Քաղաքականություն

Չեմ կարծում, որ ես մեղավոր եմ. Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008 թվականի մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարն էր։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ժամանակ, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, հատկապես Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, դրանից հետո Աբգարյանի մայրը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էր, որ Քորյանից հետո իր որդու մահվան համար պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Գրիգոր Գրիգորյանը։

«Ես չեմ կարծում, որ ես կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»,- ասաց նա։

Մեր հաջորդ հարցին՝ իրեն այդ օրը վերադասից՝ Ռոբերտ Քոչարյանից կրակելու հրաման տրվել է, թե ոչ, Գրիգորյանը չափազանց ագրեսիվ, գրեթե գոռալով ասաց՝ ոչ։

Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ պետի պնդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք վերվել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից Ռոբերտ Քոչարյանի հայտնի պնդումից հետո, թե արդեն զոհեր կան, որպեսզի հիմնավորվի երկրորդ նախագահի խոսքը և ինքը Աբգարյանի սպանության պահին եղել է նրա կողքին, նույն տարածքում, Գրիգորյանը կրկին վրդովվեց՝ հայտարարելով, որ ինքը Մարտի 1-ի հետ կապված հարցերի չի պատասխանելու։

Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանին առայժմ Մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք չկա առաջադրված։ Նա գործի շրջանակներում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, որը հետո ինքը՝ Գրիգորյանը հերքել էր։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *