Քաղաքականություն

Անձեռնմխելիության հիմքով մարդուն կալանքից չեն ազատում․ Քոչարյանը միևնույն է դատվելու է

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալումը համարում է քաղաքացիական բողոքի ակցիա, որի իրավունքը նրանք ունեին, և որևէ մեկի իրավունքը չի խախտվել: «Եթե ցանկություն ունենար ինչ-որ բան ասելու, Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին դիմելու ձևը կգտներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պարոն Սիրունյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշմանը, փաստաբանը նկատեց. «Երբ դատարանում քննարկվում է մարդու կալանավորման հարցը, դատարանը քննարկում է՝ դեպքը տեղի է ունեցել, թե ոչ, մեղադրյալը դրան առնչություն ունի, թե ոչ՝ առնչությո՛ւն, ոչ թե մեղավոր է, թե ոչ, և եթե առնչություն ունի, նա փախնող է, խոչընդոտող է, խուսափող է և այլն: Իսկ անձեռնմխեիության, հոգեկան հիվանդության հիմքերով պատասխանատվությունից ազատելը քննարկվում է գործի քննության ժամանակ, արդար դատաքննության ընթացքում, բայց ոչ՝ կալանավորման ժամանակ»:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, չցանկացավ խոսել դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին, քանի որ նրան համարում է ազնվագույն, գրագետ դատավոր. «Համոզված եմ, որ Ալեքսանդր Ազարյանի՝ ժամանակին նախագահի աշխատակազմում աշխատելը բացարձակապես այս գործի հետ կապ չունի: Վստահ եմ, որ Ալեքսանդր Ազարյանի դատական ակտը ֆորմալ տեսանկյունից լինելու է հիմնավորված և հիմնականում հիմնված է լինելու մեղադրանքի կողմի ներկայացրած թերի փաստարկների վրա: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե դատավարության ժամանակ ինչ դիրքորոշում են հայտնել դատախազության ներկայացուցիչները»:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը համոզված է՝ Քոչարյանը, միևնույն է, դատվելու է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *