Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ընթացքում Մարզահամերգային համալիրի մոտ հավաքվել էին հասարակական ու քաղաքական գործիչներ, քաղաքացիներ իրենց բողոքն արտահայտելու՝ ընդդեմ Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորների։
Ակցիային մասնակցում էին ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը և այլք։
Ակցիայի մասնակիցները ելույթներ ունեցան՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո անընդունելի է ադրբեջանցի պատվիրակներին Հայաստանում ընդունելը։
Արցախցի պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էր ժողովրդավարության բաստիոն համարվող Եվրոպան 44 օր լռում, երբ սպանում և սպանդի էին ենթարկում մի ողջ ժողովրդի։ Մետաքսյա Հակոբյանը միջազգային գործընկերներին կոչ արեց բացել աչքերը և Ադրբեջանից պահանջել վերադարձնել հայ ռազմագերիներին։
Լարիսա Ալավերդյանն էլ անդրադառնալով 44-օրյա պատերազմին նշեց, որ դա պատերազմ չէր, այլ ագրեսիա էր, որն ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիաներով։ Ալավերդյանը մեղադրեց գործող իշխանությանը՝ նշելով, որ օրվա իշխանությունները շարունակում են սպասարկել ադրբեջանի ցեղասպանական գործողություններին։
Ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին՝<<առանց թուրքի Հայաստան»․․․
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իր համար այսօր դժվար է խոսել, որովհետև ինքը դեժավյու է ապրում, ապա հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ ինքը Բաքվում մասնակցում էր Եվրանեթսի հերթական նիստին, ադրբեջանցիները ինչպես էին իրենց վրա քարեր նետում և գոռում՝ «արմյանշկա»։
Զոհրաբյանը նկատում է, որ անկախ ամեն ինչից իրենք գլուխները բարձր մտնում էին Բաքվի Միլլիմեջլիս և իր բառերով ասած՝ «այնտեղ վերընկած էր Իլհամ Ալիևը։ Եվ կապ չունի մենք՝ իշխանական, թե ընդդիմադիր միասնական էինք։ Հայկական պատվիրակությունը, երբ Ալիևն ասաց՝ ահա այստեղ նստած են իմ պապերի գերազմանները պղծողները, մենք Իլհամ Ալիևի երեսին հենց Միլլիմեջլիսում ասացինք, որ ինքը ցեղասպան է, որ ինքը հանցագործ է»։
Հիշեցնենք նմանօրինակ ակցիա տեղի ունեցավ նաև երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ ՀՀ քաղաքացիները դատապարտում էին ադրբեջանցի պատվիրակների մուտքը Հայաստան։
0 Մեկնաբանություն