Վանաձորի տեխնոլոգիականում գերմանաբնակ հայազգի ռեժիսոր, ծագումով վանաձորցի Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմի պրեմիերան էր՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 95-ամյա հոբելյանին: Հունվարի 14-ին Վանաձորում ֆիլմի հայաստանյան պրեմիերան էր: Բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական ֆիլմը համեմված էր պոետիկ էսսե - ֆիլմի և անիմացիայի հնարքներով: Ֆիլմը, որը ժամրային առումով կոլաժ էր, միախառնված են տարբեր ժանրեր: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում և առհասարակ արվեստում, այս ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, հայտնի վրացի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին և մնացյալ այլ կերպարային տիկնիկներին, որոնցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները: Արթուրո Սայանը ֆիլմի վրա աշխատել է 1 տարի: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Գերմանիայում: Ցուցադրության ավարտին եղավ նաև հարցուպատասխան ռեժիսորի հետ: Լսարանի հարցերը բազմաթիվ էին՝ նախապատմություննից մինչև խոչընդոտներ, որ առաջացել են ֆիլմարտադրության ճանապարհին: Մթնոլորտն էլ ավելի անմիջական դարձավ, երբ ռեժիսորի հայրը՝ Գագիկ Կարապետյանը կիսվեց տղայի՝ ինժեներ դառնալու որոշումն անակնկալ չեղարկելու մասին հիշողությամբ: Հունվարի 15-ին տեղի է ունեցել ֆիլմ-կոլաժի երևանյան դիտումը: 2019 թվականին «Maestro 95» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում: Հունվարին նախատեսվում է ցուցադրություն նաև Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում: Վանաձորյան ցուցադրության կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը և «Գայաննա» ՀԿ-ն: Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել են Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը և գերմանական Մուտեզիուսի անվան արվեստի ԲՈւՀ-ը:
0 Մեկնաբանություն