Քաղաքականություն

«Ա1+»-ի կինոխցիկը մինչ օրս գտնվում է մաքսակետում (տեսանյութ)

Դեռ մայիսի 1-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հարկային-մաքսային որևէ տեռոր այլևս չի լինելու։

Տեռոր միգուցե և չկա, սակայն խոստումը՝ մաքսայինի արագ և թափանցիկ աշխատանքի վերաբերյալ, կարծես թե մնում է խոստում, և «Ա1+» հեռուստաընկերության կողմից արտերկրում գնված կինոխցիկը անհասկանալի պատճառներով, մինչ օրս գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսակետում։

«Եթե փաստաթղթերը կարգին են, մաքսայինը ի՞նչ իրավունք ունի իմ սեփական ապրանքն այդքան երկար պահելու, արդեն մեկ ամիսը լրացավ, – իր վրդովմունքն է հայտնում «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը։ – Որքան ժամանակ է պետք, որ տեսախցիկը «Զվարթնոց» օդանավակայնի մաքսակետից հասնի Խորենացի փողոց՝ Պեկի գլխամաս, և ով պետք է փոխհատուցի իմ բիզնեսի ֆինանսական և բարոյական վնասները»։

Հիշեցնենք, որ «Ա1+» հեռուստաընկերությունը կինոխցիկ էր պատվիրել, որը սակայն, խոտան մասի պատճառով հետ էր վերադարձվել և փոխարինվել էր նոր կինոխցիկով: Այն  մեկ ամիս է գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում։

 «Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգերի բարեփոխումների մասին, բայց և արձանագրում, որ դրանք բավարար չեն »,- մայիսի 18-ին հաջողություն մաղթելով Պեկի նորանշանակ նախարար Դավիթ Անանյանին նշել էր վարչապետը և շեշտել, որ առաջինը՝ պետք է չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին:

«Սա ինչպե՞ս հասկանալ, ինչպե՞ս որակել,  սաբոտաժ վարչապետի դե՞մ», – ասում է Մեսրոպ Մովսեսյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *