«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները,
2020 թ. փետրվարի 25-ից սկսել են հանրային պահանջի արշավ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում՝ ի աջակցություն և պաշտպանություն Դանիելյանների ընտանիքի փոխհատուցման տրամադրման պահանջի։
Հարություն Դանիելյանը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից տեղահանված ընտանիքի զավակ է։ 2007 թվականին Մեծ Այրումում «Նահատակ» պոչամբարի հարևանությամբ՝ տուն է ձեռք բերել, աշխատել որպես պայմանագրային զինծառայող։ Տուն գնելիս Հարություն Դանիելյանը տեղյակ չի եղել պոչամբարի՝ առողջության և գյուղատնտեսության համար վտանգավորության բարձր ռիսկերի ու դրա հետագա վերաշահագործման մասին: Տունը գնելուց հետո, Ախթալայի ԼՀԿ-ն սկսել է վերաշահագործել պոչամբարը, որը լցվելով, նորանոր դժվարություններ է առաջացրել Մեծ Այրում գյուղի բնակիչների համար։
Պոչամբարի շահագործմանը զուգահեռ՝ սկսվել են Դանիելյանի ընտանիքի խնդիրները: «Նահատակ» պոչամբարը, թունավոր թափոններով լցվելով, այնքան է բարձրացել, որ հավասարվել է բնակելի տների մակարդակին։
Հարություն Դանիելյանի տունը գտնվում է պոչամբարից 50 մետր հեռավորության վրա: Այդ տարածքում ապրելը նրանց համար դարձել է անհնար։
Ըստ Հարությունի՝ առողջական խնդիրները տարիներ շարունակ ուղեկցում են ընտանիքի բոլոր անդամներին՝ գլխացավեր, ալերգիկ դրսևորումներ, սիրտ-անոթային ու աղիքային հիվանդություններ, երեխաների աճի հետ կապված խնդիրներ և այլն, որոնց մի մասը բժիշկները պայմանավորում են օդի և ջրի աղտոտումով։
Դանիելյաններն իրենց առողջական խնդիրները կապում են շրջակա միջավայրի աղտոտման և իրենց բնակատեղիի՝ պոչամբարի ափամերձ տարածքում լինելու հանգամանքի հետ։
Դանիելյանների սոցիալ-տնտեսական ներկա վիճակը թույլ չի տալիս զբաղվել ընտանքի անդամների առողջական խնդիրներով։
Ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակը
Ընտանիքը գտնվում է սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակում, նպաստառու է, չեն աշխատում։ Հարություն Դանիելյանի հայրը 2-րդ խմբի հաշմանդամ է։
Տնամերձ հողամասը պիտանի չէ գյուղատնտեսական մշակման համար՝ ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտվելու պատճառով։
2018-2019 թթ. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «ԱՐՆԻԿԱ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվել են հետազոտություններ, որոնք հիմնավորում են Մեծ Այրում, Ախթալա և Ալավերդի համայնքների մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերական աղտոտիչների առկայությունը և դրանց տարածումը հողում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում։
Նմուշառումներ են վերցվել նաև Դանիելյանների տնամերձ հողամասից և ընտանիքի անդամներից։ Վերցված հողի, միրգ-բանջարեղենի նմուշառումները ցույց են տվել տարածաշրջանում ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ, որոնք բազմակի գերազանցում են ազգային և միջազգային ստանդարտները, մասնավորապես մեծ է մկնդեղի, կադմիումի և պղնձի քանակները։
Ըստ չեխ բժիշկների՝ նմուշառման բոլոր կետերում, այդ թվում Դանիելյանների հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տալիս այդ տարածքներում քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին հիվանդությունների բարձր ռիսկեր։
Դանիելյանների ընտանիքը պահանջում է՝
1. Ստանալ փոխհատուցում բնակության և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանա այլ վայրում գնել բնակարան և տեղափոխվել աղտոտված տարածքից։
2. Անցկացնել ընտանիքի անդամների առողջության գնահատում և խորքային բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը։
3. Ստանալ փոխհատուցում առողջությանը պատճառված վնասների համար։
ԿՈՉ
Կոչ ենք անում բոլորին միանալ այս արշավին և աջակցել Դանիելյաններին՝ իրավունքների պաշտպանության հարցում:
Փետրվարի 26-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ը նախաձեռնել է նաև Հանրային բնապահպանական դատավարություն, որի ընթացքում կքննվի ««Նահատակ» պոչամբարի վնասակար ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա»։
0 Մեկնաբանություն