Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացումը, ինչպես նաեւ երկու երկների ժողովուրդների բարեկամական բազմադարյա կապերը կնպաստեն փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ Բելառուսը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը եւ պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջպետական երկխոսության զարգացման նպատակով:
Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմականորեն հաստատված բարեկամական կապերը արդյունավետ համագործակցության հետագա զարգացման հիմք են ստեղծում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր ուղերձում մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա գործակցության ու փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք է հարաբերությունների հետագա շարունակական զարգացման եւ փոխշահավետ կապերի ամրապնդման համար:
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը, Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայ ժողովրդին իրենց բարեմաղթանքներն են հղել նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադը, ինչպես նաեւ Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Փիթեր Քոսգրովը:
0 Մեկնաբանություն