Գլխավոր դատախազության՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը մերժելը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սկզբունքային և կարծր դիրքորոշում է համարում, իսկ պատգամավորների ստորագրահավաքը՝ զուտ քաղաքական մոտեցում։
«Քոչարյանի կալանքը քաղաքականացնելը ոչ ոքի պետք չէ, պատգամավորների ստորագրահավաքն էլ ոչ մի արժեք չունի, դա ընդամենը իրենց հարազատին պաշտպանելու, իրավիճակից փրկելու գործունեություն էր» , – նշեց Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանին զարմացրել է հատկապես Հանրապետական կանանց ներկայությունը այդ ցուցակում։ «Այնքան քաղաքական են այդ տիկնայք, որ չեն հիշում զոհեր, ընտանիքներ, բազմաթիվ ծեծուջարդված մարդիկ և նրանք այս պարագայում որպես կին հանդես չեն գալիս, հանդես են գալիս որպես «թունդ» հանրապետական դիրքորոշում ունեցող կանայք»։
Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ գործընթացը պետք է ձերբազատվի քաղաքական քողից և բռնի իրավական ուղի, որտեղ կկարևորվեն եղած ապացույցներն ու հիմքերը։ «Գոյություն ունի իրողություն, որը փոխել անհնար է, բաներ որոնք տեսել են մարդիկ, կարծում եմ քրեական գործը մեծ ծավալերի է վերածվելու և առաջ է մղվելու։ Չեմ կարծում, որ Քոչարյանը դուրս կպրծնի այս իրավիճակից», – նշեց իրավապաշտպանը։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է նրա իշխանության տարիները։ «Ժամանակին պետությունը հենց Ռոբերտ Քոչարյանն էր, ով խախտում էր մարդու իրավունքները կոպտագույն ձևով, պետությունը Ռոբերտ Քոչարյանը նույնացնում էր ինքն իր հետ, իր անձի հետ, միակ տղամարդու կարգավիճակի հետ»։
Իրավապաշտպանի աչքի առաջ է 2008 թ. գարնան առաջին լուսաբանը։ «Մարտի 1-ի վաղ առավոտյան ես տեսել եմ արյան լճակները, որ գոյացել էր մարդկանց ծեծուջարդ անելուց, դրա հրաման արձակողը Ռոբերտ Քոչարյանն էր։ Եվ այդ մարդիկ դեռ լիարժեքորեն չեն պաշտապանել իրենց իրավունքները, մինչև հիմա 10 զոհերի ընտանիքների իրավունքները պաշտպանված չեն»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքներին, Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ երբ նույն փաստաբանը հնչեղ այլ գործերով հանրային մեծ աջակցություն էր ստանում, Քոչարյանի դեպքում չի կարող ստանալ նույնը, և նա պետք է պատրաստ լինի դիմակայելու այդպիսի խնդիրներին։
0 Մեկնաբանություն