ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության օրինագծի ընդունումը, դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց են տալիս, որ հանրության և խորհրդարանի միջև խզումը շատ զգայուն է և այն կարող է ամեն պահի պայթել: «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում:
«Հոկտեմբերի 2-ի նախագիծն ինքնին, դեպքերի զարգացման տրամաբանությունը ցույց են տալիս, որ հանրության և խորհրդարանի միջև խզումն այնքան զգայուն է, որ ցանկացած նման իրավիճակներում կարող է պայթել: Մյուս կողմից ակնհայտ է, որ այս նախագիծը բերվեց շատ հապճեպ․այն ոչ թափանցիկ էր թե խորհրդարանական մյուս խմբակցությունների, թե մամուլի հանդեպ: Միայն նախորդ օրը պետաիրավական հանձնաժողովում էր քննարկվել, կառավարության ներկայացուցիչը ևս չէր հասցրել դիտարկումները պատշաճ ներկայացնել»,-ասաց Կոնջորյանը:
Նրա կարծիքով՝ դա նշանակում է, որ ԱԺ-ում ստվերային իշխանություն կա: Եվ այդ ստվերային իշխանությունը բերում է ստվերային օրենքների փաթեթներ, որոնք թափանցիկ չեն հանրության համար և խորացնում են քաղաքական ճգնաժամը: Կոնջորյանի կարծիքով՝ նաև դրանից ելնելով շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ լինեն խորհրդարանական ընտրությունները:
Հիշեցնեք, որ հոկտեմբերի երկուսի երեկոյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Ելք»-ը դրան դեմ էր արտահայտվել` որակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելու փորձ: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հանրահավաք անցկացրեց, հետո վարչապետը հանդիպում ունեցավ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում: Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը առաջարկել էր ստորագրել հուշագիր, որ իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
0 Մեկնաբանություն