Մունետիկ

Քոչարյանին աջակցող պատգամավորների ցուցակի գաղտնիքը․ աննախադեպ ճնշում Ծառուկյանի վրա

Զարմանալի կարող է թվալ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը գաղտնի պահում այն 45 պատգամավորների անունները, որոնք ստորագրել են երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ։ Վիկտոր Սողոմոնյանի բոլոր հղումները էթիկայի կանոնների վրա՝ մեղմ ասած, լուրջ չեն ու միայն ավելի են մեծացնում խորհրդավորության շղարշը։ Որպես կանոն, նման ցուցակները գաղտնի են պահվում՝ իշխանությունների ճնշումներից խուսափելու համար, սակայն սա ակնհայտերեն այդ դեպքը չէ։ Նախ՝ Հայաստանում այդ իրավիճակը չէ և հետո՝ պատգամավորների այդ ցուցակը վաղուց գտնվում է դատախազությունում և դատարանում, ասել կուզի՝ իշխանության «սեփականությունն» է։ Ուրեմն՝ ցուցակը գաղտնի է պահվում ոչ թե իշխանություններից, այլ՝ հասարակությունից։

Արդյո՞ք Քոչարյանի գրասենյակին անհանգստացնում է այն փաստը, որ երկրորդ նախագահին աջակցող պատգամավորները կարող են հայտնվել հասարակության քննադատության, ճնշումների թիրախում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանն այսօր ակնհայտ հակահերոս է՝ բացասական արձագանքների կրող։ Ակնհայտորեն Քոչարյանի շրջապատին չէր կարող հուզել նաև պատգամավորների ճակատագիրը։ Այսպես, թե այնպես՝ այդ ցուցակը մոտ օրերին դառնալու է հասարակության սեփականությունը, հետո՝ ստորագրողներից շատերն իրենք են «բացահայտվում»՝ հարցազրույցներ տալով ու հայտարարություններ անելով։ Օրինակ՝ երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գրեթե հպարտ տոնով հայտարարեց, թե դաշնակցական պատգամավորները ստորագրել են երաշխավորագրի տակ, էլ չենք ասում այն մասին, որ ՀՀԿ ակտիվ պատգամավորները վաղուց «բացահայտվել» են՝ դառնալով այդ ստորագրահավաքի նախաձեռնողները։

Ուրեմն՝ ցուցակը գաղտնի պահելու պատճառներն այլ են, ավելի ճիշտ կլինի ասել՝ ցուցակը հրապարակելը չի բխում հենց Քոչարյանի շահերից և 45 պատգամավորների անուն-ազգանուններն առայժմ «անձեռնմխելի» են մնում նրա գրասենյակի որոշմամբ։

Իհարկե, Քոչարյանի համար հավաքվել է աջակցության պատկառելի թիվ՝ 45 պատգամավորի ստորագրություն, որն ընդամենն ութով է պակաս մեծամասնության շեմից։ Մյուս կողմից՝ հենց այս խնդիրը չի կարողացել լուծել Ռոբերտ Քոչարյանի թիմն ու ակնհայտորեն հիասթափված վիճակում է։ Խնդիրն, իհարկե պրիմիտիվ չէ ու չի գտնվում պատգամավորների մեծամասնության ստորագրությունները հավաքելու ինքնանպատակության հարթության վրա․ հարցն այն է, որ Քոչարյանի թիմին չի հաջողվել ստանալ «Ծառուկյան» խմբակցության ոչ մի պատգամավորի ստորագրություն, ինչն ակնհայտորեն չի գոհացնում նրան։

«Ծառուկյան» խմբակցության ինտեգրումը Քոչարյանին աջակցողների ցուցակին կարող էր առաջացնել միանգամայն այլ իրավիճակ՝ հիմքեր ստեղծելով խոսելու «կոնսենսուս՝ մինուս «Ելք»»-ի մասին։ Այդ պարագայում կստացվեր, որ ամբողջ քաղաքական դաշտը, համենայն դեպս՝ խորհրդարանում, կոնսոլիդացված է Քոչարյանի շուրջ, այսինքն՝ հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Բացի, այդ՝ Քոչարյանի համար խիստ կարևոր է, որպեսզի ԲՀԿ-ն ընդունի․ լեգիտիմացնի ընդդիմության առաջնորդ լինելու իր կարգավիճակը, իսկ դրա դրսևորումը կարող էին լինել հենց ԲՀԿ պատգամավորների ստորագրությունները։

Այս փուլում Ծառուկյանին հաջողվել է դիմադրել՝ թեև Քոչարյանի թիմն անցած շաբաթվա ընթացքում կարողացավ երկու անգամ ճգնաժամ հրահրել ԲՀԿ-ում և, անտարակույս, նման փորձերն ավելի ինտենսիվ են դառնալու․ Ծառուկյանն ու նրա կուսակցությունն այս պահին դարձել են Քոչարյանի հարձակման հիմնական ուղղությունը։

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս օրերին, այսպես կոչված, ղարաբաղյան կլանն աննդախադեպ ճնշում է բանեցնում Գագիկ Ծառուկյանի վրա ու հայտնի օլիգարխը կարող է հայտնվել անելանելի վիճակում, եթե չստանա հեղափոխության, կամ պրակտիկ լեզվով՝ իշխանության աջակցությունը։

Քոչարյանի գործն արմատապես փոխել է իրավիճակը երկրի ներքաղաքական կյանքում։ Այդ փոփոխություններին արագ ադապտացվել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ փաստացի ընդունելով Ռոբերտ Քոչարյանի լիդերությունը, իսկ Ծառուկյանը դիմադրում է, որովհետև ինքն էր ձգտում քաղաքական համակարգում դառնալ երկրորդ բևեռի առաջնորդը։ Այս իմաստով՝ Քոչարյանն ու Ծառուկյանն այս պահին դարձել են ախոյաններ․ նրանց ստվերային հակամարտությունն անհավասար է, որովհտև նախ՝ Քոչարյանը ԲՀԿ-ի հիմնական «բաժնետերերից» մեկն է եղել՝ կուսակցությունում թողնելով բազմաթիվ «ականներ» և հետո՝ Քոչարյանը տիրապետում է ճնշման այնպիսի միջոցի, ինչպիսիք են կոմպրոմատները։

Իրավիճակը ոչ ստանդարտ է․ ԲՀԿ-ն կամ պետք ենթարկվի Քոչարյանի «ինտերվենցիային» և այդ դեպքում հակահեղափոխությունը մեծացնում է իր տարածությունը՝ ստեղծելով հեղափոխության հետ ուղիղ հակադրության ռիսկ, կամ Ծառուկյանը պետք է ստանա իշխանության քաղաքական աջակցությունը՝ յուրօրինակ, այսպես կոչված, անվատանգության բարձիկի դեր կատարելով նաև նոր իշխանության համար։

Առհասարակ՝ Քոչարյանի գործոնը նոր փորձություն է դարձել հեղափոխության համար՝ բոլոր առումներով։ Քոչարյանի թիմը ցուցադրաբար մեծացնում է իր փաստաբանական թիմը, մեդիա ռեսուրսները, ֆորմալացնում է, այսպես կոչված, քաղաքական հենարանը՝ պատրաստվելով իշխանության հետ լուրջ ու տևական պատերազմի։ Հեղափոխությանն աջակից ուժերը պետք է պատրսաստ լիեն այս հակամարտությանը, որովհետև գործ ունենք քրեաօլիգարխկիկ ահռելի ռեսուրսի հետ։ Կասկածից վեր է, որ օգոստոսի 17-ին հրապարակ կգան մեծ թվով մարդիկ ու սա կլինի հուժկու քաղաքական հարված Քոչարյանին՝ նրա ներքին հենարաններով ու արտաքին հովանավորներով հանդերձ։ Մյուս կողմից՝ իշխանությունը չի կարող անընդհատ գործել, այսպես կոչված, հանրահավաքային ռեժիմով․ անհրաժեշտ է, որպեսզի հեղափոխությանն աջակից ուժերը կարողանան արդյունավետ ու կոնսոլիդացված օգտագործել իրենց քաղաքական ու քարոզչակլան ռեսուրսները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *