Մունետիկ

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈԻԼՋՅԱՆԸ՝ ԱՐԴԱՐԱՄԻՏ ԵՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՀԱՅԸ, ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆ

  Դժվար է պատկերացնել, թե որքան խոչընդոտներ էր հաղթահարել Եդեսիայից և Ադիամանից սկիզբ առած, Սարգիս Չուլջյանից ու Վարդանուշ Մորիփեքյանից Մալաթիայում սերված մանուկ Հայկը մինչև Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան անցած ճանապարհին:

  Ծնողների նախաձեռնությամբ դեռևս Մալաթիայում ինը երեխաներին էլ ծածուկ կնքել են շրջիկ քահանաները, բայց ո՞ւմ մտքով կանցներ, թե ինը երեխաներից վեցերորդի կնունքը նրա կյանքում ճակատագրական դեր պիտի խաղար: Տարիների հեռվից արդեն անհնար է մատնանշել, թե ո՞ր պահին պատանի Հայկի ներաշխարհում արմատավորվեց հավատն առ Աստված: Գուցե այդ հարցում էական դեր կատարեց ծածուկ կնքված լինելու հանգամանքը, որը բացահայտվեց, երբ Տիգրանակերտի շրջիկ քահանա տեր Կիրակոս Թոքաթլյանը Չուլջյանների բազմանդամ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար մանկահասակ Հայկին և նրանից ավագ եղբորը՝ Հարությունին,       Մալաթիայից բերեց Կոստանդնուպոլիս, որտեղ երեք տարի նրանք հաճախում էին Խաս գյուղի Ներսիսյան նախակրթարանը, ապա՝ վարժարանը, որտեղից տեր Ստեփանոս քահանայի ուղեկցությամբ ամենօրյա աղոթքի էին գնում վարժարանի հարևանությամբ գործող Ս.Ստեփանոս եկեղեցի: Գուցե ճակատագրական դարձավ խորհրդավոր այն օրը, երբ ծնողներն արդեն որոշել էին ներգաղթել Խորհրդային Հայաստան, և նրանց Ծերուն պապը հրաժեշտի ուխտագնացություն կազմակերպեց դեպի Մալաթիայից դուրս գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կիսախարխուլ եկեղեցին՝ մատաղով օրհնելու իր որդու, հարսի և թոռների՝ բազմաթիվ անհայտներով լեցուն ճանապարհը: Գուցե նա իրենց բնիկ հողում ծվեն-ծվեն եղած հայրենակիցներին ուզեց ի մի հավաքված-եկեղեցացած տեսնել, և այդ ցանկությունը նրան մղեց կուսակրոն դառնալու, որովհետև ուրիշ որտե՞ղ նա կարող էր ի մի հավաքել իր ցրված-սփռված հայրենակիցներին, եթե ոչ եկեղեցում ... Սակայն, ինչ էլ լինի, դա կարևոր որոշում էր, որովհետև մասնավորապես Գուգարաց թեմի առաջնորդի դերն ստանձնելուց հետո նորովի դրսևորվեցին նրա մարդկային, հոգևոր, կազմակերպչական ու առաջնորդական ձիրքերը: Նա իր գործունեությունը ծավալեց երկու հիմնական ուղղություններով՝ եկեղեցուց ներս և եկեղեցուց դուրս:

  Եկեղեցուց ներս գործողությունների քաղաքականությունը դրսևորվեց եկեղեցաշինության բազմաթիվ ծրագրերով, որոնց մի մասը վերաբերում էր եկեղեցու խորքային՝ բովանդակային, մյուսները՝ արտաքին կողմին: Մասնավորապես առաջնահերթ խնդիր էր եկեղեցու խորքային՝ բովանդակային պլանի վերանայումը, հոգևոր վերանորոգումը՝ վերականգնելու կանոնադրական, վարդապետական ու Աստվածաբանական օրենքներն ու ավանդությունները, որով եկեղեցին կդադարեր ընդամենը կառույց, լոկ շինություն լինելուց՝ դառնալով Աստծո կենդանի խոսքի աղբյուր, ծարաված հոգիներին, բարեպաշտ հավատացյալներին դեպի իրեն ձգող կենդանի մարմին: Նրա հետևողական ջանքերով ժողովրդին վերադարձվեց ոչ միայն եկեղեցին՝ իր ազգապահպան ու ազգահավաք ծրագրերով, այլև, որ ամենակարևորն է, այդ ժողովրդի կորուսյալ հավատն առ Աստված:

  Եկեղեցուց դուրս արտաքին գործողություններում անթաքույց է թեմի առաջնորդի առաջադիր նպատակը՝ հնարավորինս խիտ ծածկել Գուգարաց թեմի տարածքը բարեկարգ, հարդարված և կանգուն աղոթատեղիներով: Անցած տարիների ընթացքում նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ կյանքի են կոչվել փլուզված կամ կիսախարխուլ շուրջ 50 եկեղեցի և 1 տասնյակից ավել մատուռ: Կառուցվել են բոլորովին նորերը՝ շուրջ 30 եկեղեցի և մատուռ, վերականգնվել են տասնյակ անկյալ խաչեր ու զանգակատներ, տեղադրվել մի քանի տասնյակ խաչարձաններ: Սրանց բոլորի օծումը և/կամ վերաօծումը գալիս են նշելու թեմում եկեղեցական կյանքի զարգացման համակարգված հետագիծը:

  Սեպուհ սրբազանի՝ եկեղեցուց դուրս վարած քաղաքականությունը կատարվում էր երկու դաշտում: Դրանցից մեկը պետական-պաշտոնական միջոցառումներն էին: Նրա թեմակալության տարիներին Լոռու մարզում կյանքի կոչվեց մի կարևոր մշակույթ, ըստ որի՝ մարզային միջոցառումներին պարտադիր հրավիրվում էր թեմի առաջնորդը, որը սովորաբար հանդես էր գալիս ժողովրդին ուղղված հորդորներով, խրատներով և օրհնանքի խոսքով՝ հասարակության մեջ անդուլ քարոզելով հայոց պետականությանը տեր կանգնելու մասին: Պետականության գիտակցության բարձրացումն ու հայրենաճանաչությունը նա համարում էր նախապայման և սկիզբ պետականասիրության ու հայրենասիրության: Նա բոլորից պահանջում էր վերականգնել հայի արժանապատվությունը, վերականգնել կորուսյալ արժեքները: Պատմության օրինակներով նա սթափության էր հրավիրում իշխանություններին՝ կոչ անելով պարտավորություն վերցնել՝ պատասխանատվություն կրելու և հաշվետու լինելու թերացումների ու բացթողումների համար, սակայն հարկ եղած դեպքում մեծարում էր պետական պաշտոնյային, հորդորում հարգել ժողովրդի ծոցից ծնված իշխանավորին՝ միաժամանակ նրանից սեր ու հարգանք պահանջում երկիրն իր ուսերին պահող հայ մարդու, հայ զիվորի նկատմամբ:

  Եկեղեցուց դուրս գործունեության մյուս հարթակը հանրային, ժողովրդական միջոցառումներն էին, որտեղ նույնպես Սեպուհ սրբազանը հրավիրյալների առաջին շարքում էր: Այդ նա էր մշտապես կապի մեջ կրթական և նախակրթական, առողջապահական և այլ հաստատությունների հետ, արվեստի մարդկանց շրջանում:

  Այդ նրա խոսքին և օրհնանքին էին սպասում ուսուցիչն ու աշակերտը, զինվորն ու սպան, գիտնականն ու բժիշկը: Նրա համար աշակերտության կրթության ու դաստիարակության կարևորությունը վեր էր ամեն ինչից:

  Այս ամենը վկայությունն են այն բանի, որ Գուգարաց թեմի առաջնորդը սպասված անհատականություն էր նաև եկեղեցուց դուրս՝ աշխարհիկ միջավայրում, որտեղ մեծ պահանջարկ ուներ նաև նրա սրտաբուխ խոսքը, քանի որ այն ճշմարիտ էր, տեղին, անկեղծ և արդիական:

  Լինելով հանրության տարբեր խավերի հետ անմիջական շփման կիզակետում՝ նա, որպես կանոն, առաջինն էր բարձրաձայնում մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ դրանց վրա հրավիրելով թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանությունների ուշադրությունը: Սակայն նա իր դիտարկումները ոչ միայն սոսկ բարձրաձայնողի-փոխանցողի դերում էր, այլև դրանով իր ցավը, անհանգստությունն ու մտահոգությունն էր փոխանցում՝ միաժամանակ առաջարկելով դրանց դիրմակայելու գործիքակազմ: Այդ նա էր ժամանակ առ ժամանակ համարձակորեն բարձրաձայնում. «Հայաստանում այսօր առավել, քան երբևէ խաթարվել է հայ մարդու հայեցի կերպարը», «Եվրոպական արժեքները, մարդու իրավունք, խղճի ազատություն, ազատ խոսք, ընտանիքի արժեհամակարգը և, մեկ խոսքով ասած, ժողովրդավարական փոփոխություններ հասկացությունները, Հայաստանում այլևս անվերահսկելի են դարձել», «Այսօր ավելի, քան երբեք աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման հարցը կարիք ունի բոլորովին նոր մոտեցումների, որոնք համահունչ պետք է լինեն ազգի ու պետության զարգացման մեր ձգտումներին, կարիքներին ու հնարավորություններին» և այլն:

  Նա նորի, առաջադեմի կողմնակիցն էր, բայց ոչ հինը քանդելու, կազմալուծելու, ոչնչացնելու ճանապարհով: Նա հայ առաքելական եկեղեցու բարեփոխումների հրատապությունը կարևորող այն եկեղեցականններից էր, ովքեր դրա համար ունեն լուրջ հիմնավորումներ, ովքեր գտնում էին, որ առանց եկեղեցու զարգացման առաքելության և ռազմավարության հնարավոր չէ հաջողություններ գրանցել հոգևոր դաշտում: Կարևորեմ, որ հոգևոր դաշտում արձանագրված թերացումներում Սեպուհ սրբազանը մեղավոր էր համարում նաև ինքն իրեն:

  Նրան հուզող հարցերից էին նաև «հայ մարդու ազգային նկարագրի, հոգևոր անվտանգության պահպանումը», ազգային արժեքները, ազգային պետականության պահպանումն ու հզորացումը: Նրան անասելի ցավ էր պատճառում ատելության և ինքնաոչնչացման մոլուցքը, որը երբեմն-երբեմն տիրում է մեր հանրությանը ....

  Սեպուհ Չուլջյանի գործունեության մեջ հաճախ դժվար էր հստակորեն որոշել՝ հոգևոր առաջնորդի՞, ազգային գործչի՞, հայ մարդո՞ւ, թե՞ հայ քաղաքացու դերակատարությունն էր գերակշռում: Ավելի հաճախ դրանք ներհյուսված էին: «Ձեռք մեկնիր եղբորդ» ձեռնարկի մեջ, օրինակ, գերակշռում էր հայ քաղաքացու, մարդու դերակատարությունը, մինչդեռ եթե խորքում չլինեին նրա՝ հոգևոր առաջնորդի բարձր վարկանիշն ու վստահության քվեն, ոչ ոք մասնակցություն չէր բերի այդ նախաձեռնությանը:

  «Ծիծեռնակ» ճամբարի կազմակերպման դժվարին, բայց ազգօգուտ աշխատանքը կարող էր հարիր լինել ակտիվ հասարակական գործչին, սակայն խորքում դարձյալ տեսանելի էր հոգևոր հոր, առավել ևս՝ «անհանգիստ մարդու» (այսպես է Մուրացանը բնութագրում է Գևորգ Մարզպետունուն) մտահոգությունը առ սոցիալապես անապահով ընտանիքի զավակները, քանի որ, ինչպես ինքն է ասել. «…. հայ ընտանիքից են սերվում հայրենիքի վաղվա սեփականատերերը, և հայով է պայմանավորված Հայաստանի ապագան»:

  Այսպես կարելի է երկար թվարկել այն նախաձեռնությունները, որոնցով ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս սրբազան հայրը՝ փորձելով համահարթեցնել ներկա իրականությանը բնորոշ սոցիալական անհավասարությունը, փոքր-ինչ բթացնել սուր անկյունները ոչ միայն հասարակության տարբեր բևեռների, այլև իշխանություններիև ընդդիմադիր կուսակցությունների առանձին խմբերի ու անհատների միջև: Եվ իրոք, առաջնորդն այդպիսին էլ պետք է լինի՝ սիրո, համերաշխության և անձնվիրության շաղախ:

  Էական է, որ այս ամենը սրբազան հայրն անում էր անտրտունջ, առանց ցուցադրականության. այս ամենն իր իսկ բնույթից բխող գործելաոճ էր, կենսաձև:

  Որտեղ էլ սրբազան հայրն ուսանել էր, ուսուցանել, ծառայել կամ աշխատել (Կոստանդնուպոլսի Ներսիսյան վարժարան (1966-1968), Գյումրի (1969-1978), Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան և վանք (1978-1990), Ժնև (1990-1991), խորհրդային բանակ(1979-1981), Շիրակի թեմ (1991-1995), 1996թ. Էջմիածնի վանք, Գուգարաց թեմ 1996-2019), ամենուր եղել էր փութաջան, բայց միշտ արդյունավոր, նպատակասլաց, բայց միշտ արժանապատիվ, կարգապահ, բայց ոչ կուրորեն հնազանդ, առաջին շարքերում, բայց ոչ ամեն գնով, այլ ինքնաբերաբար, ըստ արժանվույն, որովհետև առաջինը լինելը, առաջնորդ (leader) լինելը նրա բնույթի անքակտելի բաղադրիչներից մեկն էր: Պատահական չէ, որ նա եկեղեցում եկեղեցականների առաջնորդն էր, հանրության մեջ՝ հանրության հոգևոր առաջնորդներից մեկը:

  Անասելի դժվար է պատկերել Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի դիմանկարը, ներկայացնել նրա, հազար ափսոս, ընդհատված կյանքը և գործունեությունը, քանզի դա նույնն է, թե պատկերես հայ ժողովրդին, նրա ծվեն-ծվեն եղած գաղթօջախները, նրա յուրաքանչյուր զավակին: Սեպուհ սրբազանը մի հավաքական կերպար էր (և է՛), հայ ժողովրդի գոնե մի մեծ հատվածի կենսակերպի, հոգեբանության, մշակույթի, լեզվամտածողության կրողը: Այդ նա էր, ով Եղիշեի հոգևոր դասի օրինակով խաչով, խաչվառով և աղոթքով անձնազոհաբար մարտի էր ելել Ավարայրում, Զեյթունում, Մուսա լեռան վրա և Սարդարապատում: Այդ նա էր, ով Մուշում, Ադանայում, Սասունում և այլուր ցեղասպանվել էր թուրք ենիչերիների յաթաղանով, ով բռնագաղթի էր ենթարկվել և ծվարել աշխարհի չորս ծագերում, ով հատվածաբար ներգաղթել էր Մայր Հայաստան՝ մերվելու-միավորվելու իր հայ եղբայրներին, սակայն հայրենիքից դուրս՝ «գյավուր», իսկ մայր հայրենիքում պիտակավորվել էր «ախպար» ջրբաժանով և այս անգամ արդեն մայր հայրենիքից էր վերասփռվել աշխարհով մեկ: Ի բարեբախտություն մեզ՝ մեր ժողովրդի այս հավաքական կերպարը, ի տարբերություն իր բազմահազար հայրենակիցների, մնաց իր «երազի երկիր հայրենիքում» և հավատո սերմեր ցանեց ու միավորեց իր ժողովրդին հայ առաքելական եկեղեցու շուրջ, եկեղեցաշինությամբ ամրապնդեց իր հոգևոր ցանքը, Գուգարաց աշխարհին վերադարձրեց իր վաղեմի հավատն առ Աստված, որովհետև, ինչպես մեծն Սևակն է ասում. «Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը, Իսկ ապրելն … արդեն անկարելի է»: Նա մնաց հայրենիքում և վստահության խորան դարձավ հայ բարերարի համար, տուն պարգևեց տնանկ հային՝ կյանքի կոչելով իր կարգախոսերից ևս մեկը՝ «Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը»: Նա մնաց և արդարություն քարոզեց իր Նաիրյան երկրում, իր իսկ կենսակերպով ճշմարտախոսության, համարձակության, ինքնաքննադատության, բայց և դիմացինին ձաղկելու, մարդասիրության, հանդուրժողականության, հավատարմության, դիմացինի համար հոգաբարձու դառնալու փայլուն դասեր տվեց:

  Մեր ժողովրդի մի մասը մեր հայրենիքի՝ էրգիր կոչված մեծ հատվածը կորցրել է իբրև տեղեկություն, իբրև պատմական հիշողություն, իբրև աննյութական մի բան, մինչդեռ պատվարժան այս այրը հայրենիքի կորուստը կրում էր իր իսկ մաշկի վրա, իր ողջ կենսագրության մեջ՝ հայրենիքի մնացորդաց կորստյան վախը սրտում: Հենց այդ էր պատճառը, որ ամեն ինչ անում էր ի նպաստ հայ պետականության կայացման, հանուն հայրենի հողի, հանուն հայ մարդու բարօրության: Նա մնաց հայրենիքում և ապրիլյան քառօրյայի ու վերջերս ավարտված հայրենական պատերազմի ծանր օրերին միասնական աղոթքի հրավիրեց առ Աստված և սառնասրտության հորդոր ու հայրենասիրության կոչ ուղղեց իր հոգևոր զավակներին: Մնաց, և երբ բոլորը պապանձվում էին նահատակ զինվորի աճյունի առջև, նա սրտակոտոր ծնողին ու հուսաբեկ հարազատին բոլորի անունից ի՛նքը պատասխան տվեց թափված արյան համար, ի՛նքը մխիթարանքի խոսք ասաց, ի՛նքը զորակցեց ու վերազինեց նրանց հույսով ու հավատով առ հայրենիք ...

  Դժվար է պատկերացնել, թե որքան խութեր էր հաղթահարել Եդեսիայից և Ադիամանից սկիզբ առած, Սարգիս Չուլջյանից ու Վարդանուշ Մորիփեքյանից Մալաթիայում սերված մանուկ Հայկը մինչև Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան անցած ճանապարհին, բայց անհրաժեշտ էր դրանց հաղթահարումը, քանզի այդ ճանապարհով մեզ էր հասել մեր օրերում բարձր որակների տեր այս անհատականությունը, ով արդարամիտ և մարտնչող հայի, հոգևորականի և քաղաքացու մի նախանձելի ներդաշնություն էր, ում բնույթից մինչև վերջին շունչը չպակասեց ԱՐԱՐՄԱՆ կիրքն ու ՄԱՐՏՆՉԵԼՈՒ կամքը, ում հանապազօրյա ուղեկիցներն էին ՀԱՎԱՏՆ առ Աստված, ՀՈՒՅՍՆ առ Հայրենիք և ՍԵՐՆ առ հայ մարդը:

 

ՍԻՐԵԼԻ՛ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ,

ԹՈՂ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՀՈԳՈՒԴ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒՅՍ ԻՋՆԻ

ՀԱՎԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՋ  ՍԻՐՈՎ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄՈՎ՝ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *