«Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու տարբերակները շատ են՝ կարելի է գնալ և՛ «Ելք» դաշինքով, և՛ առանձին-առանձին: Նախընտրելի է, որ եղած ֆորմատը պահպանվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այդ հարցով դեռևս քննարկումներ չեն եղել:
Նրա կարծիքով՝ մոտակա երկու շաբաթվա ընթացքում կլինի քննարկում, և կկայացվի որոշում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին և դրան հետևող զարգացումներին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես գիտեմ, որ բոլոր ուղղությունների վերաբերյալ միանշանակ կա ԵՄ աջակցությունը»:
Մարուքյանը կարծում է, որ այցն ունի կապիտալիզացվելու հնարավորություն, և Եվրամիության աջակցությունը շատ կարևոր է լինելու Հայաստանում թե՛ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, թե՛ նաև իրականացվելիք բարեփոխումների առումով. «Կարծում եմ՝ բավականին ներկայացուցչական այց է եղել Բրյուսել, բավականին լուրջ հանդիպումներ են տեղի ունեցել, բայց դրանց խութերի մասին մենք ծանոթ չենք»:
0 Մեկնաբանություն