Քաղաքականություն

Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը

Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը:

Ինչպես «Մունետիկ» լրատվականին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, ով ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: 

Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարեւոր եւ օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային եւ հոգեւոր կառույցների, բարերարների եւ հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռեւս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կյանքում:

Սակայն պարզ է նաեւ, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական եւ կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը եւ կշիռը: 

Եւ իզուր չէ, որ Հանրապետության նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ս/թ մայիսի 25-ի նիստի ժամանակ երեք ամիս ժամանակ էր տվել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ:

Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը եւ դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրավերներին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *