Քաղաքականություն

42 մլն դոլարը կգնա պետական բյուջե. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունը   սպասում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին։ Նա խոստացել է վկայի կարգավիճակով ներկայանալ հուլիսի 25-ին։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշում է:

«Նա իրոք կարող է հարգելի պատճառներ ունենան չներկայանալու համար, մենք այդ ամենը կպարզաբանենք: Հուսով եմ, որ նշանակված ժամկետին Քոչարյանը կգա»:

 «Մարտի 1-ի» գործով այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն  ՀՔԾ պետը անուններ չի տա։

«Չգալու դեպքում կան ընթացակարգեր, որոնցով պետությունը իր հարկադրանքով կստիպի, որ տվյալ անձինք ներկայանան»:

Իսկ վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգումներ կանցկացնի  քաղաքապետարաններում եւ նախարարություններում:

«Մեզ համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է: Բոլորին անդրադառնալու ենք», ասում է  պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը :

Նա տեղեկացրեց՝  Դատախազություն է ուղարկվելու «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր»  ՓԲԸ-ի  հետ կապված գողության մեկ դեպք:

«Գտել են գողացված տրանսֆորմատոր` մեծ արժողությամբ. միլիոնների մասին է խոսքը»։

Հուլիսի 1-ի դրությամբ, Հարկային պարտավորությունների չկատարման մասով արդեն իսկ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ:

 «Կառավարության ձևավորումից ի վեր՝ Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար ու մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով ու միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ վերականգնվել է 20 միլիարդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,-ասում է վարչապետը:

 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ գումարն օր-օրի ավելանում է:

«Այս պահի դրությամբ՝  նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նշված գումարը կգնա պետական բյուջե ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *