Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունել է վիճահարույց նախագիծը. Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա

Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- նշել է Շարմազանովը:

Ի դեպ, Նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրել է պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվել է քվեարկել ձեռքով։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնել է, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Հարցին՝ ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծել է, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ:

«Այս օրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ քվեարկությունից հետո նիստերի դահլիճում վիճաբանություն է սկսվել, ինչը, սակայն, լրագրողների համար լսելի չէր, քանի որ խոսափողներն անջատված էին: Լրագրողները մուտք են գործել նիստերի դահլիճ: Պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը նշել են, որ տեղի ունեցածն ակնհայտ ապօրինություն է, քանի որ քվեարկությունն անցկացվել է առանց քարտերի ու առանց նիստի ուղիղ հեռարձակման։

«Սա դեռ օրենքում փոփոխությունների ընդունում չէ, քանի որ այն պետք է ստորագրվի նախագահի կողմից մինչև ուժի մեջ մտնելը»,- նշել է Էդմոն Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ելույթ կունենա Բաղրամյան պողոտայում:

«Քիչ անց Բաղրամյան պողոտայում, ԱԺ դիմաց, ԳԱԱ հարթակից ելույթ կունենամ», – գրել է նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *