Քաղաքականություն

Անցյալի ուրվականի պատերազմը Նիկոլ Փաշինյանի դեմ

Կառավարության գործունեության 100 օրը բոլորել է ու Նիկոլ Փաշինյանի թիմի ընդդիմախոսներն ավելի անկաշկանդ են դարձել իրենց քննադատությունների մեջ։ Սա բնական է՝ մի կողմից, մյուս կողմից՝ քննադատություններում շարունակում են իշխող մնալ նախկին իշխանությանն անուղղակիորեն արդարացնելու ձգտումներն, ինչն արժեզրկում է արտահայտված խոսքի քաղաքական արժեքը՝ այն պարուրելով ռևանշիզմի բաղադրիչով։

Ազգային ժողովի հանրապետական պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը ծավալուն հոդվածով հանդես են եկել «Առավոտ» թերթում։ Հոդվածն անդրադառնում է կառավարության գործունեության գրեթե բոլոր ասպեկտներին՝ տպավորություն ստեղծելով, թե երկիրն այս հարյուր օրերի ընթացքում գահավիժում է դեպի անդունդ։ Այնպիսի տպավորություն է, կարծես՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից ժառանգել էր դրախտավայր ու նպատակային այն տանում է աղետի։ Հոդվածի «Պարզունակ աղետի ճանապարհին» վերնագիրն արդեն խոսում է դրա կողմնակալության, ամեն ինչ սև գույներով մատուցելու կանխատրամադրվածության մասին։

ՀՀԿ պատգամավորները, առանց փաստեր նշելու, գրում են, որ վատացել են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ, ավելացել են ռիսկերը ԼՂ հարցում՝ մեծացնելով պատերազմի վերսկսման վտանգը։ «Ստացվել է այնպես, որ ընդամենը 100 օրերի ընթացքում Հայաստանը հետևողականորեն հեռացել է հին դաշնակիցներից՝ ձեռք չբերելով համարժեք նորերը, ավելացրել է մեր երկրի ու Արցախի շուրջ առանց այդ էլ առկա մարտահրավերները` ստանալով այդ մարտահրավերների մի այնպիսի կատարյալ ռեբուս, որի հանգուցալուծման հարցում Հայաստանի ներգործության հնարավորությունները գնալով միայն նվազում են»,- եզրակացնում են նրանք։

Անշուտ, արտաքին քաղաքականության մեջ ամեն բան չէ, որ իդեալական է, ինչը կարելի է մասամբ վերագրել նոր թիմի փորձառության պակասին ու որոշ դեպքերում՝ անհամարժեքությանը։ Բայց արդյո՞ք հարյուր օրվա ընթացքում հնարավոր էր արտաքին քաղաքական հարաբերությունները դարձնել ճգնաժամային, եթե անցած տաս-քսան տարիների ընթացքում դրանք ունենային ամուր հիմքեր։ Իհարկե՝ ոչ, ու նույնիսկ հիմնավոր է այն պնդումը, որ արտաքին քաղաքական այսօրվա պրոբլեմների մեծ մասը հենց նախկին տարիների քաղաքականության կամ դրա բացակայության հետևանք են։

Անցած քսանամյակում չեն եղել հայ-ռուսական գործընկերային, ռազմավարական հարաբերություններ․ գործել է ռուսական վասալության ռեժիմը՝ կոռուպցիայի և ստվերի մեծ բաղադրիչով։ Հիմա Փաշինյանի կառավարությունը փորձում է ապամոնտաժել հարաբերությունների հին, արատավոր համակարգը՝ հանդիպելով Մոսկվայի դիմադրությանը, ինչից էլ առաջանում են հանրապետականների բնորոշած ճգնաժամային դրսևորումները։

Կամ՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեցել են իմիտացիոն բնույթ․ իշխանությանը Բրյուսելից պետք է եղել միայն փող ու ճանաչում։ Նիկոլ Փաշինյանը նման խնդիր չունի ու փորձում է նոր նշաձող սահմանել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, ինչի համար ժամանակ ու կողմերի ադապտացիա է պետք։

Ինչ մնում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա դրանք օրակարգ չեն ունեցել նախկինում, այսօր էլ՝ տակավին չկան գործնական քայլեր՝ այն ձևավորելու ուղղությամբ։ Բայց նոր կառավարությունը գոնե ջանքեր է գործադրում Փաշինյան-Թրամփ հանդիպման կայացման ուղղությամբ՝ նախկինների պես չվախենալով Մոսկվայի հնարավոր հակազդեցությունից։

Անցում կատարելով ներքաղաքական հարցերին՝ ՀՀԿ պատգամավորներն, ըստ էության, զարգացնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արհեստածին թեզը, թե իբր նոր կառավարությունը նպատակային վարկաբեկում է բանակի հրամկազմը։ «Քանի՞ կոպեկ արժեն հրապարակային կոչերը փառահեղ հրամկազմի մասին, երբ այդ հրամկազմի մի զգալի մասը քրեական գործերով դառնում է «հեռուստաաստղ» կա՛մ որպես մեղադրյալ, կա՛մ որպես վկա։

Անպատասխանատվության կամ չիմացության ինչպիսի՞ աստիճան պետք է ունենալ` չհասկանալու համար, որ Աստված մի արասցե, վերահաս պատերազմի պարագայում, մեր քաջարի զինվորներին սխրագործության մղելու են հենց այդ սպաներն ու գեներալները, որոնք այսօր մեկը մյուսի հետևից դառնում են հարուցվող քրեական գործերի հրապարակային դերակատարներ»,- գրում են հոդվածագիր պատգամավորները։

Ուշագրավ է, որ բանակի բարձրագույն հրամկազմից մեղադրանք է առաջադրվել ընդամենը երկու մարդու՝ նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև՝ բանակի հետ անուղղակի առնչություն ունեցող ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին։ Նախ՝ նրանցից որևէ մեկը վաղուց ուղղակի առնչություն չունի Զինված ուժերի հետ։ Երկրորդը՝ այս գերներալներն անցնում են կոնկրետ քրեական գործերով ու այստեղ թիրախավորվում է ոչ թե բանակը, այլ յուրաքանչյուրին անհատական մեղսակցության սկզբունքով առաջադրվել է կոնկրետ մեղադրանք՝ սահմանադրական կարգի տապալմանը մասնակցելու, իսկ Մանվել Գրիգորյանին՝ բանակին հատկացված միջոցները թալանելու համար։

Նախկին իշխանության ներկայացուցիչների մոտ թյուր պատկերացում կա պետական ինստիտուտների հեղինակության մասին։ Կոռուպցիան ու հանցագործությունները ոչ թե խնամքով պետք է քողարկվեն ու քաջալերվեն, այլ հնարավորինս արագ արմատախիլ արվեն․ բանակի հեղինակության բարձրացման միակ երաշխիքը նրան քրեաօլիգարխիայի կապանքներից վերջնականապես ազատագրելն է։ Ավելին՝ բանակում հակակոռուպցիոն երևույթների դեմ պայքարին նոր խթան պետք է տրվի, որովհետև կոռուպցիան ավելի մեծ վտանգ է բանակի համար, քան նույնիսկ՝ արտաքին թշնամին։ Հայաստանի բանակի պետք է ձերբազատված լինի կոռումպացված, դավադիր թիկուքից՝ արտաքին մարտահրավերներն ավելի արդյունավետ չեզոքացնելու նպատակով։

«․․․Իշխանությունների կողմից հասարակությունը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելու անպատասխանատու հայտարարությունները, ատելության, վիրավորանքի, ու հայհոյանքի կազմակերպված քարոզչությունը, երկրի օրենսդիր ու դատական իշխանություններն, ըստ էության, օրենքից դուրս հայտարարելը, «հակահեղափոխություն չի լինելու» բոլշևիկյան իմաստազուրկ կարգախոսով պարուրվելն ու զուգահեռ մի բուռ ժողովրդի ներսում բաժանարար վտանգավոր գծեր քաշելն աղետ է դառնում արդեն լրիվ այլ հարթությունում»,- գրում են ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը՝ թերևս միտումնավոր մոռացության տալով այն փաստը, որ երկրի ներսում բարիկադներ քաշել են հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ միայն այդ ճանապարհով կարողանալով ապահովել փոքրամասնաության՝ օլիգարխիայի, իրենց իշխանութոյւնը։ Կարո՞ղ են հարգարժան պատգամավորներն իրենց կառավարման քսանամյակում նշել գեթ մեկ ընտրություն, որը երկրի ներսում չի առաջացրել բաժանարար գծեր, էլ չենք ասում այն մասին, որ բաժանարար գծերից խոսելու բարոյական իրավունք չունի մի քաղաքական ուժ, որի իշխանությունը հաստատվել է Հայաստանի գնդակահարված քաղաքացիների դիակների վրայով։ Հեղափոխությունը կոնսոլիդացրեց Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությանը ու կասկածից վեր է, որ Երևանի ավագանու ու խորհրդարանի առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու նույն տրամաբանությամբ։

Մի՛ ստեղծեք նոր բաժանարար գծեր, պարոնա՛յք: Քանդե՛ք արդեն իսկ լիուլի ստեղծածները՝ վերջում կոչ են անում պատգամավորները, սակայն այդ հորդորն առաջին հերթին պետք է հասցեագրել հենց իրենց։ Եթե հակահեղափոխությունը դադարի անիմաստ դիմադրությունը ու անարդյունավետ պատերազմը ժամանակի հետ, նոր կառավարության գործունեությունը շատ ավելի ռացիոնալ կդառնա՝ ծնելով իրական ընդդիմություն, որի հայացքն ուղղված կլինի ոչ թե անցյալին, այլ՝ ապագային։

Հիմա տպավորություն է, որ ներկայի հետ կռիվ է տալիս անցյալի ուրվականը։

Հոդվածը՝ Առաջին լրատվականի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *