Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանում եռացող իրավիճակի եւ տասը տարվա վաղեմության դեպքերի հետաքննության մասին հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջիկա հանդիպման ժամանակ՝ բացատրություն պահանջողը պետք է հայկական կողմը լինի:
«Ռուսաստանը պետք է բացատրություններ տա հայ ժողովրդին, թե այդ ինչպես է պատահել, որ նախկինում, երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակում էր ՀՀ պաշտպանության նախարար, ինքը ձայն չի հանել, որ իր քաղաքացին դառնում է օտար պետության պաշտպանության նախարար»,- ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ Փաշինյանը Պուտինին համոզիչ փաստարկներ կներկայացնի, որ Մարտի Մեկի գործի բացահայտումը քաղական գործընթաց չէ:
«Դա արդարադատության իրականացման հարց է, դա վաղեմությունը անցած գործի քննություն չէ, Մարտի Մեկը որևէ կերպ չի դասվում այն հանցագործությունների շարքին, որի վաղեմությունը կարող է տասը տարի հետո անցնել, եւ ավելին՝ սա ՀՀ հասարակության պահանջն է, ի վերջո բացահայտել Հայաստանում անբացահայտելի մնացած ծանրագույն հանցագործությունները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:
Քաղաքագետը կարծում է, որ չպետք է անտեսել ռուսական կողմի անհանգստությունը: Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՏՄ մյուս երկրների համար Հայաստանում տեղի ունեցածը նախադեպ կլինի:
«Մենք պետք է փորձենք հասկանալ ռուսական կողմի մտահոգությունը, եւ բոլոր մակարդակներում՝ կլինի փորձագիտական դաշտերում, կլինի դիվանագիտական խողովակներով, թե կլինի առաջին դեմքերի մակարդակում, փարատվեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կան Ռուսաստանում, ի վերջո՝ մենք այսօր այս վիճակն ունենք այն պատճառով, որ նախկինում անտեսել ենք այդ մտահոգությունները եւ ռուսական կողմն ինքն է անտեսել, թե ինչ մտահոգություններ ն ունի հայկական կողմը: Նիկոլ Փաշինյանը փորձում է ըստ էության փրկել հարաբերությունների գահավիժումը»:
Ռուսաստանի Արտգործնախարարը կարող է չանհանգստանալ, թե Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-Ի շրջանակում ստանձնած պարտավորությունները թերի կկատարի: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ Հայաստանը կատարելու է բոլոր պարտավորությունները։
0 Մեկնաբանություն