշակավոր ընտրությամբ գրական լեզվի վճռական կանոնարկման պատիվը լեզվաբանությանն է վերապահված, որը միաժամանակ հանրալեզվական նկատառումներով հսկողական դեր պիտի կատարի, ի թիվս այլոց, նաև տարոլորտ գիտական տերմինների միասնականացման մարզում: Ճիշտն ասած, տարակուսանք է պատճառում այն, որ հմուտ լեզվաբանի թարգմանությամբ և բազմաթիվ առողջ տերմիններ ստեղծած ու կանոնարկած խմբագրի աշխատասիրությամբ լույս տեսած լեզվաբանական երկը որոշ դեպքերում տերմինաբանական անհարմարություններ է հարուցում հատկապես ուսանողի համար, երբ, ընդհանուր լեզվաբանության դասընթացին պատրաստվելիս դասախոսի հանձնարարությամբ (կամ կամովին) ծանոթանալով Սոսյուրի գրքին, չի գտնում այնտեղ այն տերմինները, որոնք դասախոսության ընթացքում ներկայացվել են որպես Սոսյուրի տերմինների հայերեն համարժեքներ: Այսպես՝ խնդրո առարկա գրքի և ո՛չ մի էջում մեզ չհանդիպեց «ներակա» տերմինը, որը Սոսյուրի «immanent» հաճախադեպ տերմինի՝ վաղուց քննություն բռնած հայերեն համարժեքն է: Փոխարենը հանդիպում ենք «ներփակ», «ներամփոփ», «ներփակություն» կամ «ներփակվածություն» բառերի, որոնք, ճիշտ է, արտացոլում են իրողությունը, սակայն սոսկ հայերեն բառեր են, ո՛չ տերմիններ, ուստի ոչ մի կերպ փոխարինել չեն կարող «ներակա» և «ներակայություն» տերմիններին: Նույնը վերաբերում է թարգմանության մեջ առկա անհարկի փոխառություններին, ինչպիսիք են վաղուց իրենց հայերեն տարբերակներն ունեցող «էվոլյուցիոն», «ստատիկ», «ֆունկցիա» և այլ բառերը: Վերը ցույց տրվեց, թե ինչ գեղեցիկ համամասնություն է նկատել Է. Աղայանը ժամանակային հայեցակետերի և լեզվաբանության ուղղությունների միջև, որը, հիմք ընդունելով Սոսյուրի դրույթները, ինչպես և սպասելի էր, գործածում է նրա տերմինների հայերեն համարժեքները՝ «linguistique e՛volutive"»-ի դիմաց դնելով «պատմական լեզվաբանությունը», «linguistique statique»-ի դիմաց՝ «կայական լեզվաբանությունը»: «Ստատիկ»-ի բառացի թարգմանությունն է «կայականը», որ և իբրև համարժեք է ընտրել Աղայանը: Ինչ վերաբերում է «էվոլյուցիոն»-ին, ապա Աղայանը քաջատեղյակ էր թե՛ այդ փոխառությանը, թե՛ դրա «բարեշրջային» կամ «բարեշրջական» թարգմանությանը, բայց հայերեն տերմինը ստեղծելիս նա առաջնորդվում է բառի հասկացական համարժեքը գտնելու սկզբունքով, մի բան, որ նուրբ դիտարկման է արժանացրել Սոսյուրը, և որը հրաշալի է ներկայացված հայերեն թարգմանությամբ. մնում էր միայն, որ թարգմանիչն ու խմբագիրը Աղայանի նման հետևեին այդ սկզբունքին: Իսկ դրան հետևելու դեպքում իմ բարեկամ լեզվաբանները վերնագրային թարգմանություն չէին ընտրի «Ռացիոնալ բաժանումներ» տարբերակը: Չէ՞ որ խորապես գիտակցել են, որ «ռացիոնալ»-ի բառացի «բանական» թարգմանությունը տեղին չէր լինի: Հավատացնում ենք՝ շատ ավելի անտեղի է փոխառյալ տարբերակի ընդունումը: Հիշյալ սկզբունքի համաձայն՝ պարզապես պետք է վերնագրեին՝ «նպատակահարմար բաժանումներ» (կամ «արդյունավետ բաժանումներ»): Բառերի և ածանցների վերաբերմամբ «productif», «non productif» բնութագրիչները հայերեն «արդյունավետ», «ոչ արդյունավետ» տարբերակներով ներկայացնելն անարդյունավետ է. դրանց հայերեն համարժեքները վաղուց կան հայ լեզվաբանական գրականության մեջ, որոնք են՝ «գործուն» կամ «կենսունակ» և «ոչ գործուն» կամ «անկենսունակ»: Հասկացական համարժեքը գտնելու առումով, այնուամենայնիվ, թարգմանյալ գրքում կան գնահատելի գտնվածքներ, որոնցից տողերիս հեղինակին, մասնավորապես, միանգամայն համոզիչ է թվում Սոսյուրի «motivation»-ի դիմաց մեծ տարածում գտած (նշանի) «պատճառաբանվածություն» բառի փոխարեն «հիմնավորվածություն», իսկ "langage"ի դիմաց` «լեզվախոսություն» անվանումների շրջանառումը:
դ) Վերի շարադրանքում տեղեկացրինք լեզվաբանության մեջ «syntagme» բառի երկիմաստությամբ ստեղծված շփոթի մասին: Հայերենը հնարավորություն է տալիս կանխելու այդ շփոթը, քանի որ իմաստներից յուրաքանչյուրը առանձին բառով է արտահայտված՝ մի դեպքում «շարույթ», մյուս դեպքում` «շարակարգ»: Երբեմն, սակայն, հայերեն թարգմանության մեջ էլ զգալ է տալիս այդ շփոթը: Այսպես՝ միևնույն միտքը տարբեր էջերում մեկ՝ «շարույթ»", մեկ «շարակարգ» բառով է թարգմանված. 1) «Ավելորդ ենք համարում նշել, որ շարույթների ուսումնասիրությունը չի համընկնում շարահյուսությանը: Վերջինս... նրա միայն մի մասն է կազմում» (էջ 188, տողատակ): 2) «Շարակարգային ոչ բոլոր իրողություններն են դասվում շարահյուսության մեջ, բայց շարահյուսության բոլոր իրողությունները վերաբերում են շարույթաբանությանը» (էջք 208 - 209. մեջբերման ընդգծումներն իմն են՝ Դ. Գ.): 2-րդ մեջբերման «շարակարգային» բառի փոխարեն պետք է լիներ «շարութային»: Նույն 208-րդ էջում կարդում ենք. «Այն ամենը.... պետք է հանգեցվի շարույթների տեսության և զուգորդությունների տեսության» (ընդգծումն իմն է՝ Դ. Գ.). պետք է լիներ. «.... շարակարգերի տեսության և զուգորդությունների տեսության»:
Կան էլի մանր դիտողություններ, որոնք հարկ չենք համարում հրապարակել, որովհետև մեր նկատումները սրտացավության արտահայտություն են. վերահրատարակման հնարավորության դեպքում մանրուքները հեշտությամբ կհայտնաբերվեն ու կվերացվեն:
Թեև կարող ենք խոստովանել, որ Սոսյուրից հետո հայ լեզվաբանությունը, սկսած անցյալ դարի 60-ականների կեսից, համընթաց է քայլել համաշխարհային լեզվաբանական մտքի հետ մինչև դարավերջ, իսկ որոշ էական ոլորտներում, մասնավորապես՝ լեզվիմաստասիրության և լեզվանշանագիտության մեջ առաջ է անցել այդ մտքից, այդուհանդերձ, նկատի ունենալով ներկայիս հայոց գիտական մթնոլորտը և գիտության նկատմամբ պետության ոչ այնքան նպաստավոր դիրքորոշումը, խիստ կարևոր է օրերիս հայ լեզվաբանության համար շվեյցարացի հայտնի լեզվաբանի հայտնի երկի հայացումը, մանավանդ որ հիմա բացակայում են մոտ անցյալում լեզվաբանական միտքն առաջ մղող գիտնականներից շատերը: Ո՞վ գիտե, գուցե Սոսյուրի այս գրառված դասընթացը մի նոր գալարով կարողանա տեղաշարժել արդեն թարմության կարոտ մեր գիտությունը:
Ի դեպ, քանի որ Սոսյուրի այս գիրքն իր ավանդն է բերել նաև նշանագիտության կազմավորման հարցում, ուստի հայ ընթերցողների առավել մեծ ընդգրկում է ենթադրում այն (իմաստասիրության, գրականագիտության և շատ այլ մասնագետների): Բավական է տեղեկացնել, որ այսօր Ռուսաստանում փիլիսուփայության ասպիրանտական քննության հարցաշարի պարտադիր հեղինակներից է Ֆ. դը Սոսյուրը, ասել է՝ նրա ուսմունքը բավականաչափ հասանելի և պարտադիր է ասպիրանտական ուսումնառություն ձեռք բերող բոլոր մասնագետների համար անխտիր: Եթե այդպես է բոլոր մասնագետների համար, ապա որքան կարևոր պիտի լինեն այդ և նշանագիտական մյուս հիմնարար տեսությունները բանասերների համար: Չէ՞ որ ժամանակին սերտաճած են եղել լեզվաբանական և գրականագիտական գիտակարգերը. հե՛նց հայ իրականության մեջ ոչ վաղ անցյալում ունեցել ենք այդ երկու ոլորտում էլ բարձր արարումներ տված գիտնականներ (լավագույնը երևի Մանուկ Աբեղյանի օրինակը պետք է համարել): Պետք չէ ասվածի մեջ առհավության նշույլ փնտրել, ոչ էլ պետք է սպասել, թե գավազանի մի հարվածով կսերտաճեն լեզվաբանությունն ու գրականագիտությունը, որի կարիքը բնավ չկա: Մեր մտահոգությունը խորքային ներթափանցումներին է վերաբերում: Համենայն դեպս, մի կարևոր հանգամանքի վրա կուզենայի հրավիրել ընթերցողի ուշադրությունը: Լեզվաբանությունը, պայմանավորված իր առարկայի յուրակերպությամբ, մյուս հասարակական գիտությունների համար մի կողմից՝ միջնորդ օղակ է դրանց և բնական գիտությունների ու մաթեմատիկայի հանգուցակետում, մյուս կողմից՝ սնուցիչ աղբյուր է ի՛ր իսկ մշակած մեթոդաբանական հիմքով: Սակայն սնուցման այդ միակողմանի ուղղվածության ժամանակներն անցել են այսօր: Մի քանի տասնամյակ է արդեն, որ լեզվաբանության մեջ իր հաստատումն է գտել այն դրույթը, ըստ որի՝ լեզվի կառուցվածքային քննությունը չպետք է ավարտել և չի ավարտվում նախադասությամբ. լիավյուն իրավունք է վերապահված լեզվաբանությանը՝ զբաղվելու նաև՛ գերասության՝ տեքստի քննությամբ: Իսկ սա արդեն նշանակում է, որ բնականորեն են հատվում բանասիրության երկու հիմնարար գիտության՝ լեզվաբանության ու գրականագիտության սահմանները: Չդադարելով կատարել իր սնուցման պատվավոր դերը՝ լեզվաբանությունն այսօր չի կարող անտարբեր լինել նաև տեքստի գրականագիտական մեկությունների նկատմամբ: Իսկ դա շատ ավելի արդյունավետ կլինի՝ շնորհիվ նշանագիտության շոշափելի նվաճումների, որի գոյավորման հարցում անուրանալի է այլևս լեզվաբանության բերած ավանդը:
Վերստին դառնանք Սոսյուրին: Թեև նշվեց, որ Սոսյուրը լեզվաբանության կառուցվածքային ուղղության նախակարապետն է, զգալի ներդրում ունի նշանագիտության ձևավորման հարցում, նրա դրույթների հիմքով է ամբողջացել շարութաբանության գիտակարգը, պակաս դեր չեն ունեցել նրա հայացքները հանրալեզվաբանության (սոցիոլինգվիստիկա) միջգիտակարգի ստեղծման գործում, քիչ առաջ էլ հիշատակվեց ռուսաց ասպիրանտական համակարգում համատարած «սոսյուրիմացության» փաստը, այս ամենով, սակայն, նրա՝ իրբև խոշոր լեզվաբանի անունը փոքր-ինչ խամրում է ընդհանուր լեզվաբանության՝ իբրև ինքնուրույն գիտության ձևավորման հիմնադիր Վիլհելմ ֆոն Հումբոլդտի անվան կողքին: Եվ սա՝ ո՛չ այն պատճառով, որ, ի տարբերություն Սոսյուրի, Հումբոլդտը ոչ թե նախակարապետը, այլ հե՛նց կարապետ-հիմնադիրն է մի շարք գիտակարգերի, որոնք են ընդհանուր լեզվաբանությունը, լեզվիմաստասիրությունը, համեմատական լեզվաբանությունը, լեզուների կառուցվածքային տիպաբանությունը. ի վերջո նա է բացել լեզվամշակութաբանության, հոգելեզվաբանության (այն էլ ժամանակակից իմաստով), լեզվագեղագիտության, մարդաբանական լեզվաբանության ակոսները: Սրա հիմնավորումն այլ տեղ է՝ հենց իրեն՝ Հումբոլդտի՛ն հատուկ հետազոտության եղանակի՝ նրա տրամախոսությա՛ն մեջ, որը, ի տարբերություն հեգելյան տրամախոսության, ոչ թե փակ, այլ բաց համակարգ է. այն սահման չի ճանաչում, որովհետև տրամախոսությունը հե՛նց սահմանի հաղթահարումն է (անօրինակ համապարփակությամբ տրամախոսության առեղծվածներից մեկն էլ երևի այն է, որ այս բաց համակարգով պիտի փակվեր, իր վախճանակետին հանգեր գերմանական դասական իմաստասիրությունը...): Իր հետազոտության այս եղանակով լեզվին ու նրա իրակություններին բնուստ տրված ներհակությունների քողազերծում է կատարում Հումբոլդտը՝ ամեն մի երևույթի մասին խոսելիս նորովի սահմանելով լեզուն և դրա համար ամեն անգամ թարմացնելով ու վերահաստատելով նրա՝ ազգային ոգու հետ ունեցած անքակտելի կապի և դրանից բխելու, միաժամանակ դրան հանգելու ստուգությունը: Յուրաքանչյուր լեզվական դիտարկում անելիս նա միաժամանակ խորագետ պատմաբան, մարդաբան, ազգագրագետ, հոգեբան, բանագետ, աշխարհագետ, կենսաբան և այդ բոլոր ոլորտների խորիմացությունը լեզվի գաղտնիքների բացահայտմանը ծառայեցնող, անհրաժեշտ ընդհանրացումների հասնող քննախոս իմաստասեր է: Սոսյուրը ոչ միայն չի հասել այս խորաթափանցությանը, այլև Հումբոլդտի էական հայացքներն է «հերքում»՝ միայն առերևույթ կուռ գիտական հիմնավորումներով: Ըստ էության, հումբոլդտյան ներքնատեսության հատկության անտեսումն է, որ Սոսյուրին մերժողական դիրքի է մղում թե՛ լեզվի և ազգային ոգու, իրոք, անխզելի կապի բնութագրության, թե՛ լեզվի ներքին ձևի բնութաբանության հարցում: Չնայած այս ամենին՝ լեզվաբանության պատմության համար կարևորության առումով հավասարարժեք են և՛ Հումբոլդտի տրամախոսական լեզվաբանությունը, և՛ Սոսյուրի համակարգային-վերլուծական լեզվաբանությունը, առաջինը՝ իր իմաստասիրական խորքով հագեցած հիմնարարությամբ, երկրորդը՝ լեզվաբանական միտքը եռանդագին շարժման մեջ դնող հիմնարար աշխուժությամբ (ի դեպ, այս լեզվաբանները ճակատագրական նմանություն էլ ունեն իրենց գլխավոր երկերի հետմահու լույսընծայման առումով. Վ. ֆոն Հումբոլդտի արժեքավոր քննախոսությունը նրա մահվանից հետո լույս է ընծայել եղբայրը՝ բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտը): Կարևորության հավասարարժեքությունը փաստվում է նաև նրանով, որ արդի գերհամադրական լեզվաբանության ձևավորման համար հավասար լծակներ են եղել հումբոլդտյան խորքային համադրականությունը և սոսյուրյան կառուցվածքային վերլուծականությունը[vi] (ինչ խոսք, նաև անտարորոշ լեզվաբանության դարավոր շրջանը):
Այսպիսով՝ խորապես գնահատելի գործ են կատարել այն բոլոր անձինք, ովքեր հրապարակ են հանել շվեյցարացի լեզվաբանի գրքի հայերեն թարգմանությունը: Ինչպես արդեն ասվել է, ժամանակագրորեն առաջ է անցել մեր լեզվաբանական իրականությունն այդ գրքից՝ թևակոխելով զարգացման նորագույն փուլ: Այնուամենայնիվ լեզվաբանության մեջ մասնագիտանալիս երիտասարդ մասնագետը միայն այդ փուլով չի բավարարվում կամ միայն դրանից չի սկսում: Նորագույն փուլն էլ չէր ձևավորվի, եթե նրա հիմնադիրը միայն Սոսյուրից սկսեր: Այնպես որ, բոլոր առումներով արդարացված է թարգմանությունը:
Ավելացնենք նաև, որ չպետք է սահմանափակվել ու գոհանալ այս թարգմանությամբ: Կան բազմաթիվ այլ անուններ, որոնց երկերի հայացումը խիստ կարևոր է հատկապես մեր ուսանողության և երիտասարդ մասնագետների համար: Ավելին ասեմ. իր խմբագրին, հովանավորին ու հրատարակչին է սպասում Էդուարդ Աթայանի թարգմանությամբ ձեռագիր վիճակում ննջող լեզվաբանական և փիլիսոփայական երկերի ստվար ծաղկաքաղը...
ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
——————————————————————————————————————
[i] Տե՛ս Л. А. Абрамян, Гносеологические проблемы теории знаков, Ереван, 1965: Տե՛ս նաև` Л. А. Абрамян, Значение как категория семиотики // «Вопросы философии», Москва, 1965, № 1:
[ii] Абрамян Л. А., Тетрадь Sigma. Размышления на философские темы, Ереван, 2008, էջ 43:
[iii] Տե՛ս Э. Атаян, Предмет и основные понятия структурального синтаксиса, Ереван, «Митк», 1968, էջք 209-220:
[iv] Տե՛ս Գ. Ջահուկյան, Շարույթը որպես լեզվական միավոր // «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», Երևան, 1990, հմ. 2, այլև` Շարահյուսական ուսումնասիրություններ, Երևան, «Ասողիկ», 2003, էջ 12:
[v] Տե՛ս Դ. Գյուլզատյան, Լեզվի ստորակարգային մակարդակների գոյամակարդակային տեղայնացումը (կառուցվածքաբանությունից առ տրամախոսություն), Երևան, «Ակտուալ արվեստ», 2019, էջք 315-343:
[vi] Լեզվաբանության նորագույն փուլին վերաբերող մեր պատկերացումները նկարագարված են տողերիս հեղինակի մի հոդվածում. տե՛ս Դ. Գյուլզադյան,Վարկած լեզվաբանության պատմության նորագույն պարբերացման (Էդուարդ Աթայանի լեզվափիլիսոփայական հայեցակարգի հենքով) // Նշան, համակարգ, հաղորդակցում, Ե., 2011, էջք 63 – 73:
0 Մեկնաբանություն