Հայաստանում հեղափոխություն իրականացրած սերունդը «գժերի» սերունդ է, որը ռաբիս չի լսում, ռոք լսող, IT ոլորտում զբաղված, գրագետ սերունդ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց դերասան Սերգեյ Դանիելյանը: «Այս սերունդը շատ գործ ունի անելու»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքը շատ է սիրում այդ սերնդին:
Հարցին՝ ի՞նչ չհաջողվեց անել իրենց սերնդին, դերասանը պատասխանեց. «Իմ սերունդը թերարժեքության կոմպլեքս ունեցող, կաղապարված, քառակուսի մի սերունդ է, որոնց միջից մի քանիսը կարողացան գոնե պատերազմը կիսատ-պռատ հաղթել, իսկ մնացածը տանուլ տվեցին ամեն ինչ. դրանք նախկին կոմսոմոլի քարտուղարներն են, կուսակցական աշխատողները, որոնք միշտ սպասում են, որ վերևից ասեն՝ ինչ է պետք անել, և միշտ աչքներն ուրիշի գրպանին են»:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանին նմանակելու հանրային արձագանքներին, Սերգեյ Դանիելյանը նշեց. «Հեղափոխությունը ամբողջ ժողովրդի մենաշնորհն է, ամբողջ ժողովուրդը այդ հեղափոխության տերն է, իսկ ժողովուրդը բաղկացած է տարբեր շերտերից: Ներկայացումներիս ես կարող եմ ֆեյս-կանտրոլ անել և այդ մարդկանց չթողնել, բայց մեդիա-դաշտում չես կարող սելեկցիա անել»:
Իսկ թե ինչու այլևս չի նմանակում վարչապետին, դերասանն ասաց. «Նախ՝ էլ չի հազում այդ մարդը, ի՞նչը նմանակես: Խարիզմա ունեցող մի մարդ էլ չի, որ ամեն անգամ բռնես ու սկսես դրա վրա կառուցել ինչ-որ բան: Իսկ նախորդների մեջ այնքան օդիոզ կերպարներ կային, որ դա բերրի դաշտ էր. բոլորը Կուստուրիցայի քաստինգն անցած պերսոնաժներ էին»:
Ինչ վերաբերում է այսօրվա կառավարության գնահատականին, Սերգեյ Դանիելյանը նկատեց, որ իշխանության գալով՝ Սաակաշվիլին 3-4 անգամ փոխեց իր ամբողջ կաբինետը. «Այսինքն՝ ոչ ոք Նիկոլ Փաշինյանի հետ զագս չի ընկել, որ չկարողանա փոխել. դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է ունենա քաղաքական կամք: Ես համոզված եմ, որ նա կունենա այդ կամքը. նա ծնողից էլ կհրաժարվի հանուն հայրենիքի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն